70 տարի առաջ դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Այնպես, որ բացի այն, որ այսօր ամփոփվում են Ազգային ժողովի ընտրության արդյունքները, հիշենք, որ դեկտեմբերի 10-ը նաև մարդու իրավունքների պատշտպանության միջազգային օրն է:

Թեև Հայաստանում վերականգնվել է ազատ ընտրելու հնարավորությունը, ինչի առիթով ևս շնորհավորում ենք մեր համաքաղաքացիներին, սակայն մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանը դեռ բազմաթիվ անելիքներ ունի:

2018թ. բուռն էր Հայաստանում. մենք իշխանափոխության ականատեսն էինք, բայց դրանից հետո չդադարեցին մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը՝ սկսած հավաքների անցկացման իրավունքի խախտումից, մինչև խտրականությունից զերծ լինելու և անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքների խախտումներ:

Հույս ունենք և պահանջելու ենք, որ նոր խորհրդարանն օրակարգում պահի մարդու իրավունքների հարցը, հատկապես խոցելի խմբերի՝ ԼԳԲՏ անձանց, կանանց, հաշմանդամություն ունեցողների, կրոնական փոքրամասնությունների, թմրամիջոց գործածողների, ՄԻԱՎ-ով ապրողների, ինչպես նաև ուշադրություն դարձնի աղքատության խնդրին, ջանքեր գործադրի արդարության վերականգնման համար, որի բացակայության պատճառով մարդիկ ուղղակի հնարավորություն չեն ունենում վերականգնելու իրենց ոտնահարված իրավունքները:

Հետևողական ենք լինելու, որպեսզի Ազգային ժողովի ամբիոնը չօգտագործվի մարդկանց արժանապատվությունը վիրավորելու համար ու չդառնա ատելության խոսքի բեմ:   

Հպարտ և արժանապատիվ քաղաքացի նշանակում է քաղաքացի, որի իրավունքները պաշտպանված են: Այնպես, որ կրկին շնորհավորում ենք բոլորին ու մաղթում ապրել այնպիսի Հայաստանում, որի իշխանությունը կկատարի իր պարտավորություններն ու կպաշտպանի մարդու իրավունքները: