Կարդա ինձ․ ինձ սեքսը չի հետաքրքրում, ոնց որ ձմերուկ ուտելը


Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակներում ԼԳԲՏ անձանց խնդրել ենք նամակներ գրել ու պատմել իրենց կյանքից որևէ դրվագ։ Մայիսի 15-21-ը ամեն օր հրապարակելու ենք այդ նամակներից մեկը։ Ահա չորրորդ նամակը։

Ես ասեքսուալ եմ ու քեզ պես յուրօրինակ եմ

Իմ սեռական կողմնորոշմանը հաճախ ասում են անտեսանելի։ Ինքը ավելի անտեսանելի ա դառնում Հայաստանի նման ավանդապաշտ երկրներում, որտեղ կնոջից հատկապես չամուսնացած կնոջից սենց, թե նենց ակնկալվում ա անսեռականին հատուկ վարքագիծ։

Իմ կողմնորոշումն էնքան անտեսանելի էր դարձել, որ նույնիսկ ես իրան չէի նկատել, մինչև վերջերս, երբ սկսեցի շփվել իրանց սեռականության մասին ազատ խոսող մարդկանց հետ, տեսանյութեր նայել, կարդալ սեռականության մասին, տարբեր դասընթացների մասնակցել։

Հարցականի տակ դրեցի իմ սեռականությանը առնչվող ամեն ինչ։ Նախկինում ինձ թվում էր, թե էրոտիկ բնույթի երազները իմ սեռական լինելու մասին են վկայում։ Պարզվեց, որ ընդունված ա սեռական համարել էն մարդկանց, ովքեր հաճախ են սեռական գրավչություն, հակում զգում այլ մարդկանց նկատմամբ, ի տարբերություն անսեռական համարվող մարդկանց, ովքեր հրապուրանք չեն ունենում մեկ այլ մարդու մարմնի նկատմամբ, իրանց մոտ ցանկություն չի առաջանում սեռական առումով մոտ լինել, հպվել այլ մարդկանց։ Կամ նման ցանկություն առաջանում ա շատ, շատ հազվադեպ (օրինակ՝ 32 տարին 2 անգամ) էն էլ, եթե նախoրոք ուժեղ հուզական կապ ա ստեղծվել իրանց ու էդ մարդու միջև։

Անսեռականությունը որպես սեռական կողմնորոշում հասկանալու և անսեռական մարդկանց խարանի ու խտրականության չենթարկելու համար շատ կարևոր ա սեռական գրավչությունն ու սեռական հակումը չխառնել սեռական գրգռվածության, սեռական ցանկության հետ։ Անսեռական մարդկանց սեռական օրգանները սովորականի պես գրգռվում են, ինչպես նաև նրանք կարող են սեռական ցանկություն ունենալ (չուղղված դեպի որևէ մեկը), ինքնաբավարարվել կամ ակտիվ սեռական կյանքով ապրել (օրինակ՝ իրանց զուգընկերոջը բավարարելու և/կամ հղիացնելու/հղիանալու նպատակով), ինչը ոչ մի դեպքում չի արժեզրկում նրանց սեռական կողմնորոշումը։ Այս ամենը ուղղակի փաստում ա, որ իմ սեռական օրգանները սովորականի պես գործում են, բայց միևնույն ժամանակ մենք մեկ այլ մարդու նկատմամբ սեռական հրապուրանք, գրավչություն գրեթե չենք զգում։

Ստեղ շատ կարևոր ա հիշել, որ մարդը բացի սեռական գրավչությունից ընդունա՛կ ա զգալու, բայց ոչ միշտ ա զգում նաև ռոմանտիկ գրավչություն, էստետիկ, ինտելեկտուալ ու էլի մի շարք գրավչության տեսակներ, որովհետև մարդը «դա մի բան է», որը շատ բազմանշանակ մի բան է։ Ի դեպ, սեռական համարվող մարդիկ էլ կարան ռոմանտիկ գրավչություն զգալ կամ չզգալ։ «Դու ռոմանտի՞կ ես» հարցը հենց էդ պարզելու համար են մարդիկ տալիս։

Որ ավելի լավ պատկերացնեք, ավելի մասնավորացնեմ. ինձ սեքսը չի հետաքրքրում, ոնց որ ձմերուկ ուտելն ինձ չի հետաքրքրում, ինքն ինձ համար ցանկալի չի, նույնիսկ ձանձրալի ա, անելու 1000 հատ շատ ավելի հետաքրքիր բաներ կան ավելի նախընտրելի ինձ համար։ Էդ չի նշանակում, որ ես ձմերուկ չեմ ուտում, էդ չի նշանակում նաև, որ ես ձմերուկ չեմ ուտելու։ Քանի որ լսել եմ, որ ինքն օգտակար ա ;) ։ Ուղղակի սեռականորեն ձմերուկներն ինձ չեն գրավում ու իրանց ուտելու ցանկություն ես առանձնապես չեմ ունենում։

Իսկ որովհետև մարդկությունը սեքսը իր կարիքների սանդղակում, եթե ոչ առաջին, ապա առաջիններից ա դասում, ես ինձ հաճախ եմ օտարված զգում տարբեր համայնքներից։ Միտքը, որ որևէ մեկը ցանկանում ա, բայց ձեռնպահ ա մնում սեքսից (օրինակ՝ կրոնական կամ կարմիր խնձորական պատճառներով) շատերի կողմից ընկալելի ա, բայց հենց պնդում եմ, որ սեքսը ինձ չի հետաքրքրում, սկսվում են բուռն բանակցությունները։

Ու շատ հաճախ մարդիկ ենթադրություններ են անում, որոնք սովորաբար նեղացնում են անսեռականներին։

– Քո անսեռականության պատճառը հավանաբար սեռական բռնության ենթարկված լինելն ա։

Մարդկանց ու հատկապես կանանց մեծ մասը էս կամ այն տեսակի սեռական բռնության ա ենթարկվում իր կյանքի ընթացքում, էն էլ մի քանի անգամ, իսկ անսեռական մարդիկ որոշ տվյալներով կազմում են բնակչության 1-2.5 %- ը։

– Կարո՞ղ ա ինչ-որ հիվանդություն ունես։

Քանի դեռ իմ զգացողությունների կարգավիճակն ինձ չի խանգարում կամ անհանգստացնում ու լրիվ համատեղելի ա իմ լիարժեք կյանքի հետ, կարիք չկա այն որպես հիվանդություն կամ շեղում դիտարկելու։

– Պտի անես, որ ուզենաս։

Իսկ դու տորթի հետ սեքս արե՞լ ես, որ գիտես, որ չես ուզում տորթի հետ սեքս անես։
Կամ, օրինակ, եթե մեղուն կծում ա ու քոր ա գալիս, էդ դեպքում քորելը հաճելի ա, բայց եթե մեղուն չի կծել քորելը ցանկալի կամ հաճելի չի լինի, նույնիսկ տհաճ կլինի, իսկ հատուկ մեղու գտնել իմաստ չունի, որովհետև մեղուն քեզ չի հոտաքրքրում։

Նման պնդումներով անսեռականներին հաճախ են դրդում անել բաներ, որոնք նրանք չեն ուզում։ Ու սովորաբար, երբ հասնում են իրանց ուզածին, մեկ ա ձեռ չեն քաշում, ասելով թե՝ էդ անգամը չստացվեց, մյուսը կստացվի։ Քանի՞ անգամ, քանի՞ հոգու հետ ու քանի՞ դեղի կամ թմրանjութի ազդեցութայն տակ ես ինքս ինձ պտի բռնաբարեմ, որ ընդունես, որ որևէ մեկի հանդեպ ես սեռական գրավչություն չեմ զգում։

– Ստում ես։

Անսեռականները հաճախ են ենթարկվում ուղղիչ բռնաբարությունների, քանի որ իրանց կողմնորոշումը համարում են մտացածին, անիրական, անընդունելի, մարդկության «բնական, նորմալ» կարգին չհամապատասխանող։

– Չափազանց տարօրինակ ես։

Հետաքրքիր ա, որ համայնքը մի կողմից տոնում ա բազմազանությունը, մյուս կողմից հաճախ տարօրինակ ա համարում համայնքի էս կամ էն անդամին։ Կարծում եմ, որ հետերոնորմատիվ ա կարծել, որ սեռական լինելը նորման ա, իսկ անսեռական լինելը՝ էնքան էլ չէ։ Կամ որ մարդկանց պետք ա բաժանել սեռականների ու անսեռականների։
Համոզված եմ, որ նորմալ չլինելը նորմալ ա, նորմալ լինելն էլ ա նորմալ։ Ու ընդհանրապես, ամեն մեկս էլ յուրօրինակ ենք։