ԼԳԲՏ անձանց հետ աշխատող մասնագետներն ուղեցույցի կարիք ունեն. հետազոտություն


Հրապարակվել է «Հոգեկան առողջության և առնչվող ոլորտների մասնագիտական իրադրության հասկացում ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում» հետազոտությունը, որի նպատակն է ուղեցույցների մշակման համար դուրս բերել այն մասնագետների կարիքները, որոնք աշխատում են ԼԳԲՏ անձանց հետ:

Հետազոտությունն իրականացվել է Երևանում 2016թ. մայիսից հուլիսը: Ուսումնասիրությանը մասնակցել են 31 մասնագետ (հոգեբան, հոգեբույժ, սեքսոլոգ, սոցիալական աշխատող), որոնցից 16-ը ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու փորձ ունեցել է, 15-ը` ոչ:

Արդյունքում պարզվել է, որ ԼԳԲՏ անձանց հետ աշխատելիս էթիկական և մասնագիտական միջամտությունները սահմանող և կարգավորող համընդհանուր մոտեցումների կամ ուղեցույցների պարտադիր կիրառությունը մեծամասամբ չի վերահսկվում և յուրաքանչյուր առանձին ոլորտի մասնագիտական շրջանակում առկա են բազմաթիվ ներքին հակասություններ, ծայրահեղ և միմյանցից խզված մոտեցումներ:

Այդուհանդերձ, ուսումնասիրության մեջ ընդգրկված մասնագետները ողջունում են ԼԳԲՏ մարդկանց հետ աշխատանքային ուղեցույցների մշակումը:

Հետազատոտության արդյունքում առաջարկվել է մեկ ընդհանրական ձեռնարկի կամ աշխատանքային ուղեցույցի մշակումը, որը կներառի ներքոնշյալ բաժինները կամ բաղադրիչները՝
– Սեռականություն, ոչ հետերոնորմատիվ սեռականություն. ժամանակակից մոտեցումներ, գիտական մեկնաբանություններ, հիմնական հասկացություններ,
– ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում էթիկական նորմեր. հակախտրականություն, մասնագիտական միջամտության սահմաններ, անձնական և մասնագիտական դիրքորոշումներ,
– ԼԳԲՏ անձանց իրավունքներ, ընդհանուր տեղեկատվություն ԼԳԲՏ համայնքի մասին,
– ԼԳԲՏ անձանց հետ աշխատելու կոնկրետ տեխնիկաներ, մեթոդներ, հաղորդակցության հմտություններ:

Բեռնել հետազոտությունն այստեղ: