Հյումըն ռայթս ուոթչը հրապարակել է 2019թ․ Համաշխարհային զեկույցը, որն անդադառնում է նախորդ տարվա՝ մարդու իրավունքների հարցերին։ Զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ բաժնում առանձնացվում են երկրի քաղաքական փոփոխություննեը, նաև Երևանի ՏԻՄ ընտրությունները, իրավապահ մարմինների չարաշահումների հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, կանանց իրավունքները և ԼԳԲՏ իրավունքները։

Զեկույցի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերի վերաբերյալ հատվածում արծարծվում է Շուռնուխ գյուղում տեղի ունեցած բռնության դեպքը, որտեղ մոտավորապես 30 անձից բաղկացած մի խումբ հարձակվել էր ինը երիտասարդների վրա, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների: Հարձակվողները վազել էին Հայկ Հակոբյանի և նրա հետ եղած ակտիվիստների հետևից, երբ նրանք փորձել էին փախչել, հարվածել էին ոտքերով, խփել, քարեր նետել և հայհոյանքներ հնչեցրել՝ վնասվածքներ հասցնելով նրանցից վեցին:

Ավելի վաղ՝ ապրիլին, Հակոբյանը մեկ այլ հոմոֆոբ հարձակման զոհ էր դարձել։ Նա հաղորդում էր ներկայացրել դեպքի մասին, սակայն իրավապահ մարմինները արդյունավետ քննություն չեն իրականացրել։

Զեկույցում նաև նշվում է, որ ԼԳԲՏ անձինք ենթարկվում են հետապնդումների, խտրականության և բռնությունների:  Սոցիալական մեդիայում ատելության խոսք ու վիրավորական մեկնաբանություններ շրջանառվեցին մայիսին երաժիշտ Էլթոն Ջոնի և նրա ամուսնու՝ Հայաստան կատարած մասնավոր այցի շուրջ:

Մեկ այլ անհանգստացնող հանգամանք է նոյեմբերին պլանավորված ԼԳԲՏ քրիստոնյաների համաժողովի չեղարկումը ՝ իրադարձության մասին հանրության և պետական պաշտոնյաների բարձրացրած աղմուկի պատճառով:

Խտրականության վախը և սեռական կողմնորոշման հրապարակային բացահայտումը հետ է պահում բազմաթիվ ԼԳԲՏ անձանց հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնելուց: ՀՀ քրեական օրենսգիրքը չի ճանաչում հոմոֆոբիան որպես հանցագործության ծանրացնող հանգամանք։

Բացահայտ նույնասեռական տղամարդիկ վախենում են զինվորական ծառայության ընթացքում իրենց ֆիզիկական անվտանգության համար, և ոմանք ձգտում են ազատվել բանակում ծառայելու պարտավորությունից: Սակայն, ազատումը պահանջում է բժշկական եզրակացություն, որով նրանք կհամարվեն ոչ պիտանի զինվորական ծառայության համար հոգեկան կամ մտավոր անհամապատասխանության հիմքով: Հայաստանում «հոգեկան կամ մտավոր խանգարման» արձանագրումը կարող է խոչընդոտ հանդիսանալ զբաղվածության հարցում կամ վարորդական վկայական ձեռք բերելու համար: