ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի հոգևորական Հայր Վազգեն Մովսեսյանը դարձել է ԼԳԲՏ իրավապաշտպան «Հավասարություն Հայաստան» կազմակերպության խորհրդի անդամ, հայտնում է «Ասբարեզը»։

Հայր Մովսեսյանը վաղուց է խոսում նույնասեռականների մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին։ Հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և սոցիալական մեդիայի միջոցով նա քարոզում է, որ սերը բոլորի համար է։

Նրա սերը չի սահմանափակվում միայն հայերով կամ հետերոսեքսուալներով, գրում է թերթը։ Խոսելով ամուսնության հավասարության մասին՝ նա ասել է․ «Հիսուսն ասել է սիրեք միմյանց, ու չկա ոչ մի բացառություն․․․ որևէ այլ դրույթ գոյություն չունի»։

Իհարկե նրա դեմ հարձակումներ քիչ չեն եղել, սակայն Հայր Մովսեսյանի շուրջ ամենամեծ աղմուկը բարձրացավ, երբ  2015թ ԱՄՆ-ում նույնասեռ ամուսնությունները օրինականացնելուց հետո նա ասաց․

«Հիսուսն Ավետարանում հոմոսեքսուալության հետ կապված ոչինչ չի ասել։ Հիսուսը ոչ խոսել է հոմոսեքսուալների մասին, ոչ էլ հոմոսեքսուալության դեմ է որևէ բան ասել, հետևաբար եկեղեցին չի կարող նույնասեռ ամուսնությունների դեմ դրույթներ հորինել»

Բացի իր առօրյա աշխատանքից, նա նաև հիմնել է «Ուրիշի կոշիկներում» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել աշխարհի մարդկանց, որոնք դժվար կացության մեջ են։ Նա այդ գործունեությունը սկսել է որպես պատասխան Հայոց ցեղասպանությանը, քանի որ նա հավատում է՝ մարդիկ, որոնք անցել են դժոխքով, պատասխանատու են այլոց հանդեպ անարդարությունների դեմ գործել։

Լուսանկարը՝ «Ասբարեզից»

Աջից՝ Հայր Վազգեն Մովսեսյանը, ձախից՝ «Հավասարություն Հայաստան» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Աբելյանը