Բարի օր բոլորին,

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Փինք Արմենիայի թիմի անունից  ջերմ շնորհավորանքների և մաղթանքների համար։

Փինք Արմենիայի հինադրման և գործունեության 10 ամյակը կարևորագույն պահ է մեզ  բոլորիս համար։ Իհարկե, առաջին հերթին մենք նշում ենք մեր ծննդյան տարեդարձը, ինչպես նաև հիշում այն ճանապարհը, որով կազմակերպությունն անցել է , այն բոլոր հաջողություններն ու խոչընդոտները, որոնք մեզ ավելի փորձառու և հզոր են դարձրել։

Փինքի անցած 10 տարիներից յուրաքանչյուրը, հիրավի, կարելի է անվանել փոփոխության տարի։ Այդ փոփոխություններից յուրաքանչյուրը շատ կարևոր է թե՛ մեզ՝ կազմակերպության աշխատակիցներիս, թե՛ Հայաստանում ԼԳԲՏ անձանց կյանքի համար։ Սա դեռ չի նշանակում, որ փոփոխությունները բավարար են։ Ավելին, Փինքը շարունակելու է հիմնվել այդ փոփոխությունների վրա և շարունակել իր աշխատանքը, որովհետև սա լավագույն առիթն է մեզ համար ոչ միայն նայելու դեպի հետ՝ մեր անցած ճանաարհին, այլ նաև առաջ՝ դեպի մեր առաքելությունն ու տեսլականը։ Մեր գործունեության հիմքում մշտապես ընկած են եղել մեր արժեքները, փոփոխության հասնելու ցանկությունն ու հավատը, ինչպես նաև կազմակերպության յուրաքանչյուր աշխատակցի, անդամի, ինչպես նաև կամավորի ներդրած ջանքերը ամենաանիրատեսական մտքերը իրականություն դարձնելու համար։

Ինձ համար հատկապես կարևոր է տեսնելը, որ կազմակերպությունն օր օրի աճում է, կազմակերպության անդամների կարողությունները զարգանում են րոպե առ րոպե, ինչպես նաև անցյալ տարիների կուտակած փորձը հնարավորություն է տալիս մեզ լինել ավելի ճկուն և առավել արդյունավետ ձևով արձագանքել յուրաքանչյուր դեպքի, և որ այս ամենը մեր առօրյան է և ընթանում է զուգահեռաբար։

Մեր գործընկերները, ընկերները, ինչպես նաև ծանոթ բարեկամենրը մեզ շատ հաճախ են հարցրել, թե ինչպես է պատահել, որ մենք մոտիվացված ենք մնացել այս 10 տարիների ընթացքում։ Այս հարցի պատասխանը շատ ակնհայտ է մեզ համար․ մեզ համար կարևոր է յուրաքանչյուր մարդու արժանապատիվ ապրելու և ինքնադրսևորվելու իրավունքը մեր հասարակությունում, յուրաքանչյուր անհատի լինելն այնպիսին, ինչպիսին կա։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս, հատկապես Փինք Արմենիայի թիմին, խորհրդի անդամներին, ինչպես նաև կազմակերպության բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին և կամավորներին, ինչպես նաև, իհարկե, շնորհակալություն հայտնում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր կազմակերպության հիմնադրման առաջին իսկ օրվանից հավատացել և աջակցել են կազմակերպությանը։

Միասին դեպի մի նոր տասնամյակ։

Նվարդ Մարգարյան