Ցանցեր և կոալիցիաներ

Երկար տարիների աշխատանքի արդյունքում կազմակերպությանը հաջողվել է աչքի ընկնել իր թափանցիկ, բաց և նվիրյալ աշխատանքով: Այն հաստատել է կայուն համագործակցություն սեռական առողջության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։

Այս պահին Փինքը հանդիսանում է մի շարք տեղական և միջազգային ցանցերի և կոալիցիաների անդամ։

Փինքը Մարդու իրավունքների տուն Երևանի հիմնադիրներից է, որը հանդիսանում է «Հյուման ռայթս հաուս» միջազգային իրավապաշտպան ցանցի անդամ: Մարդու իրավունքների տուն Երևանն իր հարկի տակ միավորում է 5 կազմակերպություն։ Այս ցանցի նպատակն է լինել անվտանգ, մատչելի և ընդհանուր տարածք ակտիվիստների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, շարժումների, քաղաքացիական նախաձեռնությունների և իրավապաշտպանների համար, ովքեր հաճախ թրախավորվում են իրենց կատարած աշխատանքի համար:

2010 թվականին յոթ ՀԿ-ներ, ներառյալ Փինքը, կազմավորեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը ձևավորվեց ընտանեկան բռնության զոհ` քսանամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Կոալիցիայի ստեղծման հիմքում հիմնադիր կազմակերպությունների պահանջներն էին՝ արդար դատավարություն և նման դեպքերի կանխում, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում: Կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանմ միջոցով։

2017 թվականին Փինք Արմենիան դառնում է Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի անդամ, որը միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։

Կազմակերպությունը հանդիասնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ: Միջոցառումների համակարգող հանձնաժողովը կենտրոնական նշանակություն ունի Գլոբալ Հիմնադրամների գործունեության և որոշումների կայացման գործընթացում: Միջոցառումների համակարգող հանձնաժողովում ներգրավված են ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր սեկտորից ներկայացուցիչներ, կառավարությունից ներկայացուցիչներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ, ակադեմիական ինստիտուտներ, ինչպես նաև տվյալ հիվանդություններով ապրող անձինք: Նախկինում կազմակերպությունը ՄՀՀ անդամ է եղել 2012-2015 թթ․-ին։

Այժմ կազմակերպության ներկայացուցիչը հանդիսանում է նաև ՄՀՀ մի շարք աշխատանքային խմբերի անդամ, այդ թվում՝ ՄՀՀ Վերահսկող մարմնի և «Համայնքների ներգրավածություն, մարդու իրավունքներ, գենդերային հավասարություն» աշխատանքային խումբի։

2011 թվականից կազմակերպությունը Իլգա Վորլդի և Իլգա Եվրոպայի անդամ է: Իլգա Վորլդը 1978 թ․-ից ի վեր համախմբում է ավելի քան 1700 անդամ կազմակերպություններ 160 երկրներից և տարածքներից, որոնք պայքարում են լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս և ինտերսեքս անձանց իրավունքների համար: Իլգա Եվրոպան աշխատում է լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) անձանց իրավունքների և հավասարության համար Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

Իլգա Եվրոպան աշխատում է հանուն յուրաքանչյուր ԼԳԲՏԻ անձ ազատության, հավասարության և ապահովության՝ ռեսուրսներ տրամադրելով և կապելով համայնքները, խթանելով քաղաքական փոփոխությունները և լսելի դարձնելով ձայները, և ձգտում է կայունություն ապահովել ակտիվիստների և կազմակերպությունների համար, հատկապես ծանր ժամանակներում։

2014 թվականին Փինքը դառնում է ԼԳԲՏ+ հավասարության արևելյան Եվրոպայի կոալիցիայի անդամ, որը ԼԳԲՏ+ կազմակերպությունների ցանց է բաղկացած Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Ռուսաստանից, որը հիմնականում կենտրոնացած է համայնքի հետ աշխատելու վրա և ձգտում է բարելավել ԼԳԲՏ+ մարդկանց և խնդիրների իրավիճակը իրենց երկրներում և տարածաշրջանում: Կոալիցիան աշխատանքներ է տանում ԼԳԲՏ+ շարժման ներուժի ամրապնդման և ԼԳԲՏ+ համայնքի իրավիճակը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ, տեղեկատվություն է տարածում ԼԳԲՏ+ համայնքի իրավիճակի մասին և աջակցում է տարածաշրջանում ԼԳԲՏ+ ակտիվիստներին:

Կազմակերպությունը հանդիսանում է նաև ՁԻԱՀ–ի Եվրոպական շարժման անդամ, որը հիմնադրվել է 2004 թ-ին և դարձել է ՄԻԱՎ-ին առնչվող տարածաշրջանային ամենամեծ ցանցերից մեկը: Այս ցանցը անցնում է Եվրոպայի Միության սահմաններից այն կողմ և ընդգրկում է մոտ 50 երկրներ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Ցանցի անդամներ են հանդիսանում ավելի քան 400 բազմապիսի հասարակական կազմակերպություններ, ազգային ցանցեր, ՁԻԱՀ-ի խնդրի առնչությամբ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ակտիվիստներ և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համայնքային խմբեր:

2013 թ․-ից Փինքը Յունայթեդ միջմշակութային գործողությունների ցանցի մի մասն է: Այն եվրոպական ցանց է, որը պայքարում է ընդդեմ ազգայնականության, ռասիզմի, ֆաշիզմի և աջակցում է միգրանտներին, փախստականներին և փոքրամասնություններին: Յունայթեդը համակարգում, աջակցում և հզորացնում է ցանցի անդամ 560 կազմակերպությունների գործունեությունը ամբողջ Եվրոպայում: Յունայթեդը համակարգում է արշավներ, կազմակերպում է կոնֆերանսներ, մասնակցում է նախագծերին, հրատարակումներ է անում և իրականացնում է քարոզարշավներ՝ պայքարելու խտրականության դեմ և խթանելու մեր ընդհանուր տեսլականը՝ հանուն բազմազան և ներառական հասարակության։

2016 թվականից Փինքն անդամակցում է Առողջության, իրավունքների, գենդերային և սեռական բազմազանության Եվրասիական կոալիցիային (ECOM), որն աշխատում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այն տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություններ ունեն տղամարդկանց (ՏՍՏ) հետ և տրանսգենդեր մարդկանց համար հասանելի լինեն սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում նպատակային և մարդու իրավունքների ապահովման վրա հիմնված ծառայությունների մատուցումը, ներառյալ՝ ՄԻԱՎ-ի կանխարգելումը, բուժումը, խնամքը և աջակցությունը։

Փինք Արմենիան աշխատում է միջազգային այլ մարմինների հետ և ներկայացնում զեկույցներ, որոնք վերաբերում են Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակին, ինչպիսիք են Համընդհանուր պարբերական դիտարկումը (ՀՊԴ)/UPR, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր/ICCPR, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ժՀՄԻԳ)/ODIHR, ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների երկխոսությունը, Եվրոպական հանձնաժողով ընդդեմ ռասիզմի և անհանդուրժողականության /ECRI, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, ՄԱԿ-ի անկախ փորձագետները:

 

Փինքը հանդիսացել է մի շարք ցանցերի և կոալիցիաների անդամ, որոնք այս պահին այլևս չեն գործում։

2009-2015 թթ․ Փինքը հանդիսացել է Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամ, որը միավորում էր 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից: Ցանցը ձգտում էր Հարավային Կովկասում օժանդակել իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայրի ստեղծմանը և ամրապնդել նրանց ձայները տարածաշրջանում և միջազգային ասպարեզում:

Հայաստանում սեռական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Փինք Արմենիան իրականացրել է տարաբնույթ հանրային և հասարակական միջոցառումներ և´ Երևանում, և´ Հայաստանի տարածաշրջաններում: Գործընկերների միջև նման ամուր համագործակցությունը հիմք էր հանդիսացել ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խմբի ստեղծման համար: Դրա նախաձեռնողներն են եղել «Փինք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ները: Խումբը նպատակ է ունեցել նախաձեռնել համատեղ գործողություններ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և իրավունքների ջատագովման համար, ինչպես նաև սևեռել հանրային ուշադրությունը սեռական առողջության խնդիրների վրա:

 

2011-2014 թթ․ Փինք Արմենիան հանդիսացել է Հոմոֆոբիայի դեմ պայքարի տարածաշրջանային ցանցի անդամ: Այն նպատակ է հետապնդել ստեղծել ԼԳԲՏ ցանց հոմոֆոբիայի դեմ պայքարի համար, որը կներառի միջին ասիական, կովկասյան և բալկանյան երկրներ: Ցանցի նպատակն է եղել տարածաշրջանում ապահովել հասարակական, մշակութային և քաղաքական կյանքի մի մակարդակ, որի պարագայում ԼԳԲՏ մարդիկ կարող են ինքնարտահայտվել և ապրել առանց թաքնվելու: Ավելին, Ցանցը նպատակ է հետապնդել տարածաշրջանային միասնականության միջոցով ԼԳԲՏ անձանց և գործող կազմակերպություններին առավել զորացնել: Այն նաև փորձում էր հասնել ԶԼՄ-ների կողմից ատելություն տարածող և ազգայնականություն բորբոքող, խտրական, ռազմատենչ, սեքսիստական և հոմոֆոբ լեզվի փոփոխմանը, և խաղաղասեր ԶԼՄ-ների զարգացմանը:

 

2012թ-ին Փինք Արմենիան դարձել է նաև ՀՀ Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի էթիկայի կոմիտեի անդամ։