«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր առջև դրված խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ լուծելու և նախանշված նպատակներն իրագործելու համար յուրաքանչյուր տարին սկսում է կազմակերպության աշխատանքների պլանավորումով, որի ժամանակ քննարկվում են կազմակերպության գործունեությունը, քաղաքականությունները և ռազմավարությունը։

Այս տարվա պլանավորումը տեղի ունեցավ հունվարի 7-ից 10-ը, որին մասնակցեց կազմակերպության հիմնական աշխատակազմը։ Պետք է նշել, որ այն անցկացվում էր կազմակերպության արդեն նոր նախագահի՝ Լիլիթ Ավետիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր թիմին միացած ևս մեկ նոր աշխատակցի մասնակցությամբ։

Քառօրյա պլանավորման ընթացքում ամփոփվեցին 2018 թվականին իրականացված աշխատանքներն ու միջոցառումները, կազմակերպության գրանցած հաջողություններն ու բացթողումները, պլանավորվեցին կազմակերպության կողմից 2019 թվականին կատարվելիք գործողությունները՝ ըստ ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև քննարկվեցին Փինքի աշխատանքները կարգավորող քաղաքականությունները։

ԼԳԲՏ անձանց արտահայտած կարիքների հիման վրա պլանավորվեցին համայնքային զարգացման հետագա գործողությունները։

Մատնանշվեց Փինքի գործունեության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և ջատագովության գործում։ Մասնագետները ներկայացրեցին խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի, ընտանեկան բռնության դեպքերը, միջազգային և ներպատական իրավակարգավորումները և այլ հիմնահարցեր։