pins and bracelets«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործունեության գլխավոր շեշտադրումներից մեկը միշտ եղել է և մնում է կամավորների հետ աշխատանքը: Արդեն ավանդույթ դարձած կամավորների հետ հանդիպումները` անցած ամիսների աշխատանքները ամփոփելով, առաջիկա անելիքները քննարկելով, այս տարի ևս անմասն չմնացին կազմակերպության օրակարգից:

Սեպտեմբերի 9-ին և 11-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ավելի քան 20 կամավորների: Ոմանք արդեն մի քանի տարվա կամավորական փորձ ունեին ՓԻՆՔ-ում, մյուսները` համեմատաբար նորեկներ էին: Հաճելի էր, որ մեր կամավորական ընտանիքի շարքերը ցանկություն ունեին համալրել նաև ոլորտում առաջին քայլեր կատարողները:

Հանդիպումների ընթացքում կամավորները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, կազմակերպության գործունեությանը և նորություններին, մեր` ինչպես միջազգային,այնպես էլ ազգային 50-ից ավել կամավորների կատարած աշխատանքներին: Միջոցառման ժամանակ ՓԻՆՔ-ն իր առավել ակտիվ և նվիրված կամավորներին շնորհակալգրեր հանձնեց` նվիրված աշխատանքի և կազմակերպության գործունեության մեջ իրենց ներդրումն ունենալու համար:

5 հետաքրքիր փաստ կամավորության մասին

  • Աշխարհում կամավորների թվով առաջին երեք պետություններն են` Նորվեգիան (բնակչության 57%-ը), Լյուքսեմբուրգը (բնակչության 55%-ը) և Կամերունը (բնակչության 53%-ը):
  • Կամավորների 70% մասնակցել է չվարձատրվող աշխատանքների` կյանքի, մարդկանց և աշխատանքի մասին իրենց պատկերացումները վերանայելու նպատակով:
  • Հարավային Կորեայում կամավորության տնտեսական արժեքը մեկ տարում 2 միլլիարդ ԱՄՆ դոլար է կազմում:
  • 1998թ.ին ԱՄՆ-ում կամավորական գործունեությամբ է զբաղվել ավելի քան 109 միլլիոն չափահաս բնակիչ:
  • Ճապոնիայի բնակչության 26%-ը կամավորության փորձ ունի: Նրանց 48%-ը կարծում է, որ կամավորական աշխատանքը նպաստում է անձնային աճին և հասարակության զարգացմանը: