Հոկտեմբերի 4-ին Լոնդոնում Փինք Արմենիայի հիմնադիր և գործադիր տնօրենին հանձնեցին Բոբ Հեփլի անվան հավասարության մրցանակը, որը տրվում է բրիտանական «Equal Rights Trust» կազմակերպության կողմից, այն մարդկանց, որոնք աշխարհում պայքարում են խտրականության դեմ և խթանում իրավահավասարությունը։

Ստորև ներկայացնում ենք Հովսեփյանի ելույթը մրցանակի հանձնման արարողության ժամանակ․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության ու ներկայության համար։ Շնորհակալ եմ Equal Rights Trust-ին այս մրցանակը ստեղծելու համար, որի միջոցով ուշադրություն է հրավիրում աշխարհի իրավապաշտպանների գործունեությանը։ Նաև շնորհակալ եմ նրանց, ովքեր  գնահատել են աշխատանքս, ու շնորհակալ եմ Human Rights House հիմնադրամին՝ ինձ այս մրցանակին առաջադրելու և իմ ու Հայաստանի նշանավոր այլ իրավապաշտպանների հետ համագործակցելու համար։

Հայաստանը հրաշալի հնարավորություններ ունի դառնալու աշխարհի լավագույն երկրներից, որտեղ պաշտպանված կլինեն մարդու իրավունքները, որտեղ բոլորը կվայելեն հավասարությունն ու ներդաշնակությունը, որտեղ խտրականությունը տեղ չի ունենա։ Ցավոք, դեռ այդպես չէ։ Իշխանությունը դեռևս չի հասկանում հավասարությունից բխող օգուտները, մինչև հիմա իշխանությունը ահաբեկում է մարդկանց, որոնք բարձրացնում են սոցիալական, քաղաքական և այլ էական հարցեր, մինչև հիմա վարչակարգը ճնշում է իր քաղաքացիներին։ Իրավապաշտպաններին, ԼԳԲՏ մարդկանց, ֆեմինիստներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի այլ ակտիվիստներին մինչև հիմա կոչում են «ազգի թշնամի»։

Տեղական լրատվամիջոցերում մեզ ներկայացվում են որպես պետության սպառնալիք։ 10 տարի առաջ ինձ համար ծանր էր թերթերում տեսնել, որ իմ անվան ու նկարի տակ ինձ նշում են որպես «վտանգավոր տարր», բայց հետո ինձ համար դա դարձավ սովորական ու սկսեցի թեթև տանել։ Ինձ համար շատ կարևոր է, որ արդարության պայքարում ես մենակ չեմ։ Ես հպարտ եմ, որ աշխատում եմ Փինք Արմենիայում հավաքված ուժեղ ու խիզախ մարդկանց հետ։ Մենք գիտենք՝ ինչպես հաղթահարենք դժվարությունները, գիտենք՝ ինչպես լուծենք խնդիրները, գիտենք՝ ինչպես անենք, որ ուրիշները ժպտան ու գիտենք՝ ինչպես է պետք կատակել ու ծիծաղել, նույնիսկ դժվար պահերին։

Անչափ հպարտ եմ, որ ունեմ ընկերներ, որոնք ֆեմինիստ են, բնապահպան են, մարդիկ, որոնք զբաղվում են հաշմանդամության կամ ՄԻԱՎ-ի խնդիրներով, և ընկերներ, որոնք պարզապես կարևոր են համարում իրավահավասարությունը ու խթանում են, որպեսզի այն իրականություն դառնա։ Նրանց պես դաշնակիցների շնորհիվ ես ավելի զորեղ եմ դառնում՝ վստահ լինելով, որ նրանք ինձ երբեք չեն լքի։ Շատ զգացված եմ, որ Փինք Արմենիայի հետ կատարածս աշխատանքը այսպիսի բարձր գնահատականի է արժանանում։

Այսպիսի վերաբերմունքը մեզ ավելի է ուժեղացնում ու հպարտությամբ զգացումով լցնում մեր կատարած աշխատանքի հանդեպ։ Այս մրցանակը ոգեշնչում է ինձ, որպեսզի ես էլ ուրիշներին պայքարելու ուժ տամ, որ կարողանանք աշխարհը ավելի լավը դարձնել բոլորի համար։ Ես վստահ եմ, որ միասին կարող ենք փոխել ու ավելի ապահով սարքել աշխարհը՝ դիպչելով մարդկանց սրտերին, փոխելով նրանց մտքերը ու կիսվելով հավասարության ու ընդունման մեր անձնական պատմություններով»։