Հուլիսի 28-ին Բեռլինում Մամիկոն Հովսեփյանն արժանացել է «Սթոունվոլի հոգի» (Soul of Stonewall) մրցանակին` ԼԳԲՏ ակտիվիզմի և իրավապաշտպան գործունեության համար:

Մրցանակը Հովսեփյանին է հանձնել Ամնեսթի Ինթերնեյշընըլ իրավապշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆան Կուպերը, որն իր ելույթում խոսել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների, Հայոց ցեղասպանության մասին: Նաև մեջբերում է արել Հայաստանի հիմնից ասելով՝ թող միշտ պանծա Հայաստան:

Հովսեփյանն իր ելությում անդրադարձել է Հայաստանում հոմոֆոբիայի պատճառներին, ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների բացակայությանն ու իր գործունեությանը.  «Ես մի երկրից եմ, որտեղ հոմոֆոբիան դեռ մեծ խնդիր է: Դարերի ընթացքում մեր երկիրն անցել է ոճրագործությունների, պատերազմների և ցեղասպանության միջով, բայց դեռևս մենք որպես ազգ չենք սովորել հարգել և պաշտպանել մեկս մյուսին: Մարդիկ դեռ ատում են, այն, ինչ ուրիշ է: Վերջերս մեզ մոտ եղավ աշխարհի ամենահիշվող հեղափոխություններից մեկը: Մենք այն կոչել ենք Սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ փոխենք հասարակության կարծիքը»,- ասել է Հովսեփյանը:

10 ամսվա մեջ սա Մամիկոն Հովսեփյանի երրորդ մրցանակն էր: Առաջինը նա ստացել էր Լոնդոնում՝ Բոբ Հեփըլի հավասարության մրցանակը, երկրորդը Լոս Անջելեսում՝ Փոփոխություններ բերողի մրցանակը:

2014թ. «Սթոունվոլի հոգի» մրցանակին է արժանացել ավստրիացիա հայտնի երգիչ Կոնչիտա Վուրստը: