Կարդա ինձ․ Նույնիսկ, եթե ինձ տանը չեն ընդունում, ես ամենալավն եմ


Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում ԼԳԲՏ անձանց խնդրել ենք նամակներ գրել ու պատմել իրենց կյանքից որևէ դրվագ։ Մայիսի 15-21-ը ամեն օր հրապարակելու ենք այդ նամակներից մեկը։ Ահա երկրորդ նամակը։

Ես լեսբի եմ ու քո զավակն եմ:

Ես լեսբի եմ ու կամավոր եմ:

26 տարեկան եմ։ Դեռ փոքրուց ես կանանց հանդեպ կիրք ու սեր եմ ապրել,  բայց այդ ամենի մասին իմ ընտանիքը չի իմացել։ 19 տարեկանում սկսեցի լուրջ շփումներս համացանցի շնորհիվ, գտա ինձ նման աղջիկների ու կիսվում էի իմ զգացմունքների և իմ պատկերացումների մասին։

Այդ ժամանակ չէի ընդունում իմ տեսքը, երկար մազերը, իմ ծնողների ընտրած հագուստները,  որը իմ պատկերացումից դուրս էր։ Ես ինձ ամբողջությամբ կին չէի զգում։ Երկար տարիներ փակված էի սենյակում, չէի շփվում,  միայն համացանցում գտած աղջիկների հետ էի շփվում՝ ինչ-որ տեղ ինձ մխիթարելով, որ ես գոնե 2 հոգու համար ընդունված եմ:

Երբ հեռուստատեսությամբ խոսում էին նույնասեռականության մասին, իմ ընտանիքն ասում էր, որ պետք է վառել նրանց,  դրանք այլասերվածներ են ու սրբապիղծ։ Ես վախենում էի ու չէի կարողանում նայել նրանց աչքերին։ Գուցե այն պատճառով, որ ես ինձ մեղավոր էի զգում, բայց ինչի՞ համար։ Իմ վրա վերցնելով նրանց խոսքերը, ուզում էի, որ ինձ ընդունեն։

Սիրահարվեցի, 21 տարեկանում էր։ Առաջին անգամ համբուրեցի աղջկա շուրթեր։ Մի ամբողջ կյանք երազում էի այդ մասին։ Շատ քիչ տևեց այդ սիրավեպը։ Մենք բաժանվեցինք միայն նրա համար,  որ ես վախենում էի, որ ծնողներս կիմանան։

Հայրս մեկնեց Մոսկվա աշխատելու, ու ինձ համար դա կյանքի ճանապարհ բացեց։ Ես սկսեցի շփվել մարդկանց հետ։ ինձ ոչ մեկը չէր հարցնում` ուր եմ գնում, ինչ եմ անում։ Սովորում էի ու համալսարանում շատ ազատ մարդ էի ինձ զգում։

Հետո որոշեցի մազերս կտրեմ, փոխեցի հագուստիս ոճը՝  ավելի տղայական էի։ Դրսում հետևից լսում էի նման արտահայտություններ՝ «աղջի՞կ ա, թե տղա»։ Վատ էի զգում, երբ էդպես էին ասում։ Մայրս սկսեց իմ շորերի վրա խոսել․ «Դու աղջիկ ես, էս ի՞նչ ես հագնում»։ Ես սկզբում շատ ծանր էի տանում, հետո դա սովորական էր։         

 Ես ձեռք բերեցի իմ նման շատ ընկերներ,  ինչը շատ էր ոգևորում ինձ։ Սկսեցի շատ «խենթություններ» անել։ Իմ ընկերներները ինձ հետ էին։ Միասին զվարճալի էր ու ուրախ:  

Եվ մի օր մայրս ինձ ասեց. «դու աղջիկ ես սիրում, դու դրանցից ես, ես չեմ ընդունելու քեզ ու իմացի, որ ավելի լավ ա մեռնես»,  ու դուրս հանեց տնից։ Դիմեցի նոր ծանոթներիս: Իրենցից մեկը շատ հարազատ մարդու նման ինձ հետ խոսեց, ասեց որ կողքիս ա ու շատ խորհուրդներ տվեց։ Շնորհակալ եմ իրեն ու շատ սիրում, հարգում եմ։ Ես մնացի ընկերներիս տանը 3 օր ու հետո վերադարձա տուն։

Այս ամենն իմ կյանքում մեծ դեր ունեցավ, ես հիմա հավատում եմ ինձ, սիրում եմ ինձ,  ու թքած ունեմ, թե մարդիկ ինչ են խոսում։ Ինձ սիրում են,  ես գտնված եմ իմ կողմից, և ես սա եմ, ինչ կամ: Նույնիսկ ,եթե ինձ տանը չեն ընդունում, ես ամենալավն եմ։