Մեր մասին

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007թ-ին։ Կազմակերպությունն իր շահառուներին և հասարակությանն առավել հայտնի է որպես Փինք Արմենիա։ Փինքը ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությանը։

Կազմակերպության գործունեության առաջին իսկ օրվանից՝ Փինք Արմենիան նախաձեռնել և իրականացրել է տարբեր միջոցառումներ և ծրագրեր՝ բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, դրանց կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև այնպիսի գործողություններ, որոնք խթանում են անվտանգ սեռական հարաբերություններ և վարքագիծ։ Հետագայում կազմակերպության գործունեությունը և ծառայությունների տրամադրման ոլորտն ընդլայնվեց՝ կազմակերպության օրակարգում ներառելով մարդու իրավունքների և դրանց պաշտպանության հիմնահարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ ԼԳԲՏ համայնքի այն ներկայացուցիչներին, ում իրավունքները ոտնահարվել են սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և/կամ գենդերային արտահայտման հիմքով։ Ավելին, կազմակերպությունը ներկայացնում է ԼԳԲՏ անձանց կարիքներն ու շահերը, ինչպես նաև ջատագովում այդ խնդիրների լուծումն ու իրավական պաշտպանվածությունը տեղական, պետական, ինչպես նաև միջազգային մակարդակներում։

Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում կազմակերպությունը խրախուսում և խթանում է հավասարության, խոցելի խմբերի ընդունման գաղափարները, նվազեցնում է ցանկացած հիմքով խտրականության արտահայտումը՝ հաստատելով մշակութային զգայունության և բազմազանության նկատմամբ հարգանքի միջավայր։

16 տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով։ Փինքը փոքր տեղական կազմակերպությունից վերաճել է միջազգայնորեն ճանաչված և վստահելի կազմակերպության։ Կազմակերպությունը հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի, գենդերային հիմնահարցերի բնագավառներում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Փինքի գրասենյակները՝ համայնքային կենտրոնը և վարչական գրասենյակը, տեղակայված են Երևանում, սակայն կազմակերպությունը տրամադրում է տարածքի և ժամանակի մեջ հասանելի ծառայություններ աջակցության և օժանդակության կարիք ունեցող ցանկացած անհատի։

Փինք Արմենիան, իր անձնակազմն ու անդամները, ակտիվ սոցիալական խումբ են և ներգրավված են Հայաստանում տարբեր քաղաքացիական, քաղաքական և մշակութային նախաձեռնություններում և շարժումներում, որոնք անդրադառնում են Հայաստանի ժողովրդավարական աճն ապահովող բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրների։

Տեսլական

Հասարակություն, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված են և յուրաքանչյուր ոք ընդունված է՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։

Արժեքներ

Բազմազանություն
Հավասարություն
Ապահովություն

Առաքելություն

Ստեղծել ապահով միջավայր ԼԳԲՏ անձանց համար՝ խթանելով նրանց բարեկեցությունը և պաշտպանվածությունը կյանքի բոլոր ոլորտներում:
ԼԳԲՏ անձինք առօրյա կյանքում ենթարկվում են արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական բռնության, կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ոտնահարվում են մարդու իրավունքները:

Յուրաքանչյուր ոք ծնվում է ազատ և հավասար՝ անկախ որևէ հատկանիշից՝ ներառյալ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ գենդերային արտահայտումից։

Այս առաքելությամբ Փինք Արմենիան նպատակ է հետապնդում հասնել ԼԳԲՏ անձանց իրավունքների ամբողջական պաշտպանվածությանը և օրենքի առաջ հավասարությանը մեր երկրում՝ հզորացնելով ԼԳԲՏ անձանց կարողությունները, ազդելով որոշում կայացնողների քաղաքականության, ինչպես նաև հասարակության մոտեցումների վրա։