Media.am-ը հրապարակել է Փինքի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանի անդրադարձը նախընտրական շրջանում ատելության քարոզի ակտիվացման վերաբերյալ:

Հայաստանում սովորույթ է դարձել ընտրություններից առաջ, ինչպես նաև քաղաքական ճգնաժամերի ընթացքում, շահարկել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս անձանց) հարցերը։ Սեռականության մասին տեղեկության բացակայությունը հեշտացնում է շահարկման գործընթացը և չիմացության պատճառով առաջացած վախի մթնոլորտում ատելության քարոզն առավել, քան երբևէ, դառնում է շատ վտանգավոր երևույթ։

Շատերը դեռ կհիշեն, երբ հեղափոխության առաջնորդ և վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 100 օրվան նվիրված հանրահավաքը խափանելու նպատակով մարդկանց որոշ խմբեր սկսեցին կեղծ պաստառներ տարածել՝ փորձելով Փաշինյանի և ԼԳԲՏ համայնքի միջև համագործակցության եզրեր ցույց տալ:

Նույնիսկ ասացին, որ իբր ԼԳԲՏ անձինք դրոշակներով մասնակցելու են հանրահավաքին։

Դա իհարկե, արվեց հաշվի առնելով հասարակության անհանդուրժող վերաբերմունքը, ենթադրելով, որ մարդիկ այդ պարագայում չեն մասնակցի հավաքին կամ հակառակը, մասնակիցների մեջ հավանաբար կլինեն տարբերվողներ, ում հետ վիճաբանություն կսկսվի և հավաքը կտապալվի։

Այսինքն, այս ամեն ինչի հիմքում դրված էր նոր կառավարությանը վարկաբեկելու և նախկիններին բարձրացնելու հարցը։

Ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը տեղի չունեցավ, ատելության քարոզի ինստիտուտն այս պարագայում չաշխատեց, սակայն բացասաբար անդրադարձ ունեցավ հենց ԼԳԲՏ անձանց վրա։

Նույնը, բայց ավելի մեծ ռեսուրսներով, արվում է հիմա՝ ընտություններից առաջ։

Քաղաքում հայտվել են գունավոր պաստառներ, որտեղ ասվում է՝ նույնասեռականները Փաշինյանի կողմից են, և պաստառի վրա նշված է կայք։ Կայքում կան մի քանի նյութեր՝ վերցված այլ աղբյուրներից, իսկ ամենահետաքրքիրը նրանց գործընկերների բաժինն է։

Առաջին օրերին այնտեղ կային մի շարք տեղական կազմակերպությունների և անհատների անուններ, սակայն դժվար չէր նրանցից շատերի հետ կապ հաստատել ու պարզել, որ նրանք որևէ կապ չունեն և չեն ճանաչում նման նախաձեռնություն։ Այդ թվում որպես գործընկեր նշված էր նաև Փինք Արմենիան և չորս անձանց անուններ, որոնցից իրականում միայն մեկն է կազմակերպության աշխատակից։

Ինչևէ, հասկանալով, որ այս ինֆորմացիան հեշտ է ճշտել, նրանք արագ ջնջեցին տեղական կազմակերպությունների և անհատների անունները՝ թողնելով միայն չորս միջազգային կազմակերպությունների լոգոներ։ Սակայն միջազգային կառույցների հետ զրուցելիս ևս պարզեցինք, որ դրանք չեն ճանաչում և որևէ կապ չունեն այդ նախաձեռնության հետ։

Իսկ երեկ արդեն այս նախաձեռնությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն՝ լուսանկարներով և տեսանյութով, որ նոյեմբերի 16-17-ը ակցիա են իրականացրել Երևանում։

Պարզվում է այդ ակցիային մասնակցել են չորս օտարերկրացի, որոնք քաղաքի տարբեր վայրերում մի քանի վայրկյան քայլել են, լուսանկարվել գունավոր դրոշով ու պաստառով։

Նրանց հաղորդագրությունը հիմնականում տարածել են այն ԶԼՄ-ները, որոնք մշտապես աչքի են ընկել ատելության քարոզով:

Դեռ ավելին, նրանցից շատերը այս նախաձեռնության նկարներն ու հաղորդագրությունն այդքան գրավիչ չեն գտել, որ փոփոխել են այնպես, որ իրավիճակն ավելի շատ սրվի։

Հաղորդագրության նախնական տարբերակում նշված է եղել, որ ակցիան անցկացրել են Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստները, իսկ արդեն ատելություն քարոզող լրատվամիջոցներն օգտագործել են Հայաստանի ակտիվիստների նկարը, քանի որ դա կարող էր բարձրացնել ատելության ավելի մեծ ալիք, քան ինչ-որ օտարերկրացի անծանոթ չորս երիտասարդների նկարները։

Պարզ է դառնում, որ սա ևս կուսակցությունների միջև հերթական խաղն է, և որպես քավության նոխազ, կրկին ընտրել են ԼԳԲՏ հարցերը։ Այս խաղի արդյունքում տուժում են անհատներ, որոնք դառնում են ատելության քարոզի զոհը և թիրախավորվում սոցիալական մեդիայից մինչև իրական կյանք։

Այս կապակցությամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել:

Միֆերի և փաստերի վերաբերյալ Գեղամ Վարդանյանի հոդվածը ևս կարող եք կարդալ Media.am կայքում։