Սիրելիներ,

Փինք Արմենիան 11 տարեկան է, ինչի համար շնորհավորում եմ բոլորիս՝ կազմակերպության անդամներին, խորհրդին, աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր- բոլոր այն մարդկանց, որոնց կյանքում Փինքն ունի իր ուրույն տեղն ու դերը։ Այս տարին իսկապես հագեցած էր բազմաթիվ իրադարձություններով եւ լավ ու վատ տպավորություններով․ փորձություններով լի տարի էր։

Ապրիլ-մայիս ամիսներին մենք էլ շատ շատերի նման փողոցներում մասնակցում էինք հեղափոխական գործընթացներին՝ ավելի արդար, իրավահավասար երկիր կառուցելու տեսլականով, որում յուրաքանչյուր մարդ ընդունված եւ հարգված կլինի։

Սակայն հետհեղափոխական Հայաստանում լարվածությունը ոչ միայն չթուլացավ, այլեւ շարունակվեց եւ ավելի սրվեց «տարբերվողների» հարցը՝ այն պարբերաբար արհեստականորեն օրակարգ բերելով եւ տարբեր իրադարձությունների ֆոնին մանիպուլացվելով։

ԼԳԲՏ անձանց մասին կեղծ տեղեկություններ տարածող ԶԼՄ-ների հրապարակումները ամենակարդացվողն էին, ատելության խոսքն էլ ավելի ուժգնացավ սոցիալական մեդիայի տիրույթում, ինչի արդյունքում մենք ականատես եղանք, թե ինչպես Շուռնուխ գյուղում մարդկանց քարկոծելով  «վռնդեցին» այնտեղից, քանի որ «վերջիններիս արտաքինն ու սեռական կողմոնորոշումը» չէին համապատասխանում իրենց ակնկալիքներին։ Ավելին, ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում, ինչպես եւ ակնկալելի էր, ԼԳԲՏ թեմաների մանիպուլյացիան  օրակարգից դուրս չմնաց, ավելին, զետեղվեց քաղաքական գովազդներում, հասավ բանավեճեր, որտեղ քաղաքական ուժերը փոխանակ խոսեին մարդու իրավունքները պաշտպանելու մեխանիզմներից, իրար մեղադրում էին ԼԳԲՏ ակտիվիստ լինելու մեջ։

Սակայն կազմակերպությունը կարողացավ իր ուժերին վստահ առաջ գնալ, լուծել իր օրակարգում դրված որոշ խնդիրներ, ինչպես նաեւ շարունակեց իր աշխատանքը կոնկրետ մարդկանց կյանքում փոփոխություններ բերելու գործում։ Յուրաքանչյուր մարդու կյանքում փոփոխությունը, յուրաքանչյուր զավակին ընդունող ծնողը, յուրաքանչյուր համախոհ եւ փոփոխություն մեր լավատեսության աղբյուրն են եւ մեր ապագա հաջողությունների ակունքը։ Այդ ամենը մեզ ուժ է տալիս շարունակելու մեր գործունեությունը՝ ազատ, անկաշկանդ եւ արդար պետության ստեղծման գործում, որը հայրենիք կլինի բոլորի համար, որտեղ բոլորը կլինեն ազատ, հարգված, պաշտպանված եւ երջանիկ։ Այդպես մեզ ուժ տվողներից էին «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի հերոսները, որոնք ձեզ էլ ուժ կտան, եթե այսօր 14։00-ին միանաք առցանց ֆիլմի դիտմանը այստեղ։

Շնորհավոր ծնունդդ, Փի՛նք։

Փինք Արմենիայի նախագահ Նվարդ Մարգարյան