Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի մեկ շաբաթյա արշավը սկսված է։

Մայիսի 15-ին Երևանում բացման միջոցառմանը Փինք Արմենիան ներկայացրեց շաբաթվա անելիքները, որին կարող եք ծանոթանալ այստեղ, ինչպես նաև խոսվեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի մասին, և ցուցադրվեցին ԼԳԲՏ անձանց վերաբերյալ սոցիալական գովազդներ, որոնցից մեկը կարող եք դիտել ստորև։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետեր Միկիսկան, ԱՄՆ-ի , Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի դեսպանատների ներկայացուցիչներ, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների աշխատակիցներ, Հայաստանի քաղաքացիական հասարակության անդամներ և, անշուշտ, ԼԳԲՏ համայնքի անդամներ ու համախոհներ։


Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի պայքարի միջազգային օրը մայիսի 17-ն է, քանի որ 1990թ․ մայիսի 17-ին հրապարակված Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգման հերթական համարում նույնասեռականությունը այլևս չէր դիտարկվում հոգեկան խանգարում։

Դրանից 15 տարի անց 24 հազար հոգու և մի շարք միջազգային կազմակերպությունների ջանքերով այդ օրն ընտրվեց աշխարհում նշելու հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը։ 2009թ․արշավի անվանը ավելացվեց նաև տրանսֆոբիան։

Հայաստանը արշավին միացել է 2010թ-ից։

Օրվա նպատակն է աշխարհում ուշադրություն հրավիրել նույնասեռական, բիսեքսուալ և տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություններին, ճնշումներին ու խտրականությանը։