Նոր տարին սկսում ենք մի շարք զգալի փոփոխություններով․ մենք այսուհետ պաշտոնապես հանդես ենք գալու հանրության շրջանում առավել հայտնի «Փինք» անվանումով, քանի որ կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Փինք» իրավապաշտպան ՀԿ և այլևս չի կրում նախկին՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» անվանումը։ Միևնույն ժամանակ, մեր կանոնադրությամբ, որպես մեր շահառուներ արդեն հստակ նշվում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս) անձինք, նրանց ընտանիքի անդամները, համախոհները, ՄԻԱՎ-ով ապրող և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող անձինք։ Կանոնադրության մեջ նաև նշվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող մեր ծառայությունների մասին, որոնք ներառում են իրավական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություններ՝ անձանց սեռով, գենդերով, սեռական կողմնորոշմամբ, գենդերային ինքնությամբ և/կամ արտահայտմամբ և այլ հատկանիշներից պայմանավորված խտրականությունից, ատելության խոսքից և ատելության հիմքով կատարված հանցագործություններից տուժած անձանց։ Այս հանգամանքը եզակի է ՀՀ-ում գոյություն ունեցող իրավապայմաններում և գործող ՀԿ-ների շրջանում, քանի որ պետական մարմինները ամեն կերպ խուսափում են նշված խմբերի մասին իրավական/պաշտոնական փաստաթղթերում որևէ նշում կատարելուց։

Կազմակերպությունն այս տարի ընտրել է նոր նախագահի։ Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահն ընտրվում է անդամների ընդհանուր ժողովի կողմից` 2 տարի ժամկետով: Նախորդ նախագահ Նվարդ Մարգարյանի նախագահության տարիները կարելի է, իրավամբ, համարել կազմակերպության գործունեության համար ծաղկուն ժամանակաշրջան, և մենք մեր խորին երախտագիտությունն ու ջերմագին բարեմաղթանքներն ենք հղում նրան իր երկար տարիների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի համար։

Իսկ Փինքի նոր նախագահն է Լիլիթ Ավետիսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է Փինքում, կարողացել իր աշխատասիրության ու մասնագիտական բարձր գիտելիքների, մարդկային հատկանիշների շնորհիվ արժանանալ կազմակերպության անդամների, աշխատակիցների, գործընկերների, համախոհների, և ընդհանրապես, ողջ համայնքի վստահությանն ու հարգանքին։ Լիլիթ Ավետսիյանը համակարգել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ԼԳԲՏ համայնքի զարգացման ու կազմակերպության համար, այլև մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Մաղթում ենք նրան նորանոր վերելքներ։