«Ամնեսթի Ինթերնեյշընըլ» (ԱԻ) իրավապաշտպան կազմակերպությունը ԵԱՏՄ երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում (բացի Ռուսաստանից) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու ԼԳԲՏԻ իրավապաշտպանների վիճակը։

ԱԻ-ն գրում է, որ ուսումնասիրության արդյունքում, նրանք եկել են այն եզրահանգման, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները, որոնք ուղղակիորեն զբաղվում են ԼԳԲՏԻ հարցերով «նվազ հավասար» են իրենց զգում, քան այլ հարցերով զբաղվող իրավապաշտպանները:

ԱԻ-ի հետազոտողները երկու այցով ժամանել են Հայաստան։ Առաջին այցի ժամանակ նրանց դիտարկումները պարզել են, որ քաղաքացիական հասարակության մի հատվածը և պետությունը ԼԳԲՏԻ իրավունքները չեն դիտարկում որպես մարդու իրավունքների ընդհանուր մաս։ Այս պնդմանը նրանք հանգել են Հայաստանի ԼԳԲՏԻ ակտիվիստների հետ հարցարույցներից։

Միգազգային կառույցներից, այդ թվում՝ դիվանագիտական առաքելությունները, ԼԳԲՏԻ հարցերում կարևոր աջակից լինելով հանդերձ, նման վերաբերմունք ունեն և ԼԳԲՏԻ մարդու իրավունքները ընդհանուր իրավունքներից զատ են դիտարկում, որովհետև ԼԳԲՏԻ իրավապաշտպանների համար առաձին հանդիպումներ են կազմակերպում, փոխանակ ներառեն մյուս իրավապաշտպանների հետ հանդիպումներին։

Երկրորդ այցի ժամանակ ԱԻ-ի հետազոտողները այս հարցն ավելի խորը ուսումնասիրելու համար հանդիպումներ են ունեցել ԼԳԲՏԻ ակտիվիստների, մյուս իրավապաշտպանների, Օմբուդսմենի աշխատակիցների և միջազգային կառույցներում աշխատողների հետ։

ԱԻ հետազոտողները նախ պարզել են, որ Հայաստանում իրականում կան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց աշխատանքը ուղղակի կապված չէ ԼԳԲՏԻ խնդիրներին, սակայն բացահայտ աջակցում են այդ հարցին։

Այդուհանդերձ, նրանք հայտնաբերել են, որ շատ իրավապաշտպան կազմակերպություններ և պետական օղակներ չեն աջակցում ԼԳԲՏԻ մարդու իրավունքների պաշտպանությանը, քանի որ հենց իրենք են հոմոֆոբ կամ հարձակման ենթարկվելու վախեր ունեն կամ մարդու իրավունքների հանդեպ համընդհանուր մոտեցում չունեն։

Իրավապաշտպան մի կազմակերպության տնօրեն նշել է, որ հասարակությունը թեև պատրաստ  չէ ընդունել ԼԳԲՏ մարդկանց, սակայն դա խմբակային մտածողություն է, երբ մարդկանց հետ առաձին ես խոսում, լրիվ այլ հարց է։

Ուսումնասիրության վերջում ԱԻ-ն առաջարկություններ է ներկայացրել իշխանություններին, իավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցներում աշխատողներին։

Իշխանություններին

  • Ապահովել, որ անհատները և ԼԳԲՏԻ իրավապաշտպանները կարողանան իրացնել իրենց խոսքի, միավորումներ կազմելու և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը անվտանգ, առանց խտրական վերաբերմունքի։
  • Ընդունել հակախտրականության օրենք, որը կպաշտպանի մարդկանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունից։
  • Կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնք պատասխանատվություն կսահմանեն սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ատելության հանցագործությունների համար։
  • Կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգելեն ԼԳԲՏԻ մարդկանց դեմ ատելության քարոզը։
  • Միջոցներ ձեռնարկել հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի արմատական խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ բազմազանության և բազմակարծության մասին կրթական ծրագրեր իրականացնելով, և զորավիգ լինել, որպեսզի ԼԳԲՏԻ իրավապաշտպանները և ակտիվիստները կարողանան իրացնել իրենց ազատ խոսքի իրավունքը։
  • Հանրայնորեն քննադատել հոմոֆոբ և տրանսֆոբ խտրական, թշնամական և բռնության հակման դրսևորումները։
  • Հետաքննել բոլոր ատելության հանցագործությունները, որոնք կատարվել են սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքության հիմքով։

Մյուս իրավապաշտպան կազմակերպություններին

  • Խթանել մարդու իրավունքների պաշտպանությունը բոլոր մարդկանց համար, ներառյալ՝ ԼԳԲՏԻ մարդկանց
  • Աշխատել ԼԳԲՏԻ իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ մարդու իրավունքների համընդհանուր մոտեցման համաձայն՝ խթանելով, որ հակախտրականության օրենքը բոլոր հիմքերով ընդունվի, ներառյալ՝ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։
  • Միջոցառումներ ձեռնարկել ԼԳԲՏԻ մարդկանց մասին բացասական կարծրատիպերի դեմ պայքարելու և մարդու համընդհանուր իրավունքների մոտեցումը տարածելու և պաշտպանելու համար։
  • Մշտադիտարկել ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խտրականության և բռնության դեպքերը։
  • Միահամուռ ուժերով դիմակայել պետական և ոչ պետական կառույցներին, որոնք փորձում են ահաբեկել և մարգինալացնել ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և ակտիվիստներին, և հրապարակայնորեն համերաշխություն հայտնել և աջակցել, երբ հարձակումներ են լինում։

Միջազգային կառույցներին

  • Ջանքեր գործադրել, որպեսզի տեղի իշխանությունները ընդունեն հակախտրականության և ատելության հիմքով հանցագործությունների մասին համապարփակ օրենսդրություն, և օրենքներ, որոնք կարգելեն սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով ատելության քարոզը։
  • Համագործակցել ԼԳԲՏԻ իրավապաշտպան կազմակերպությունների և ակտիվիստների հետ՝ ատելության հիմքով հանցագործությունների, ահաբեկման, թշնամանքի, բռնության դեմ պայքարելու գործում
  • Ներգրավել ԼԳԲՏԻ իրավապաշտպաններին և կազմակերպություններին մյուս իրավապաշտպանների հետ քննարկումներին և միջոցառումներին։
  • Իշխանությունների և այլ իրավապաշտպան կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ բարձրացնել սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով բռնությունների խնդիրը։