Պաշտպանել ու խթանել մարդու իրավունքները Հայաստանում, այս գաղափարի շուրջ համախմբված հայաստանյան տասներկու կազմակերպությունների կողմից ստեղծված «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան դեկտեմբերի 9-ին անցկացրեց առաջին համաժողովը՝ ներկայացնելով կոալիցիայի տեսլականն ու հետագա անելիքները։

Համաժողովի շրջանակներում ներկայացվեցին Հայաստանում խտրականության, հավասար հնարավորությունների և իրավունքների իրացման խնդիրները, օրենսդրական դաշտի կարգավորման հնարավորությունները:

Միջոցառմանը հրավիրված բանախոսներից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության ղեկավար Լուսինե Սարգսյանը, ողջունելով կոալիցիայի գործունեությունը, նշեց, որ թեև Սահմանադրությամբ արգելվում է խտրականությունը, սակայն կարևորեց առանձին օրենքի առկայությունը։

«Ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորման խնդիր ունենք, այլև մարմինների ստեղծման։ Հարկավոր է ստեղծել անկախ մարմիններ, որոնցում կներգրավվեն նաև այս ոլորտում կարևոր դեր ունեցող և աշխատանք կատարող հասարակական կազմակերպությունները»,֊ասաց Սարգսյանը։

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության քաղաքական հարցերով խորհրդական Անդրեա Խալուպովան ևս ողջունելով կոալիցիայի ստեղծումը՝ հայտնեց ԵՄ աջակցությունը հակախտրականության պայքարում։

«Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ կարևորեց Հայաստանի դերը հակախտրականության պայքարում։

«Ես կարծում եմ, որ մեր պետությունն ու հասարակությունն առանձնահատուկ դեր պետք է ունենա խտրականության դեմ պայքարում, մենք մի ժողովուրդ ենք, որ վերջին հարյուր տարին ամբողջ աշխարհին փորձում ենք համոզել ու ստիպել ընդունել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, որը եղել է տարրական խտրականության հետևանք,- ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ ազատ մարդը արժանապատիվ զարգացող հոգեբանական տեսակետից հարուստ հասարակություն ունենալու առաջին գրավականն է,֊ Երբ խոսում ենք խտրականությունից զերծ մնալու մասին, մենք խոսում ենք մարդու մասին, որն ազատ է, հանուն մի երկրի, հասարակության, ժողովրդի, որին ինքը որոշել է կապվել»։

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիայի համակարգող Անահիտ Չիլինգարյանը ներկայացնելով կոալիցիայի գործունեությունը հակախտրականության ոլորտում, նույնպես խոսեց օրենսդրական դաշտի խնդիրների, ապահով տարածքների ու դրանց ստեղծման կարևորության, ինչպես նաև խտրականության պատճառների, ընդունված կարծրատիպերի ու դրանց բացասական հետևանքների մասին։

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան միավորել է այն կազմակերպություններին և անհատներին, որոնց նպատակն է նպաստել Հայաստանում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը, հավասարության և անձի արժանապատվության հանդեպ հարգալից վերաբերմունքի տարածմանը։ Մեր հեռահար նպատակն է վերացնել Հայաստանում խտրականության բոլոր ձևերի վերացմանը»,֊ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ առաջիկայում կգործարկվի նաև havasar.am կայքէջը։

Ներկայացվեցին կոալիցիայի աշխատանքների երեք հիմնական ուղղությունները, որոնք են․

1. խթանել հավասարության մշակույթը՝ մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու բացառման գործոններին:
2. մեծացնել խտրականության ենթակա խմբերի տեսանելիությունը, խթանել նրանց՝ իրենց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու ցանկությունը և պատրաստակամությունը:
3. աջակցել խտրականությունից զերծ մնալու իրավունքի պաշտպանության ոլորտում բավարար իրավական կարգավորումների ամրագրմանը և դրանց կիրառմանը։

Համաժողովի ընթացքում կոալիցիայի անդամները ներկայացրեցին արդեն կատարված աշխատանքներն ու առաջիկա գործողությունները։

«Հայաստանում հակախտրականության պայքարում սովորաբար շատ քիչ են ներգրավվում որոշումների կայացման մեջ հենց խտրականության ենթարկվածները։ Կոալիցիան գալիս է այդ բացը լրացնելուն․ այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր խտրականության ենթարկվող անձինք ենք, հետևաբար շատ բաներ կարող ենք փոխել մեր երկրում»,-ասաց կոալիցիայի անդամ, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։

Միջոցառման ավարտին առաջին անգամ անցկացվեց «Բազմազանության չեմպիոններ – 2016» կոչման պարգևատրումը, որը տրվեց հայաստանյան հասարակական կառույցների շրջանում ոչ խտրական վերաբերմունքով առանձնացած կազմակերպություններին:

Կոալիցիան հիմնադրվել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Կոալիցիայի անդամ կազմակերպություններ՝
«Ագաթ» ՀԿ
«Ունիսոն» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Հանուն Հավասար իրավունքների» ՀԿ
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
«Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ