Շվեյցարիան քրեական օրենսգրքում փոփոխություն է անում, ըստ որի այն մարդիկ, որոնք հոմոֆոբ կամ տրանսֆոբ վերաբերմունք կդրսևորեն այլոց նկատմամբ կպատժվեն այնպես, ինչպես ռասիստները, հաղորդում է «Գեյ Թայմսը»։

Շվեյցարիայի Ազգային խորհուրդը սեպտեմբերի 25-ին օրենքի փոփոխությանը կողմ է քվեարկել, սակայն այն դեռ ընդունված չէ, քանի որ դեռ պետք է քննարկվի նաև Կանտոնների խորհրդում։ Եթե օրենքի փոփոխությունը վերջնական ընդունվի, ապա օրինախախտները կպատժվեն մինչև 3 տարվա ազատազրկմամբ։

Օրենքի հեղինակ Մաթիաս Ռեյնարդը, տոնելով հաջողությունը, Թվիթերում գրել է․ «Հաղթանա՜կ։ 118 կողմ, 60 դեմ և 5 ձեռնպահ ձայներով Ազգային խորհուրդն ընդունեց հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ խրոհրդարանական իմ նախաձեռնությունը։ Մարդու իրավունքների համար փայլուն հաջողություն է։ Վերջանական պատասխանը կտա Կատոնների խորհուրդը դեկտեմբերին»։

Քվեարկությունից հետո Ռեյնարդն ասել է, որ հոմոֆոբիան կարծիք չէ, այլ՝ հանցանք․ «5 նույնասեռականից մեկը ինքնասպանության փորձ է անում, որոնց կեսը՝ մինչև 20 տարեկան։ Այս հաղթանակը կարևոր ազդանշան է ուղարկում։ Ես արդեն հարյուրավոր արձագանքներ եմ ստացել»:

Պատգամավորը նշել է, որ այժմ պատրաստվում է ամուսնության հավասարության հարցը բարձրացնել։ Նույնասեռ ամուսնությունները Շվեյցարիայում օրինականացված չեն, 2007թ․ գործում է քաղաքացիական միությունները ու նույնասեռ զույգերը չեն օգտվում նույն իրավունքներից, ինչ հետերոսեքսուալ զույգերը։