ԼԳԲՏ ակտիվիստները Եվրոդատարանում հաղթել են Ռուսաստանին. «գեյ պրոպագանդայի» օրենքը խտրական է


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունիսի 20-ին բավարարել է Բաևի և այլոց հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։

Նիկոլայ Բաևը, Ալեքսեյ Կիսիլյովը և Նիկոլայ Ալեքսեևը Ռուսաստանում դատապարտվել էին «հասարակական գործունեության համար, որն ուղղված է անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզին»։

ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել են հայցվորների կարծիք արտահայտելու ազատության (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա՝ հոդված 10) և խտրականությունից զերծ լինելու (հոդված 14) իրավունքները։

Դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում Բաևին վճարել 13 880 եվրո, Կիսիլյովին՝ 15 045, իսկ Ալեքսեևին 20 263, ոչ նյութական վնասի, դատական և այլ ծախսերի համար։ 

Նույնասեռականության քարոզի դեմ օրենքը, որի համար վարչական տույժ է սահմանված, Ռուսաստանում գործում է 2013թ-ից։