Հուլիսի 19-ին Վարչական դատարանում տեղի ունեցավ Հրանային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ մշակույթի նախարարության գործով հերթական դատական նիստը, որը վարում է դատավոր Ռաֆիկ Խանդանյանը։

2017թ․ Փինք Արմենիան դիմել էր մշակույթի նախարարությանը, որպեսզի ԼԳԲՏ անձանց հանդեպ հանդուրժողականություն քարոզող գովազդները սոցիալական ճանաչվեն։ Նախարարությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ գովազդները հանրային կարևորություն չունեն, որ հասարակությունը տեղյակ է «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցող անձանց գոյության մասին, հետևաբար այն գովազդելու կարիք չկա և որ գովազդում առկա են պատվիրատու կազմակերպության համացանցի հասցեն ու QR կոդը։

Փինք Արմենիայի ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը դատարանին ներկայացրեց Հայաստանում ԼԳԲՏ անձանց անբարենպաստ իրավիճակի վերաբերյալ մի շարք զեկույցներ ու ուսումնասիրություններ՝  փաստելու, որ խնդիրը հանրային կարևորության հարց է։ Դատարան ներկայացվեց այլ երկրներում նույն թեմայով իրականացված գովազդային արշավների օրինակներ։

Պետրոսյանը նշեց, որ գովազդները սոցիալական չճանաչելու մշակույթի նախարության եզրակացության այն կետը, թե դրանք որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում, ցույց է տալիս, որ նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, քանի որ գովազդներն ուղղված էին, ոչ թե իրազեկելու, որ սեռական փոքրամասնություններ գոյություն ունեն, այլ որ նրանց նկատմամբ հանդուրժող վերաբերմունք ձևավորվի՝ ավելացնելով, որ Փինք Արմենիան մի քանի անգամ փորձել է մշակույթի նախարարության հետ հանդիպել ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին իրազեկելու համար, սակայն արձագանք չի ստացել։

Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Անուշ Ղազարյանը, որը նաև նախարարության իրավաբանական վարչության պետն է, վերահաստատեց տեսակետը, որ եթե գովազդում առակ են պատվիրատուի համանանցի հասցեն և QR կոդերը, ապա այն սոցիալական չի կարող ճանաչվել՝ նշելով, որ գովազդները նպատակ ունեին ոչ թե բարձրաձայնելու որոշակի սոցիալական խնդրի մասին, այլ գովազդելու այդ կազմակերպություններին։

Հասմիկ Պետրոսյանը հակադարձեց, որ օրենսդրությամբ չի արգելվում ոչ առևտրային կազմակերպության կոնտակտային տվյալները ներառել սոցիալական գովազդում։

Ղազարյանը նաև ասաց, որ թեև իրենք գովազդների բովանդակությանը չեն անդրադարձել, սակայն այդ գովազդները կարող են խեղաթյուրել անչափահասներին։ Ինչին դատավոր Խանդանյանը արձագանքեց, թե արդյոք նրանք որևէ հետազոտություն են արել ու այդպիսի բան պարզե՞լ։ Ղազարյանը որևէ հետազոտություն չնշեց։

Փինք Արմենիան մշակույթի նախարարության դեմ հայցով պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված պաստառները ճանաչել սոցիալական գովազդ՝ զերծ մնալով խտրականությունից։

Դատական նիստը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 3-ը՝ ճառերի նախապատրաստման համար։