IMG_4071Օրեր առաջ ավարտվեց թվով 5-րդ GATE (հայերեն` դարպաս) «Գենդեր, Ակտիվիզմ, Հանդուրժողականություն, Հավասարություն» երիտասարդական ճամբար: Ամենամյա ճամբարը իրականացվում է 2011թ-ից սկսած, և նպատակ ունի համախմբել քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ովքեր կզբաղվեն գենդերային հինմնահարցերով, կբարձրաձայնեն քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, կփորձեն դրանց լուծումներ տալ և կխթանեն ՀՀ-ում քաղաքացիական ակտիվիզմը և մարդու իրավունքների պաշտպանությունը:

Ճամբարի մասնակիցները Երևանից և Հայաստանի տարբեր բնակավայրերից էին` Գորիս, Մեղրի, Սևան, Թթու ջուր, Ջանֆիդա, Արարատ, Արենի, Ալավերդի քաղաքներից ու գյուղերից: 5 օրերի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, քննարկեցին այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կարծրատիպերը, նախապաշարմունքները և խտրականությունը, ժողովրդավարությունն ու քաղաքացիական հասարակությունը, արվեստը և ակտիվիզմը, սեռականությունն ու գենդերային հավասարությունը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ծրագրերի մշակումը և կառավարումը: Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու ոլորտում ներգրավված մասնագետների (կանանց իրավունքների պաշտպաններ, լրագրողներ, բնապահպաններ և իրավապաշտպաններ), ովքեր կիսվեցին իրենց փոձով, գիտելիքներով ու հմտությամբ, պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին:

GATE երիտասարդական ճամբարի մասնակիցները ճամբարի ընթացքում պատրաստեցին 3 սոցիալական տեսահոլովակներ` ներկայացնելով իրենց բողոքն ու անհանգստությունն ընդդեմ անհանդուրժողականության ու նախապաշարմունքների: