Ծիածանի օրը
Մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը` IDAHO-ն (International Day Against Homophobia and Transphobia): Աշխարհի ավելի քան 70 երկրներում այս օրը նշվում է և դարձել է կարևոր օր տարեկան միջոցառումների ցիկլում:
Ներկայումս հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրը պաշտոնապես ճանաչվել է ԵՄ-ի խորհրդարանի, Իսպանիայի, Բելգիայի, Միացյալ Թագավորության, Մեքսիկայի, Կոստա Ռիկայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, վերջերս էլ Բրազիլիայի, ինչպես նաև բազմաթիվ անհատների, կազմակերպությունների և կառույցների կողմից: Արգենտինայում, Բոլիվիայում, Ավստրալիայում, Խորվաթիայում և այլ երկրներում քաղաքացիական հասարակության տարբեր ազգային կոալիցիաներ կոչ են հղել իրենց իշխանություններին` այդ օրը պաշտոնապես ճանաչելու:
Լուի-Ժորժ Տէնը, ով ֆրանսիական համալսարանի դասախոս է, աֆրոամերիկացիների և ԼԳԲՏ անձանց իրավունքների ջատագով, նաև «Հոմոֆոբիայի բառարանի» գլխավոր խմբագիրն է, 2004 թվականի օգոստոսին նախաձեռնությամբ հանդես եկավ` ստեղծելու Հոմոֆոբիայի դեմ միջազգային օր, որը կլիներ գլոբալ իր մասշտաբներով: Նա սկսեց արշավ «Հոմոֆոբիայի դեմ միջազգային օրվա ճանաչման» համար և առաջարկեց այն նշել մայիսի 17-ին` հիշատակելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված որոշումը, ըստ որի` նույնասեռականությունը հանվեց հոգեկան շեղումների ցանկից:
Միջազգային հարթակից ետ չի մնում նաև Հայաստանը: Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ի ջանքերով է, որ 2010 և 2011 թվականներին Հայաստանը դարձավ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրվա մասնակից: Ուրախ ենք նշել, որ այս կարևոր օրը Հայաստանում նշվել է ոչ միայն Երևանում, այլև Վանաձորում:
Ծիածան Ֆլաշ (RainbowFlash) միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի: 2010 թվականին տվյալ միջոցառմանը մասնակցել է աշխարհի 48 քաղաք, այդ թվում և Երևանը, իսկ 2011 թվականին նրանց թիվը հասավ 50-ի: Մասնակիցների թվին են դասվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը (2010 թվականին 23 քաղաք), Գերմանիան (21 քաղաք), Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, Իսրայելը, Չեխիան, Սինգապուրը և Հայաստանը:
Միջոցառման խորհուրդն է ծիածանի վեցը գույներով փուչիկներ բաց թողնել երկինք, որի միջոցով կարտահատվի մարդկանց ցանկությունը` պայքարելու հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ: Չնայած այդ օրվա գույները նախապես սահմանված են, սակայն մենք դրան ավելացրել էինք նաև վարդագույնը` որպես մեր կազմակերպության գույն: Միջոցառմանը մասնակցում էին բոլոր ցանկացողները` անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և/կամ այլ բնութագրիչներից:
Փաստ է, որ Հայաստանում նույնասեռականությունն ապաքրեականացվել է 2003 թվականին: Դա կարևոր օրենսդրական փոփոխություն էր երկրի իմիջի համար: Բնականաբար, դա դեռևս չփոխեց մարդկանց վերաբերմունքը. չնայած նրան, որ մեր օրերում սեռականության և, հատկապես, նույնասեռականության թեմաների վրա եղող տաբուի դիմակը պատռվում է, ԼԳԲՏ անձինք դեռևս խոցելի են, չհասկացված, ոչ բավականաչափ տեսանելի: Սրա համար է, որ չնայած երբեմն երկրում առկա թշնամական վերաբերմունքին` որոշ ԼԳԲՏ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ ջանում են փոփոխել իրավիճակը:
Մայիսի 17-ին, ժամը 7:00-ին մարդիկ հավաքվեցին Երևանում` Կարապի Լճի մոտ, «Ծիածան Ֆլաշ 2011-ին» մասնակցելու համար: Գունագեղ հատվածը սկսվեց այն ժամանակ, երբ մասնակիցներին բաժանվեցին մեր` «Ինչպես ես եմ» ուղերձով կրծքանշաններ: Ոգևորված, դեմքներիս երջանիկ ժպիտներով և բարձր տրամադրությամբ միմյանց փուչիկներն էինք բաժանում: Ոչ միայն ԼԳԲՏ, այլև նաև հետերոսեքսուալ կանայք և տղամարդիկ էին մասնակցում միջոցառմանը:
Վայրկյաններ անց սկսվեց ամենահաճելին… բազմաթիվ գույնզգույն փուչիկներ մեր գլխավերևում, որ սկսեցին երկնքով ճախրելու իրենց սիրաշատ և խաղաղարար առաքելությունը: Հաճելի փորձառություն է, հատկապես, երբ տարին մեկ անգամ է լինում:
Տրամադրությունը բարձր էր. տղաներ, աղջիկներ, և այլոք զրուցում էին և կատակում: Շուրջբոլորն ուրախություն էր: Ինչքան կարևոր է նման փոքրիկ, բայց խթանող և քաջալերող միջոցառումներ անելը: Միջոցառումներ, որ ոգևորում են և վերակենդանացնում հույսը: Հույսը և հավատը, որ հնարավոր է ապրել մի երկրում, ուր քաղաքով մեկ պաստառներ են փակցրած, որ կոչ են անում դատապարտել նույնասեռականությունը, որովհետև դա պղծում է ազգը (իրենց խոսքերով)… հույս և հավատ, որ փոփոխությունը հնարավոր է, և որ մենք կարող ենք ստեղծել մեր փոքրիկ Հայաստանը. ներառող, առանց խտրականության, ընկերական և մարդասեր` անկախ ցանկացած բնութագրիչից…
Սիրո շողեր ու դրական էներգիա էր մեզ շրջապատում այդ օրը:
* Տեսանյութը
Մենք լռում ենք
«Լռության օրը» միջոցառում է, որն ուշադրություն է հրավիրում հակա-ԼԳԲՏ գործողություններին` մականուններ դնելուն, ձեռք առնելուն, վնաս հասցնելուն: Միջին և ավագ դպրոցների աշակերտներն ու ուսանողները տարբեր ձևով լռության ծոմ են պահում` փորձելով դպրոցին, համալսարանին ու համակուրսեցիներին խրախուսել` անդրադարձ կատարելու իրենց հակա-ԼԳԲՏ վարքագծին: Այս միջոցառումը կազմակերպվում է` ներկայացնելու համար ԼԳԲՏ և ԼԳԲՏ ընկալվող ուսանողների նկատմամբ գործադրված բռնության և վնասի նկատմամբ լռություն պահպանելու ազդեցությունը:
Որպես միջոցառման գաղափարին աջակցելու և տառապող անհատներին համակցելու ձև` կձեռնարկենք հետևյալ գործողությունները.
- ապրիլի 15-ին ՓԻՆՔ-ը հասանելի չի լինի աշխարհի համար` չենք պատասխանի էլեկտրոնային նամակներին, հեռախոսազանգերին, ոչ մի միջոցառում չենք կազմակերպի և ոչ մի ուղղակի ծառայություն չենք մատուցի, այդ օրը մենք լուռ կլինենք նրանց համար, ովքեր…
- հաջորդ օրը լռությունը կկոտրվի «Ինչպես դու» էլեկտրոնային հանդեսի անդրանիկ համարի մեկնարկով:
***
Պատմությունը. 1996 թվականին ԱՄՆ Վիրջինիայի համալսարանի ուսանողները կազմակերպեցին առաջին Լռության օրը` որպես խաղաղ ցույցի մի ձև: Մոտ 150 ուսանող մասնակցեց առաջին Լռության օրվան: 1997թվականին GLSEN նույնասեռականների և տարասեռականների կրթական ցանցը դարձավ միջոցառման պաշտոնական կազմակերպիչն ու հովանավորը: GLSEN-ը ձգտում է մի աշխարհի, ուր ամեն երեխա սովորում է հարգել և ընդունել բոլոր մարդկանց` անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից/արտահայտումից:
Լռությունը լուծում չէ
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ աշխարհը կրում է կարմիր ժապավեն և քայլեր է ձեռնարկում ՁԻԱՀ-ը կանգնեցնելու համար:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ ոչ բոլոր հայերը, սակայն մի քանի հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են համաշխարհային հիմնահարցը մեր երկրում: 2008թ-ից ի վեր այս կազմակերպությունները աշխատում են միասին, անցկացնում միացյալ միջոցառումներ և ստեղծում ամուր ներուժ ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման, կանխարգելման, բուժման, խնամքի և մարդու իրավունքների պաշտպանության համար: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ (ՓԻՆՔ Արմենիա) նրանցից մեկն է:
Այս տարի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Առաքելություն Արևելք հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղական կազմակերպություններն անցկացրին միացյալ հանրային միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառումը անցկացվում էր ՁԻԱՀ-ի համաշխարհային արշավի «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» խորագրի ներքո: ՓԻՆՔ Արմենիան Իրական աշխարհ – իրական մարդիկ, Կանանց ռեսուրսային կենտրոն, Դրական մարդկանց հայկական ցանց, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն, Կրթություն հանուն առողջության, Հայկական կարմիր խաչի ընկերություն և Առողջապահություն, տեղեկատվություն, վիճակագրություն կազմակերպությունների հետ միասին մշակեցին գրքույկ, որտեղ զետեղված են մարդու իրավունքների ոտնահարումների մասին պատմող պատմություններ` ուղղված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, տղամարդկանց, ովքեր սեռահարաբերություն են ունենում տղամարդկանց հետ, սեքս աշխատողների, միգրանտների, ներարկային թմրադեղ օգտագործողների, կանանց, այն խնդիրներին, որոնց նրանք հանդիպում են ընտանիքում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակության մեջ: Գրքույկները բաժանվեցին լրագրողներին, խորհրդարանականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մյուս հյուրերին դեկտեմբերի 1-ին ՄԱՁԻԱՀ-ի մամլո ասուլիսի ժամանակ:
Այդ օրը վաղ առավոտից մենք հավաքվել էինք Կառավարական շենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, և տեղադրել էինք հատուկ պատուհաններ, որոնց վրա գրված էր. «Բաց և տես, թե ով կարող է տուժել ՁԻԱՀ-ից»: Երբ անցորդները բացում էին պատուհանները, տեսնում էին սեփական արտացոլանքը հայելու մեջ: Այս նախաձեռնության իմաստը կայանում էր նրանում, որ ցանկացած ոք կարող է վարակվել ՄԻԱՎ-ով: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ՁԻԱՀ-ն իրենց խնդիրը չէ, միայն թմրադեղ օգտագործողները, «վատ» կանայք կամ նույնասեռականները կարող են տուժել ՁԻԱՀ-ից: Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ չկան ռիսկային խմբեր, այլ կա ռիսկային վարքագիծ և յուրաքանչյուրս կարող ենք դրսևորել այն: Հիմնականում կառավարության աշխատակիցները ուշադրություն չէին դարձնում, կա՛մ նրանք ուշանում էին աշխատանքից, կա՛մ մտածում, որ դա նրանց դեմ ուղղված որևէ գործողություն էր:
Նույն օրն, ավելի ուշ, երթն անցավ Երևանի կետրոնական փողոցներով` բաժանելով տեղեկատվական նյութեր: Երթի ընթացքում ժամանակ առ ժամանակ իրականացվել են ֆլեշմոբեր: Ֆլեշմոբմների ընթացքում ստվարաթղթի կտորներ միացնելով իրար մենք ստանում էինք միջոցառման ուղերձը «Լռությունը լուծում չէ», իսկ հակառակ կողմում` կարմիր ժապավենի պատկեը: Երթի առջևից մասնակիցները տանում էին փուչիկներից պատրաստված մեծ կարմիր ժապավեն: Երթի ավարտին, Օպերայի շենքի մոտ մենք վերջին ֆլեշմոբը ցուցադրեցինք և տրաքացրեցինք փուչիկները, որպեսզի կոտրեինք լռությունը:
Նախորդ տարիներին անցորդ երիտասարդները հարցնում էին. «Ինչո՞ւ եք այս միջոցառումը կազմակերպել, չէ՞ որ Հայաստանում ՁԻԱՀ չկա»: Ի համեմատություն նախորդ տարիների` այս տարի մադիկ ավելի իրազեկված էին:
ՄԻԱՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ 3 հիմնական քայլերն են. իրազեկում, ջատագովում և վարքագիծ: Այժմ մենք գիտենք ՄԻԱՎ-ի մասին, նաև ՄԻԱՎ-ի տարածման ճանապարհների և կանխարգելման մասին իրազեկվածության բարձրացման համար կիրառվող գործողություններն են լայն տարածում ստացել երկրում, բայց արդյոք դրսևորու՞մ ենք պաշտպանված վարքագիծ: Դա է պատճառը, որ դեռ շատ անելիք ունենք ռիսկային վարքագիծ կանխելու համար: Եվ ի՞նչն է ամենակարևորը. երբեք չլռեք, խոսեք այդ ամենի մասին, հարցրեք, եթե չգիտեք, տեղեկացրեք մյուսներին, եթե դուք իրազեկված եք, պաշտպանեք ձեր իրավունքները և օգնեք ջատագովել այլոց իրավուքները ևս:






