Ընտանեկան բռնության դեմ պայքարի ներքո հայ երիտասարդների հետ են աշխատում արտերկրյա էմիսարներ, որոնք այլասերում են քարոզում»,- սա «Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի խոսքերն են։ Այլասերում ասելով՝ նա նկատի ունի ԼԳԲՏ մարդկանց։

Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդդիմադիրները շահարկում են ԼԳԲՏ թեման՝ ամեն կերպ կապելով օրենքի հետ, որպեսզի բացասական լույսի ներքո ներկայացնեն օրենքի նախագիծը։ Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի բնակչության զգալի մեծամասնությունը չի ընդունում ԼԳԲՏ անձանց՝ տպավորություն են ուզում ստեղծել, որ օրենքը ծառայելու է նրանց շահերին։

Ընդդիմախոսներից՝ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» կազմակերպության նախագահ Հայկ Նահապետյանը այսպես է մեկնաբանում օրենքը․

«Ընտանեկան բռնությունը ձևակերպվում է, որ դրանք ընտանիքում ֆիզիկական, հոգեբանական, սեռական, տնտեսական բռնություններն են, որոնք կատարվում են ընտանեկան միավորների ներսում, ներկա, նախկին ամուսինների կամ զուգընկերների միջև: Որևէ մեկի համար գաղտնիք չի զուգընկերները ովքեր են՝ միասեռական զույգերն են: Ի՞նչ կապ ունի միասեռական զույգերի ամրագրումը ընտանեկան բռնությունների կանխարգելման հետ»:

Օրենքին դեմ լրատվամիջոցներն իրենց վերլուծական նյութերում նույնպես շահարկում են նույնասեռականության թեման։ Օրինակ, Նոյյան Տապան մեդիան, արձագանքելով պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքին, որ «ընտանիքը միայն ձեր նեղ անձնական տեղը չէ», գրում է․

«Բա էլ ո՞ւմ տեղն է, ոստիկանությա՞ն, Արևմուտքի փողերով այստեղ գործող, այդ թվում նաև միասեռականության և այլասերվածության այլ դրսևորումների քարոզչությամբ, միասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրանտակեր հասարակական կազմակերպությունների՞, հիշյալ օրենքի նախագծով նախատեսված և օրենքի ընդունման դեպքում ստեղծվելիք աջակցության կենտրոնների ու նրանց աշխատողների՞»։

Մեկ այլ լրավական՝ nyut.am-ը, ընտանեկան բռնության դեմ օրենքը կապում է ԼԳԲՏ անձանց հետ, քանի որ այդ օրենքի ջատագովներն են այն իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք աջակցում են կամ զբաղվում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությամբ։

«Հայաստանում բնակվող կանանց իրավունքները, վերջին շրջանում իրականացնում են զանգվածային քարոզչական և իրազեկման աշխատանքներ` ուղղված ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այդ կազմակերպություններից առավել բացահայտ գործունեություն է ծավալում «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության դեմ պայքարի քողի ներքո ամբողջ հանրապետությունում մի խումբ համախոհների մասնակցությամբ իրականացնում է այլասերության քարոզչություն, տարածում պոռնոգրաֆիկ և այլասերող գրականություն»։

Իսկ аrmalur.com լրատվականի վերլուծական նյութում հեղինակը իր վրդովմունքն էր հայտնել, որ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյան ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ջերմ է եղել ընտանեկան բռնության դեմ պայքարող կազմակերպպությունների անդամների հետ՝ գրելով․

«Երբեք աչքովս չէի տեսել այդչափ ջերմ հարաբերություններ հայ պաշտոնյայի ու միասեռականների իրավունքների պաշտպանությամբ, քարոզչությամբ զբաղվող հկ-ների անդամների մեջ»։

* լուսանկարն անտատպված է Ազատություն ռադիոկայանի՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմայով հանրային քննարկման տեսանյութից։