Լռեցված իրականություն
Մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստներըն և միջազգային հանրության ներկայացուցիչները մայիսի 15-ին «ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում. Լռեցված իրականություն» կոնֆերանսի ժամանակ քննարկեցին լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության վերացման և նրանց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև՝ քննարկել ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականության, նրանց ընդունման և հասարակություն ինտեգրման խնդիրները:
Մարդու իրավունքների տեղական և միջազգային փորձագետները քննարկեցին «ԼԳԲՏ անձանց մասին հասարակական կարծիք» հետազոտությունը, որը ներկայացվեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից: Բաց քննարկումները նույնպես ԼԳԲՏ անձանց ընկալման, խոսքի ազատության խնդրի և հավասար իրավունքներ երաշխավորող օրենքների հետագա կիրառման մասին էին:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խոսեցին խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և սեռական ու այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևորության մասին:
Մարդու իրավունքների հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը ՄԱԿ-ի առանցքային սկզբունքներից է` ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որը Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր փաստաթղթերից մեկն է:
Սեռական կողմնորոշվածությունն ու գենդերային ինքնությունը նուրբ թեմաներ են, բայց անհրաժեշտ է բարձրաձայնել դրանց մասին, քանի որ մարդկային կյանքն ու արժանապատվությունը վտանգված են: Խտրականության դեմ պայքարի սկզբունքը պահանջում է մարդու իրավունքների կիրառում ցանկացած մարդ արարածի նկատմամբ`անկախ նրա սեռական կողմնորոշվածությունից կամ գենդերային ինքնությունից:
Եվրոպական միությունը պարտավորված է պաշտպանել մարդու համընդհանուր և անքակտելի իրավունքները: Կազմակերպությունը ակտիվորեն խթանում և պաշտպանում է այդ իրավունքները` իր սահմաններում և այլ երկրների հետ հարաբերություններում:
Միջոցառումը կազմակերպվել էր «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և Եվրոպական միության աջակցությամբ:
Անկախության կանայք
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կանանց միամսյակի կապակցությամբ անցկացրեց «Անկախության կանայք» լրագրողական աշխատանքների մրցույթը:Մրցույթին մասնակցեցին հայերեն լեզվով գրված այն հոդվածները, որոնք 2012 թվականի մարտ ամսվա ընթացքում հրատարակվել էին տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում:
Ապրիլի 7-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի գրասենյակում հրավիրված էին մրցույթի մասնակցիները, որտեղ էլ հայտարարվեց հաղթողների անունները:
Մրցույթի ժյուրին հանդիսանում էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, և, ըստ նրանց որոշման, առաջին մրցանակը հանձնվեց Աննա Եղիազարյանին` ««Կարմիր խնձորի» ծեսը` վերականգնվող կուսաթաղանթի ֆոնին» հոդվածի համար: Իսկ հանրային քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվեց Լուսինե Վայաչյանի «Ես ֆեմինիստ եմ» հոդվածը:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակցիներին: Հուսով ենք` դեռ շատ առիթներ կլինեն համագործակցելու և գնահատելու լրագրողական դժվար, բայց շատ կարևոր, և միևնույն ժամանակ հետաքրքիր աշխատանքը:
Հայաստան. կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն
Կանանց և աղջիկների պաշտպանությունը դեռ չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
«Ամնեսթի ինթերնեշնլի» 2011թ. զեկույցը
Մարտին վարչապետի հրամանագրով կառավարությունը ստեղծեց միջգերատեսչական պետական հանձնաժողով` պայքարելու գենդերային բռնության դեմ: Սակայն, հակառակ CEDAW 2009թ. առաջարկի, կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվել առաջընթացի` մասնավորապես կանանց նկատմամբ բռնության դեմ օրենսդրությանն ուղղված և ապաստարանների ստեղծման համար: Առայժմ երկրում կա միայն մեկ ապաստարան, որը գործում է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի ներքո` արտասահմանյան դրամաշնորհներով:
Հոկտեմբերին ամուսնու և սկեսրոջ դաժան ծեծի պատճառով մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը` շարունակաբար կրկնվող ընտանեկան բռնության զոհը: Ըստ նրա քրոջ, Զարուհի Պետրոսյանը երկու անգամ դիմել է ոստիկանություն, տեղեկացրել բռնության մասին և օգնություն խնդրել, սակայն իրեն մերժել են` դեպքը համարելով «անկարևոր» և «անտեղի»: Դեպքի հրապարակայնությունից հետո ամուսինը ձերբակալվեց «առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու» մեղադրանքով:
Հայաստանի վերաբերյալ ամբողջական զեկույցը կարդալ այստեղ (անգլերեն)





