ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը` Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց մասով


2016թ. Հայաստանում լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և ինտերսեքս (ԼԳԲՏԻ) մարդիկ պետության և հասարակության կողմից ենթարկվել են բռնությունների և խտրականության, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:

Հղում անելով քրեակատարողական հիմնարկների դիտորդական խմբին (ՔՀԴԽ)` նշվում է, որ ԼԳԲՏԻ մարդկանց իրավիճակն ամենավատը բանտերում է, որտեղ առկա է նրանց նկատմամբ խտրականություն, դաժան վերաբերմունք, սեռական բռնություն և ստիպում են կատարել նվաստացնող աշխատանքներ: Բանտերի ղեկավարությունը ամրապնդում է նման վերաբերմունքը`ԼԳԲՏԻ մարդկանց մեկուսացնելով առաձին խցերում ու պահելով սարսափելի պայմաններում: Ըստ ՔՀԴԽ-ի 2014թ. զեկույցի, ֆիզիկական բռնություն և նվաստացնող վերաբերմունքը հաճախ բնույթ ունի և մահակներով ծեծելը պատժի ամենատարածված ձևերից է:

ԼԳԲՏԻ անձանց իրավիճակի վերաբերյալ զինված ուժերի մասով հաշվետվությունում ասվում է, որ նույնասեռականները ազատվում են բանակից, ենթադրաբար այն պատճառով, որ ծառայակիցները բռնության կենթարկեն նրանց: Սակայն, բանակից ազատվելու համար անհրաժեշտ է բժշկական հետազոտություն անցնել, որով հաստատում են, որ անձն ունի հոգեկան խնդիրներ: Այս տեղեկությունը հայտնվում է անձը հաստատող փաստաթղթերում, ինչը վարորդական իրավունքներ ձեռք բերելու և աշխատանք գտնելու խոչընդոտներ է ստեղծում: Իսկ նույնասեռականները, որոնք ծառայել են բանակում ենթարկվել են ֆիզիկական, հոգեբանական բռնության:  

Պետքարտուղարության հաշվետվությունում ընդգծված է, որ Հայաստանում խտրականության դեմ և ատելության հիմքով հանցագործության օրենքներ գոյություն չունեն, ոչ էլ առկա է դատական որևէ մեխանիզմ ԼԳԲՏԻ մարդկանց հանցագործություններից պաշտպանելու համար: ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը չափազանց բացասական է, և խտրականությունը նրանց նկատմամբ առկա է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Հատկապես խոցելի են տրանսգենդեր անձինք:

Հղում անելով` Նոր սերունդ կազմակերպությանը, պետքարտուղարութունը գրում է, որ տրանսգենդեր մարդիկ, որոնք ցանկանում են փոխել իրենց սեռը, հանդիպում են խոչընդոտների` բացասական վերաբերմունքի, տեղեկության պակասի և օրենսդրական կարգավորումների բացակայության, ինչի հետևանքով առաջանում են բազմաթիվ խնդիրներ` առանց բժշկական հսկողության հորմոնաթերապիա, ընդհատակյա վիրահատություն, նոր անձնագրի ձեռքբերում:

ԱՄՆ գերատեսչությունն անդրադառնալով Փինք Արմենիա 2015թ. իրավիճակի տարեկան զեկույցին ` գրում է.

«Պետական պաշտոնյաները և իշխանությանը կից լրատվամիջոցները ԼԳԲՏԻ համայնքի դեմ ատելություն են քարոզում: Հակագեյ հռետորաբանությունը հատկապես սրվել էր 2015 դեկտեմբերին` սահամանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, երբ առաջարկվում էր արգելել նույնասեռական ամուսնությունները (…) Լրատվամիջոցները հաղորդել են, որ նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի քննարկման ժամանակ իշխող հանրապետական խմբակցության երեք պատգամավոր, այդ թվում` ԱԺ խոսնակը, հակագեյ խոսակցություն էին ծավալել, իսկ պատգամավորներից մեկը ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն խրախուսող կատակներ էր անում (նկատի ունի Էդվարդ Շարմազանովի, Հայկ Բաբուխանյանի և Լևոն Մարտիրոսյանի խոսակցությունը, որը, սակայն, տեղի ունեցել հոկտեմբերի 6-ին, խմբ.)»:

Կրկին հղում անելով Փինք Արմենիայի նույն զեկույցին` պետքարտուղարությունը գրում է, որ ոստիկանությունը անհաղորդ է ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնություններին, ոտնձգություններին, սպառնալիքներին, շանտաժներին, ավելին, նրանք նույնպես վատ վերաբերմունք են ցուցաբերել ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ: Ատելության հիմքով հանցագործության գեթ մեկ հաղորդում նրանք չեն բացահայտել 2015թ ընթացքում, իսկ ԼԳԲՏԻ մարդիկ իրենց ինքնության բացահայտման վախի և կրկին վատ վերաբերմունքի արժանանալու պատճառով իրենց նկատմամբ բռնությունները չեն հաղորդել համապատասխան մարմիններին:

Պետքարտուղարությունը անդրադարձել է նաև ամերիկահայ նույնասեռական Գայլ Խանդիկյանի դեպքին, որին 2016թ. մայիսին հեռացրել էին ազգային պարի խմբակից, երբ նրա պարուսույց Հարութ Բաղդասարյանի իմացել էր նրա սեռական կողմնորոշման մասին` ասելով, որ նույնասեռականը հայկական պարեր պարելու իրավունք չունի: