Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) «բավականին զարմացած» է Հայաստանի իշխանությունների ԼԳԲՏ անձանց դեմ քրեական գործերի մասին տրամադրած տվյալներից, ասված է ՌԱԵՀ-ի 5-րդ զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 4-ին և ներկայացնում է 2010 դեկտեմբերի մինչև 2016 մարտի 17-ի իրավիճակը:

ՀՀ իշխանությունները հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի հիմքով կատարված միայն մեկ քրեական գործի մասին են հաղորդել հանձնաժողովին` ԼԳԲՏ բարեհաճ DIY ակումբի պայթյունի, մինչդեռ ՓԻՆՔ Արմենիան միայն 2011-2013թթ. ընկած ժամանակահատվածում 8 գործի մասին է հաղորդել:

Հիշեցնելով Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և այն ժամանակ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերը` զեկույցում մտահոգություն է հայտնած, որ պետական այրերը գոհ էին DIY-ի պայթյունից: Այս երկուսը գովաբանել էին DIY պայթեցնողներին, իսկ Հանրային խորհրդի աշխատակազմի ղեկավարը DIY ակումբը պայթեցնողների պաշտպանության ֆեյսբուքյան խումբ էր ստեղծել` կոչ անելով դադարեցնել պայթյուննիրականացնողների հանդեպ հետապնդումը:

Պետական մակարդակով հոմոֆոբիայի քարոզի ավելի թարմ օրինակ է բերվում. 2014թ. մայիսին «Իրաբունք» թերթում «նույնասեռական անձանց» և նրանց «աջակիցների» սև ցուցակի հրապարակումից հետո իշխող քաղաքական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հրապարակայնորեն աջակցել է այդ հոդվածին։

ՌԱԵՀ-ն նաև հիշատակել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքերը, որը հայտարարել էր` միշտ դեմ է քվեարկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) ներկայացված ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության ցանկացած առաջարկի և ասել. «Ես կանեմ ամեն հնարավորը՝ խոչընդոտելու Հայաստանում մետաստազների տարածմանը։ Ես ասում եմ սա բացահայտորեն և հրապարակայնորեն»:

Հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքերը շատ էին Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին 2012թ. օրենքի նախագծի ընդունման հետ կապված բանավեճի ժամանակ, նկատել է ՌԱԵՀ-ն, երբ «Գենդեր» բառը ներկայացվեց որպես տրանսգենդեր, համասեռական և այլասերված բառերի հոմանիշ, մինչդեռ կանանց և ԼԳԲՏ անձանց պաշտպանները ներկայացվել են որպես «ազգային դավաճաններ», «ընտանիք քանդողներ» և «հայկական արժեքներին սպառնալիք», նշված է զեկույցում:

Զեկույցում անդրադարձ կա նաև բազմազանության երթի մասնակիցների դեմ հարձակման և ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ հանդուրժողականություն քարոզող «Պարադա» ֆիլմի դեմ ցույցերին, ինչի հետևանքով մի շարք վայրեր չեղյալ հայտարարեցին ֆիլմի ցուցադրությունը:

ՌԱԵՀ-ն նկատել է, որ Հայաստանի իշխանությունները անտարբեր են ու շահգրգռված չեն ԼԳԲՏ անձանց դեմ հանցագործությունների բացահայտմամբ, ինչի պատճառով շատ տուժողներ պատկան մարմիններին չեն հաղորդում իրենց նկատմամբ իրականացված բռնությունների մասին:

Հղում անելով ՓԻՆՔ Արմենիային` զեկույցում նշվում է, որ դեպքեր են եղել, երբ ոստիկանությունը հայցվորի դեմ է շրջել գործը, կեղծ մատնության մեղադրանքով: Մի շարք ՀԿ-ների խոսքով՝ իրենք ծայրահեղ զգուշավոր են եղել՝ պոտենցիալ տուժողներին ոստիկանությանը բողոք ներկայացնելու խորհուրդ տալու առումով:  

ՌԱԵՀ-ը համարում է, որ իշխանությունները պետք է հրատապ գործողություններ ձեռնարկեն՝ ԼԳԲՏ համայնքին պատշաճ պաշտպանություն տրամադրելու ուղղությամբ:

Բոլոր առաջարկությունները այստեղ