2018թ․ ԼԳԲՏ մարդկանց տարին էր, բայց ոչ դրական իմաստով: Ամբողջ տարվա ընթացքում, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո, ԼԳԲՏ հապավումը Հայաստանի բնակչության շուրթերից չէր իջնում, և կրքերը հանդարտվեցին ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ ԼԳԲՏ հարցը շահարկելու կարիք այլևս չկար:

Հիմա կարճ ամփոփենք, թե ինչեր եղան տարվա ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոլորտում և ԼԳԲՏ մարդկանց կյանքում:

Շուռնուխ գյուղի բռնությունները

Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղում բռնությունն այս տարվա ամենացավալի դեպքն էր:

Շուռնուխ գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանը հյուրընկալել էր իր ընկերներին, որոնց մեջ կային ԼԳԲՏ անձինք: Գյուղի և Գորիսի բնակիչները, իմանալով այդ, գնացել էին Հայկենց տուն, դուրս կանչել հյուրերին ու պահանջել, որ հեռանան գյուղից: Արդյունքում նրանց ծեծեցին, քարերով հարվածեցին ու վտարեցին գյուղից:

Այդ հարվածներով ու նվաստացմամբ ամեն ինչ չավարտվեց: Դեպքից հետո հասարակության տարբեր խավեր արդարացրին բռնությունը, նրանց թվում՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, արվեստագետներ, փաստաբաններ, լրագրողներներ և, իհարկե, հոգևորականներ: Նույնիսկ ավտոերթ, ապա քեֆ-ուրախություն կազմակերպվեց Շուռնուխ գյուղում՝ ի պաշտպանություն բռնարարների:

Իսկ Գորիսի քննաչական բաժինը կարճեց քրեական գործը՝ հիմք ընդունելով հոկտեմբերին արձակված համաներումը:

Քաղաքապետարանի և մշակույթի նախարարության դեմ դատական գործերը

ԼԳԲՏ թեմայով սոցիալական գովազդի երեք պաստառները տեղադրվել էին Երևանի կենտրոնում 2017թ: Գովազդային վահանակներում դրանք մնացին ընդամենը երկու օր, որովհետև քաղաքապետարանը որոշեց հեռացնել՝ հիմնավորելով, որ գովազդային գործակալությունը դրանք տեղադրելու թույլտվություն չէր ստացել: Հետագայում ոչ մի գովազդային գործակալություն չհամաձայնեց զբաղվել գովազդների տեղադրման հարցով:

Փինք Արմենիան դիմել էր դատարան, որպեսզի վերականգնեն գովազդային պաստառներն ու ճանաչեն կազմակերպության ոտնահարված իրավունքները՝ համարելով, որ պաստառները հեռացման հարցում առկա է խտրականության գործոն, քանի որ թեման առնչվում է ԼԳԲՏ մարդկանց:

2018թ. սեպտեմբերին վարչական դատարանը, 9 ամիս տևած դատի վերջին նիստում, որոշեց կարճել գործը: Փինք Արմենիան դիմել է վերաքննիչ դատարան:

2017թ. նույն գովազդների համար Փինք Արմենիան դիմել էր մշակույթի նախարարություն՝ դրանք սոցիալական ճանաչելու համար: Նախարարությունը մերժել էր՝ պատճառաբանելով, որ գովազդները հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում:

Այս առիթով Փինք Արմենիան նույնպես դիմել էր վարչական դատարան: 2018թ. հոկտեմբերին այս գործը նույնպես մերժվեց, ու կրկին Փինք Արմենիան դիմել է վերաքննիչ դատարան:

ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորում

2018թ. նոյեմբերի 15-18 Երևանում նախատեսված էր անցկացնել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը, որի հայաստանյան համակարգողն էր «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունը: Հայաստանից և արտերկրից մոտ 40 հոգի պետք մասնակցեին միջոցառմանը:

Սակայն հակաԼԳԲՏ խմբերի, եկեղեցականների, քաղաքական և հասարակական որոշ գործիչների սպառնալիքների արդյունքում պետությունը տեղի տվեց:

Ոստիկանությունը հայտարարեց, որ ֆորումն անցկացնելը նպատակահարմար չէ : Այսպիսով ևս մեկ հետ քայլ արվեց ժողովրդավարությունից, ու խախտվեց մարդկանց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ

ԼԳԲՏ մարդկանց դեմ բռնություններից, թեմայի շահարկումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վերջո անդրադարձավ խնդրին: ԱԺ-ում, պատասխանելով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որն ավելի վաղ ԼԳԲՏ մարդկանց Հայաստանից վտարելու կոչով էր հանդես եկել, Փաշինյանն ասաց, որ ԼԳԲՏ մարդկանց թեման նրանց համար գլխացավանք է ու հույս ունի, որ իրենց կառավարությունը չի առնչվի այս խնդրին:

Թեև նա սկսեց Ֆրանսիայում ապրող մի հայ նույնասեռական տղայի պատմությունից, որը նրան պատմել էր, որ Հայաստանից հազիվ է փախել և այլևս չի պատրաստվում վերադառնալ, սակայն ելույթի շարունակությունը նա կառուցեց ոչ թե մարդու իրավունքների ու Հայաստանի ցանկացած քաղաքացու արժանապատիվ ապրելու համատեքստում, այլ խնդրից խուսափելու վրա:

ՀակաԼԳԲՏ օրենքների նախագծեր

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ միասին Երեխաների իրավունքների պաշտպանության օրենքում փոփոխություն անելու նախաձեռնությամբ հանդես եկավ, ըստ որի, պետք է արգելվեր անչափահասների շրջանում «նույնասեռականության քարոզչությունը»: Սակայն կառավարությունը հավանություն չտվեց նախագծին: Հետագայում Շարմազանովը շարունակեց մանիպուլացնել ԼԳԲՏ թեման և ԱԺ նախընտրական ընտրությունների իր քարոզարշավը կառուցեց ԼԳԲՏ մարդկանց դեմ և ատելության խոսքի հիման վրա: Նույնն էր անում իր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն:

Նման մի բան էլ փորձեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը անել: Նա նույնասեռականներ ամուսնությունն արգելելու նախագիծ ներկայացրեց, որը նույնպես կառավարությունը մերժեց:

Տրանսգենդեր անձանց անվանափոխություն

Այս տարվա հաղթանակներից էր, որ անվանափոխվեցին երկու տրանսգենդեր անձ՝ առանց տրանսգենդեր լինելու մասին փաստող հոգեբանական եզրակացության:

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը չի պահանջել հոգեբականան եզրակացություն տրանսգենդեր անձանց անունը փոխելու համար:

«Լսիր ինձ» ֆիլմը հանրայնացվեց

 

Այդուհանդերձ, թեև տարվա ընթացքում քննարկումներից հիմնականում բացակայում էին ԼԳԲՏ մարդկանց տեսակետները, բայց տարվա վերջում բացվեց «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը: Բոլոր հայհոյողներին առաջարկում ենք, դիտել ֆիլմը, լսել ԼԳԲՏ մարդկանց, որպեսզի ի վերջո մի փոքր պատկերացում ունենան ԼԳԲՏ անձանց մասին: