2016թ. Հայաստանի կառավարությունը քայլեր չի ձեռնարկել ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) անձանց դեմ ատելության խոսքի կամ խտրականությանը վերաբերող հարցերի կարգավորման ուղղությամբ, ասված է «Հյումըն ռայթս ուոթչ»-ի 2017թ. զեկույցում` նշելով, որ երկրում շարունակում են ԼԳԲՏԻ մարդկանց ենթարկել խտրականության, ոտնձգությունների և ֆիզիկական բռնության:

Հղում անելով ՓԻՆՔ Արմենիայի` Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ վերաբերմունքի հետազոտությանը ուսումնասիրությունում նշվում է, որ Հայաստանի բնակչության 90%-ը թշնամաբար է տրամադրված ԼԳԲՏԻ անձնաց նկատմամբ և ցանկանում է, որ սահմանափակվեն նրանց իրավունքները:

2016թ. իրադարձություններին առնչվող զեկույցում հիշատակումներ կան նաև 2015թ. դեպքերից, մասնավորապես նշվում է, որ 2015թ.-ի հոկտեմբերի ԼԳԲՏ «Rainbow» ֆորումից հետո, անհայտ անձինք թիրախավորված ահաբեկել ու սպառնացել էին որոշ մասնակիցների, հիմնականում սոցիալական ցանցերով, այդ թվում` սպառնալով այրել և սպանել նրանց։ Իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել այս սպառնալիքների հիման վրա՝ որպես հիմք բերելով ապացույցների բացակայությունը:

Բացի դա, «Հյումըն ռայթս ուոթչ»-ը, հղում անելով ՓԻՆՔ Արմենիայի տարեկան զեկույցին, արձանագրել է, որ 2015թ. Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության և խտրականության 46 դեպք է եղել: Սա վերաբերում է միայն գրանցված դեպքերին:

Երկրորդ տարին անընդմեջ կազմակերպության հետազոտությունում նշվում է, որ Գենդերային ինքնությունը և սեռական կողմնորոշումը որպես պաշտպանության հիմքեր ներառված չեն հակախտրականությունը կամ ատելության խոսքը կարգավորող օրենքների մեջ, ինչը սահմանափակում է իրավական ճանապարհով ԼԳԲՏԻ անձանց դեմ բազմաթիվ հանցագործությունների բացահայոտւմը (Հայաստանում առհասարակ գոյություն չունի հակախտրականության և ատելության խոսքի համար առաձին օրենք, խմբ.):