Իմ գործընկերների, ընկերների մեջ կան ԼԳԲՏ անձինք, և դրանից իմ կյանքում ոչինչ չի փոխվում, բացի նրանից, որ հարստանում են իմ շփումները և հագենում, ու բազմերանգ է դառնում իմ կյանքը:

Մի քանի տարի առաջ Թիֆլիս էինք մեկնում երկու գործընկերիս հետ։ Գիտաժողովի պիտի մասնակցեինք, և մեզ համար բնակարան էին վարձակալել: Ու էնպես ստացվեց, որ վերջին օրը ռեստորանում կերակուրից ինքնազգացողությունս կտրուկ վատացավ, ու գործընկերներիցս մեկը առաջին պատահած տաքսիով ինձ ճանապարհեց տուն:

Մյուսը, ինչպես պարզվեց, տանն էր, և հասկացա, որ ժամադրված էր, սպասում էր իր հյուրին: Ու իմ գալը իր համար շատ անսպասելի էր: Ես մտածեցի, որ ես խանգարեցի այս մարդուն, բայց իրականում, հավատացեք, վայրկյան անգամ չի ակնարկել, կամ գոնե ես չեմ զգացել, որ իմ անսպասելի վերադարձը նրան տխրեցրեց կամ զայրացրեց:

Հակառակը՝ էնպիսի հոգատարությամբ էր պտտվում շուրջս, թեյ էր տանում-բերում,  այնքան ժամանակ էր կողքիս, մինչև համոզվեց, որ ես համեմատաբար լավ եմ, կարող եմ քնել, ու նոր ինքը գնաց ու շարունակեց իր երեկոն:

Առաջին հայացքից անտրամաբանական ինչ-որ մի բան է, բայց խոսքը նրա մասին է, որ երկուսն էլ նույնասեռական, երիտասարդ, խելացի մարդիկ էին: Եվ ես ինձ հարց եմ տալիս. ինչու՞ ես պիտի հրաժարվեի իրենց հետ ճանապարհ մեկնել կամ իրենց հետ նույն տանիքի տակ մի քանի օր անցկացնել: Միայն նրա համար, որ նրանց սեռական կողմնորոշումը տարբերվում էր իմինի՞ց:

Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որպեսզի մենք մեր շփումները իսկապես կառուցենք մարդկային որակների ու մարդու արժեքի վրա:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: