2017թ․ Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունը առաջին անգամ ընդունել է փախստականների, որոնք իրենց երկրներում ճնշումների են ենթարկվել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով, այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների տարեկան զեկույցում։

Անդրադառնալով Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքներին, հաշվետվությունում նշված է, որ օրենսդրությունը ԼԳԲՏ անձանց  խտրականությունից, ատելության խոսքից, ատելության հիմքով հանցագործությունից չի պաշտպանում,  և դրանց համար դատական մեխանիզմներ չկան:

Պետքարտուղարությունը մանրամասն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից ԼԳԲՏ մարդկանց հանդեպ հանդուրժողականություն քարոզող պաստառների հեռացմանն ու Ոսկե ծիրան կինոփառատոնից ԼԳԲՏ թեմայով «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ» և «Ծիրանի այգիներ» ֆիլմերի հեռացման դեպքերին։

Հղում անելով «Նոր սերունդ» ՀԿ-ի 2016թ․ գնահատմանը՝ զեկույցում գրված է, որ տրանսգենդեր անձինք, որոնք սեռափոխություն են անում բախվում են դժվարությունների․ նրանք հորմոնաթերապիա են անցնում առանց բժշկական հսկողության, իսկ վիրահատություններն արվում են թաքուն՝ ընդհատակում։ Բացի այդ, դժվարություններ են լինում սեռափոխությունից հետո նոր փաստաթղթերի ձեռք բերման հարցում։

Հաշվետվությունում, հղում անելով «Իրավունքի կողմ» տրանսգենդեր անձանց իրավապաշտպան ՀԿ-ին, նշված է, որ 2017թ․ հուլիսի 4-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը եկել է իրենց գրասենյակի մոտ, հարձակվել ու վիրավորել կազմակերպության նախագահին։

Զեկույցում անդրադարձ կա նաև նույնասեռականների խնդիրներին՝ կապված զինված ուժերի հետ․ գեյերը, որոնք չեն թաքցնում իրենց սեռական կողմնորոշումը ազատվում են զինվորական ծառայությունից, սակայն, իրենց անձնական տվյալների մեջ նշվում է, որ  հոգեկան խանգարում ունեն, ինչը խոչընդոտում է աշխատանք գտնել և վարորդական իրավունք ձեռք բերել։ Ըստ հաղորդումների, գեյերը, որոնք ծառայել են բանակում ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, ինչպես նաև նրանց նկատմամբ սպառնալիքներ են լինում, ասված է զեկույցում։