Գենդեր և գենդերային ինքնություն

Գենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր» անունով աշխատությունում (Ստոլլեր 1968): «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության»և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր:

Գենդերը մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումն է և փորձը, նաև հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց դերերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Գենդերը կապված է հասարակության ակնկալիքների հետ և լոկ կենսաբանական հարց չէ:

Գենդերն, այլ խոսքերով, հասարակական կամ սոցիալական սեռն է, որն ավելին է, քան կենսաբանական սեռը: Շատ մշակույթներում հասարակության սպասումները հետևյալն են` իգական սեռի անհատները պետք է իրենց գենդերով աղջիկ, հետագայում էլ կին լինեն, իսկ արական սեռի անհատները` տղա, հետո էլ` տղամարդ: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչով ծնվում ենք, ապա գենդերն այն է, ինչը ձեռք ենք բերում տվյալ մշակույթում` ելնելով սեփական կենսաբանական սեռից, սեռային ինքնությունից, նաև տվյալ մշակույթի վերաբերմունքից, կարծրատիպերից ու պահանջներից: Այսպիսով, գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Ի գիտություն. գենդերը սահմանվում է մշակույթով: Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի կրքոտ, վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն: Նույնը և կանանց նկատմամբ: Եթե որոշ մշակույթներում առաքինություն է համարվում կնոջ` մինչև ամուսնությունը կույս լինելը, և խիստ պահպանողականները չեն ամուսնանում կուսազրկվածների հետ, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները ևս պաշտպանվում են, կինն ու տղամարդը կարող են մինչամուսնական հարաբերություններ ունենալ (այդ թվում` սեռական համատեղ կյանք) և միայն դրանից հետո որոշել` ամուսնանու՞մ են, թե՞ ոչ: Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընդհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում:

Գենդերային ինքնությունն այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Այն անհատները, որոնք իրենց գենդերային ինքնությամբ ու գենդերային դերով համապատասխանում են սոցիալական ակնկալիքներին ու տվյալ մշակույթում իշխող գենդերային կարծրատիպերին, կոչվում են ցիսգենդեր: Օրինակ, եթե կենսաբանորեն արական սեռի անհատն իր սեռային ինքնությամբ արական սեռի է, իր գենդերային ինքնությամբ իրեն համարում է տղամարդ և իր գենդերային դերով էլ հանդես է գալիս որպես տղամարդ, ապա նա ցիսգենդեր է։

Ցիսգենդերն այն անհատն է, որի գենդերային ինքնությունը և գենդերային արտահայտումը համապատասխանում են ծննդյան ժամանակ հաստատված սեռին և իր գենդերի հետ կապված սոցիալական սպասելիքներին:

Իսկ նրանք, ովքեր անհամապատասխանություն ունեն իրենց կենսաբանական սեռի, սեռային և գենդերային ինքնության և գենդերային դերի ու հասարակական ակնկալիքների հետ և հանդես չեն գալիս այն գենդերային դերով, որն իրենցից ակնկալվում է, կոչվում են տրանսգենդեր: Այսինքն` տրանսգենդերն այն անհատն է, որի գենդերային ինքնությունը տարբերվում է տվյալ հասարակության մեջ ընդունված «կին» կամ «տղամարդ» գենդերային դերերից, և որն ապրում ու հասարակայնորեն հանդես է գալիս ծննդյան ժամանակ նրան տրված գենդերից տարբերվող գենդերով:

Տրանսգենդեր անձն այն անհատն է, որը ժամանակավորապես կամ մշտապես իրեն նույնականացնում է ծննդյան ժամանակ հաստատված գենդերից տարբերվող գենդերի հետ: Վերաբերում է այն անձանց, որոնք մշտապես ապրում են իրենց նախընտրած գենդերին համապատասխան, իսկ բժշկական միջամտության ենթարկվելը պարտադիր պայման չէ:

Բացի կին և տղամարդ գենդերային ինքնություններից, աշխարհի բազմաթիվ հասարակություններում կան նաև այլ գենդերային ինքնություններ` հիջրաները (Հնդկաստան), բիսուները, չալալայներն ու չալաբայները (Ինդոնեզիա), ֆա’աֆաֆինները (Սամոա), մահուները (Պոլինեզիա), «երկու հոգի ունեցողները» (Ամերիկայի բնիկների մոտ) և այլն: Այսինքն, բոլոր վերոնշյալ և այլ մշակույթներում հասարակությունն ընդունում է, որ կան ոչ միայն կին ու տղամարդ գենդերներ, այլև այլ գենդերային ինքնություն ունեցող անհատներ` տրանս կամ տրանսգենդեր մարդիկ: Գենդերային կանոնները երբեմն թելադրում են ոչ միայն համընդհանուր մշակույթները, այլև ենթամշակույթները:

Որոշ տրանս կամ տրանսգենդեր անձանց դեպքում (գործածությունից դուրս եկող եզրը՝ տրանսսեքսուալ) կարող է ոչ միայն գենդերային ինքնությունը չհամապատասպանել ծննդյան ժամանակ վերագրված գենդերին, այլև նրանք կարող են նշանակալի անհարմարություն ունենալ իրենց կենսաբանական սեռի՝ առաջնային ու երկրորդային սեռային հատկանիշների հետ։ Օրինակ, եթե անհատը կենսաբանական սեռով արական սեռի է, սակայն գտնում է, որ ինքը «սխալ» սեռի մարմնում է ծնվել և ցանկանում է իգական սեռի լինել, ապա նա ունի անհարմարություն սեփական սեռի հետ: Նմանապես, իգական սեռի այն անհատը, որը զգում է, որ արական սեռ պետք է ունենա, նույնպես ունի անհարմարություն իր սեռի հետ: Նման անհատներն ունեն երկընտրանք` համակերպվել սեփական մարմնի հետ կամ փոփոխել այն: Դա անհատի ընտրությունն է, և ցանկության դեպքում հնարավոր է նաև փոփոխել մարմինը վիրահատությունների միջոցով՝ մարմնի հետ կապված նշանակալի անհարմարության զգացումն իջեցնելու համար:

Տրանս անձն այն անհատն է, որը լիովին նույնականանում է հաստատված սեռին չհամապատասխանող գենդերային դերին և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով: Այն կարող է ուղեկցվել սեփական առաջնային և երկրորդային սեռային հատկանիշների ուժեղ մերժմամբ և նախընտրած գենդերին բնորոշ մարմնին համապատասխանեցման ցանկությամբ: Տրանս անհատը ցանկանում է կամ իրականցնում է սոցիալական փոփոխություն արականից իգական կամ իգականից արական, որը բազմաթիվ, բայց ոչ բոլոր դեպքերում, ներառում է նաև սոմատիկ փոփոխություն հորմոնային թերապիայի միջոցով և սեռական օրգանների վիրահատությամբ («սեռի փոփոխության վիրահատություն»):

Բազմաթիվ մշակույթներում և կրոնական ավանդույթներում գենդերն ընկալվում է որպես բինար (երկբևեռ) համակարգ, որի բևեռներում կնոջ և տղամարդու իրարամերժ կատեգորիաներն են: Գենդերի նկատմամբ նման մոտեցումը ենթադրում է, որ գենդերը միշտ համապատասխանում է տվյալ անձի կենսաբանական սեռին։ Այդուհանդերձ, ինչպես տրանս անձանց օրինակները ցույց են տալիս, նման համապատասխանությունը միշտ չէ, որ գործում է: Ոչ նորմատիվ գենդերային ինքնություն ունեցող անձինք հաճախ իրենց տեղավորում են գենդերի բինարությունից ընդհանրապես դուրս։ Որոշ տրանս անձինք չեն կարողանում իրենց տեղավորել «կա՛մ կին», «կա՛մ տղամարդ» հրամայականի մեջ, քանի որ իրենց կամ չեն ասոցացնում ո՛չ կնոջ, ո՛չ տղամարդու հետ, կամ ասոցացնում են միևնույն ժամանակ երկու կատեգորիաների հետ, կամ էլ ընդհանրապես մերժում են գենդերի բինար համակարգը՝ իրենց փորձառությունից ու զգացողություններից ելնելով։

Ոչ բինար եզրույթն օգտագործվում է բնորոշելու այն մարդկանց, որոնց գենդերային ինքնությունը և/կամ գենդերային արտահայտումը պայմանական արական և իգական կատեգորիաների սահմաններից դուրս է: Նրանք կարող են իրենց գենդերը սահմանել որպես տղամարդու և կնոջ միջինացված գենդեր, կամ կարող են այն սահմանել այս եզրույթներից լիովին տարբերվող կերպով: Այս եզրույթը հոմանիշ չէ տրանս եզրույթին և պետք է օգտագործվի միայն այն դեպքում, եթե որևէ մեկն իրեն նույնականացնում է որպես ոչ բինար անձ։

Գոյություն ունի նաև «գենդերին չհամապատասխանող» (gender non-conforming) եզրույթ, որն օգտագործվում է նկարագրելու այն մարդկանց, որոնց գենդերային արտահայտումը տարբերվում է առնականության և կանացիության ընդունված ակնկալիքներից ու պատկերացումներից: Շատ մարդիկ չունեն հանրության կողմից ընդունված գենդերային արտահայտումներ։ Այս եզրույթը հոմանիշ չէ տրանս եզրույթին և պետք է օգտագործվի միայն այն դեպքում, եթե ինչ-որ մեկն իրեն նույնականացնում է որպես «գենդերին չհամապատասխանող» (gender non-conforming) անձ։

1990-ականներից սկսած բազմաթիվ մարդիկ իրենց անվանում են քվիր (քուիր), այլ ոչ լեսբի, գեյ, բիսեքսուալ կամ տրանսգենդեր: Քվիրը որպես եզրույթ առաջացել է արմատական ակտիվիզմից՝ նորմատիվ և ֆիքսված ինքնությունների դեմ: Քվիրը ենթադրում է ինքնությունների խնդրականացում, սեռի և գենդերի բինար համակարգերի ապակառուցում, սեռական և գենդերային նորմատիվության քննում և նորմալության ու «շեղվածության» իշխող տարաբաժանման քննադատություն:

Քվիրը նախկինում դիտվել է որպես ոչ հետերոսեքսուալ կենսակերպ ունեցող անձանց հովանի եզրույթ, իսկ այնուհետև վերածվել հակաինքնության, որը բնութագրում է ցանկացած անձի կողմից այնպիսի գործողությունների իրականացում, որոնք հակառակ են ընդունված նորմերին, լեգիտիմությանն ու դոմինանտությանը, և նպատակ են հետապնդում դիմադրելու, մերժելու, ապակառուցելու և այլաշրջելու նորմալությունն ու հետերոնորմատիվությունը որպես ճնշման համակարգեր: