Մոտ 180 հոգի ներկա էր Լոս Անջելեսի գեյերի և լեսբիների հայկական կազմակերպության (Գալասի) 20-ամյակին։ ԼԳԲՏՔ հայ համայնքը մտերմիկ միջավայրում շրջապատված էր ընկերներով և ընտանիքի անդամներով՝ նշելու ԼԳԲՏՔ հայերին զորացնելու 20 տարին։

Մամիկոն Հովսեփյանը և Ջեյմս Ադոմյանը

Այս տարվա միջոցառման պատվո հյուրերն ու մրցանակիրներն էին՝

Փոփոխություններ բերողի մրցանակ։ Շնորհվել է Փինք Արմենիայի գործադիր տնօրեն և Գալասում Հայաստանը ներկայացնող Մամիկոն Հովսեփյանին, որը մրցանակ է ստացել Հայաստանում ԼԳԲՏՔ և մարդու իրավունքները պաշտպանելու համար։

Սուպերսթար մրցանակ։ Շնորհվել է հանրայնորեն հայտնի գեյ, կատակերգու և դերասան Ջեյմ Ադոմյանին, որը ամերիկահայ մաթեմատիկոս Ջորջ Ադոմյանի թոռն է։ Նա ԼԳԲՏՔ մարդու իրավունքների պաշտանության առաջամարտիկներից է, որը վերջերս քննադատել է «Շաբաթ ու երեկո» հեռուստահաղորդումը (SNL), որ վերջին 30 տարիներին ոչ մի անգամ նույնասեռական մարդ իրենց մոտ լսումներ չի ունեցել։

Ծագող աստղ մրցանակ։ Շնորհվել է բանակի պահեստային զինվորական Ռուդի Ակբարյանին, որը վերջերս հանրայնորեն քննադատել է տրանսգենդեր մարդկանց բանակում ծառայելն արգելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։

Առաջնորդի (Trailblazer) մրցանակ։ Շնորհվել է Ազադ Մազմանյանին, որը 90-ականներին առաջիններից էր, որ Լոս Անջելեսում կազմակերպեց սոցիալական միջավայր հայ ԼԳԲՏՔ մարդկանց համար, որն ի վերջո վերածվեց Գալասի։

Փոփոխություններ բերողի մրցանակը շնորհելիս Գալասի անդամ Գևորգ Խուդյանն իր խոսքում նշեց․ «Ես Մամիկոնին գիտեմ 2003թ․-ից։ Մեր ընկերությունն ինձ համար նվեր էր։ Ես շատ ուրախ եմ, որ ես եմ ներկայացնում նրան  Գալասի՝ Փոփոխությունների բերողի մրցանակը հանձնելիս՝ Փինք Արմենիայում իր կատարած աշխատանքի համար»։

Գևորգ Խուդյանն ու նրա ամուսինը՝ Կարո Մարգարյանը, Փինք Արմենիային նվիրաբերեցին 12 000 դոլար՝ կազմակերպության գրասենյակի վարձակալության և այլ ծախսերի համար։

Հատված Մամիկոն Հովսեփյանի ճառից՝ Գալասի 20-ամյակի կապակցությամբ

«Երբ 1998թ․ Գալասը հիմնադրվեց, ես 16 տարեկան էի ու պայքարում էի իմ սեռականության դեմ Հայաստանի ամենապահպանողական քաղաքներից մեկում՝ Գյումրիում։ 5 տարի անց ես արդեն ունեի խիզախություն, որպեսզի մասնակցեմ փոփոխությունների գործընթացին։

Ես հիշում եմ, որ կար ժամանակ, երբ մենք՝ քվիր հայերս, փորձեցինք միավորվել, և այդ ժամանակ Գևորգն ու այլ հրաշալի ընկերներ փորձեցին  օգնել մեզ, որպեսզի ավելի կազմակերպված լինենք։ Այդ ժամանակ էր, որ սկսեցի հաղթահարել իմ վախերը և դրանից հետո ռեժիմի դեմ պայքարում, համայնքը, որին ես պատկանում եմ, պաշտպանելու, լռեցվածների ձայնը բարձրացնելու, արդարության, հավասարության ու արժանապատվության պայքարում ոչինչ չի կարող կանգնեցնել ինձ։

Ես այստեղ եկել եմ Հայաստանից, մեր հայրենիքից, որտեղ հոմոֆոբիան դեռ մեծ խնդիր է։ Մեր պապերն ու տատերը վերապրել են ցեղասպանությունը, որի պատճառն էին մարդիկ, որոնք ատել են մեզ հայ լինելու կամ քրիստոնյա լինելու համար, ուրեմն ինչպե՞ս կարող է նույն կրոնը ատելություն սերմանել իր իսկ ժողովրդի դեմ։ Ատելությունը տեղ չունի մեր հասարակությունում։

Մեկ անգամ ասել եմ, ուզում եմ կրկնել։ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի, որպեսզի դառնա աշխարհում լավագույն երկրներից մեկը, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքները, որտեղ բոլորն են վայելում հավասարությունը և ներդաշնակությունը, որտեղ գոյություն չունի խտրականություն։

Եվ այսօր մեր հաջողությունները տոնելու լավագույն օրն է, որովհետև մենք ստեղծում ենք Հայաստանի ապագան, սիրո և համերաշության ապագան»։