MAKՀոկտեմբերի 17-18-ը Հայաստանում ԼԳԲՏԻ առաջին ֆորումի լուրի տարածումից հետո, ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների ու նրանց աջակիցների հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հնչեցվել թե´ առցանց տարածքում, թե´ անձնական մակարդակում:

Այս առիթով հայտարարություններ են տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ՄԱԿ-ի գրասենյակը և «Ֆրոնթլայն դիֆենդերս» իրավապաշտպան կազմակերպությունը:

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հոկտեմբերի 29-ին այցելել է «Ծիածան» ֆորումը կազմակերպած` «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի գրասենյակ` մանրամասներին ծանոթանալու, ինչից հետո, ստեղծված իրավիճակի հետ կապված, դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնել և «հնարավորինս խիստ» դատապարտել է բռնության կոչերը, իսկ ՀՀ իշխանություններին հորդորել հետազոտել այդ սպառնալիքներն ու պաշտպանել ԼԳԲՏԻ համայնքի իրավունքները:

«Բավականին երկար ժամանակ է, որ ես Հայաստանում եմ, և ես խոսել եմ բավականաչափ շատ հայերի հետ ողջ Հայաստանի տարածքում և հասկացել եմ, որ բռնությունն ու ատելությունը Հայաստանի հասարակության և արժեհամակարգի մաս չեն կազմում: Ես կոչ եմ անում հայերին զերծ մնալ այդ բռնության կոչերից:

Նրանք, ովքեր պաշտպանում են նման ուժեղ ատելությունը մարդկանց հանդեպ միայն նրա համար, որ նրանք իրենցից տարբեր են, չեն կարող այն հայկական արժեքների կրողը լինել, որոնց ականատեսը ես եղել եմ », – ասել է դեսպան Միլզը:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակից հիշեցրել են, որ Հայաստանը խտրականության կանխարգելման և հանդորժողականությունը խրախուսելու հանձնառություններ է ստանձնել, այդ թվում` սեռական փոքրամասնությունների իրավունքների հանդեպ հարգանքի խթանման գործում:

ՄԱԿ-ը Հայաստանի իշխանություններին նույնպես կոչ է արել անտարբել չլինել ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների նկատմամբ.

«Կոչ ենք անում իշխանության մարմիններին՝ քննության առնել ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունների և վատ վերաբերմունքի դեպքերն ու քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ հակազդելու ատելություն պարունակող խոսքի բոլոր դրսևորումներին և միջոցառումներ ձեռնարկելու հանդուրժողականության խթանման ուղղությամբ», – ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

«Ֆրոնթ լայն դիֆենդերս»-ը, մտահոգություն հայտնելով «ՓԻՆՔ Արմենիա»-ի անդամների և ֆորումի մասնակիցների նկատմամբ ճնշումների համար, նշել է, որ այդ քայլերն արվում են, որպեսզի խոչընդոտեն ԼԳԲՏԻ իրավապաշտպանների գործունեությունը` մարդու իրավուքնների պաշտպանության խաղաղ և օրինական արշավին: