«Լռության օրվա» մամլո հաղորդագրություն
Մենք լռում ենք, որ մեզ լսեն.
իսկ ի՞նչ եք անում դուք, որ խախտեք այդ լռությունը
Աշխարհի տարբեր երկրներում` սկսած 1996թ-ից, ապրիլի երրորդ ուրբաթը նշվում է որպես լռության օր: Լռության օրվա հիմնական նպատակը ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց և այլ սոցիալական խմբերի նկատմամբ խտրական և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի վրա հասարակության ուշադրության սևեռումն է: Ավելին, այս օրը միտված է նմանօրինակ երևույթները վերացնելուն ու կանխարգելելուն, որպեսզի ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար` անկախ աշակերտների և ուսանողների սեռից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, էթնիկ պատկանելությունից, կրոնից, արտաքին տվյալներից և սոցիալական ու անձնային այլ հատկանիշներից:
Այսօր ՀՀ կրթական գրեթե բոլոր հաստատություններում կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, ինչպիսիք են բռնությունները, խտրականությունը, ատելության կոչերը, ծաղրանքը, վիրավորանքը` այնպիսի վերաբերմունք, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը և ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:
Այս կապակցությամբ, ապրիլի 19-ին` «Լռության օրվա» նախօրեին, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ. «Նման վերաբերմունքի աշակերտներն ու ուսանողներն արժանանում են թե´ իրենց համադասարանցիների և համակուրսեցիների, թե´ դասավանդողների և հաստատության այլ աշխատակիցների կողմից: Եվ չնայած այն հանգամանքին, որ նման երևույթների ականատես է եղել մեզանից գրեթե յուրաքանչյուրը, ցավով ենք նշում, որ դա մեր հասարակությունում ոչ միայն չի դիտարկվում որպես հիմնախնդիր, ավելին, այն համարվում է սովորական երևույթ: Հետևաբար ոչ միայն քայլեր չեն մշակվում նման հիմնախնդիրների ուսումնասիրության, այլև դրանց կանխարգելման և հաղթահարման, հանդուրժողականության սերմանման և զարգացման համար»: Ինչպես նաև հավելեց. «Նման դեպքերի մենք շատ ենք ականատես լինում: 17-ամյա երիտասարդ մի տղա իր ողջ ուսման ընթացքում 3 դպրոց է փոխել խտրականության և ծաղրանքների արդյունքում, քանի որ գեր էր և ուներ նուրբ արտաքին: Իսկ համալսարանում սովորող ազգությամբ եզդի աղջկա կողքին հրաժարվում էին նստել կուրսընկերները»:
Իսկ սոցիալական աշխատող Նվարդ Մարգարյանը խոսեց այն մասին, որ. «Խտրականությունը ու բռնությունը կրթական հաստատություններում ազդում են երեխաների և երիտասարդների ինչպես զարգացման և կյանքի որակի վրա, այնպես էլ ստեղծում են հասարակական լրացուցիչ հիմնախնդիրներ, ինչպիսիք են սոցիալական օտարումը, ագրեսիվ վարքի դրսևորումները, երիտասարդների մոտ թերարժեքության բարդույթները, ընդհուպ մինչև ինքնասպանության փորձ և ինքնասպանություն»:
Մամլո ասուլիսի խոսնակները այնուհետ խոսեցին արդյունավետ կանխարգելման մեխանիզմների և քայլերի մշակման անհրաժեշտության մասին, մասնավորապես կոմպետենտ մասնագետների առկայության անհրաժեշտությունը կրթական հաստատություններում, ինչպես նաև մարդու իրավունքների կրթությունը և պաշտպանությունը:
Վերջում խոսնակները հավելեցին, որ ապրիլի 20-ին` «Լռության օրը», կազմակերպության աշխատակիցները պահելու են լռություն և չեն տրամադրելու որևէ ծառայություն:
###
«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը այս արշավին միանում է 2010 թ-ից ի վեր: Այս տարի արշավի անցկացմանն աջակցում են Եվրոպական միության պատվիրակությունը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը:
Նամակ ՀՀ Վարչապետին
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի և համախոհների կողմից
Մեծարգո պարոն Վարչապետ,
Ձեզ ենք դիմում Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք հասարակական և միջազգային կազմակերպությունների անունից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործընթացին առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու խնդրանքով:
Համաճարակի սկզբից 30 տարի, և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 26-րդ Հատուկ Նիստից 10 տարի անց, 2011թ.հունիսի 8-10-ը ԱՄՆ-ի, Նյու Յորք քաղաքում կայանալու է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ Նիստը, ուր կքննարկվեն ու կգնահատվեն ձեռքբերումները ՄԻԱՎ համաճարակի հակազդման գործում, կպլանավորվեն հետագա քայլերը:
Բարձր մակարդակի հանդիպումը հիմնաքար է հանդիսանալու երկրների համար մշակելու համաճարակի, որպես միջազգային անվտանգության սպառնալիքի, հակազդման գործընթացների ակտիվացման, կանխարգելման, բուժման և խնամքի համընդհանուր հասանելիության ապահովման ուղիներ:
Հանդիպումը նաև կարևոր հնարավորություն է գլոբալ կառավարման ամրապնդման, քաղաքական ներգրավման և արդյունքների վերաբերյալ փոխադարձ հաշվետու լինելու համար` պարտավորություններին հետևելու և կատարելու առումով:
Հունիսին կայանալիք բարձր մակարդակի հանդիպումը կարևորվում է նրանով, որ ոլորտի արդի զարգացումների և նոր ռազմավորության ընդունման մասին իրազեկող ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի զեկույցով կպայմանավորվեն առկա խոչընդոտների հաղթահարման և կայուն հակազդման գործառույթների ապահովման ուղղությունները: Ստորագրվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների նոր հռչակագիր:
Մենք գիտակցում ենք, որ այսօր դեռևս մեր երկիրը հնարավորություն չունի ֆինանսավորելու բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ է իրականացնել համաճարակին արդյունավետ հակազդելու համար և այդ միջոցառումները մեծապես կախված են միջազգային հանրության աջակցությունից:
Չափազանց կարևորելով Հայաստանի Հանրապետության բարձր մակարդակով մասնակցության անհրաժեշտությունը գալիք հանդիպմանը, խնդրում ենք, ի դեմս Ձեզ, ներկայացնել Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ Նիստում, ուր ստորագրված փաստաթուղթը, վստահ ենք, կունենա բավարար ազդեցություն Հայաստանում համաճարակի դեմ ուղղված միջոցառումներին նոր ուժ հաղորդելու համար: Հնարավորինս բարձր մակարդակով Հայաստանի մասնկացությունը Նիստում կնպաստի նաև համապատասխան պետաիրավական ակտերի բարեփոխումների իրականացմանը:
Մենք գտնում ենք, որ Ձեր մասնակցությունը այդ բարձրաստիճան հանդիպմանը կդիտվի որպես հիմնախնդրի կարևորում մեր երկրի իշխանությունների կողմից և իր վրա կհրավիրի միջազգային հանրության ուշադրությունը:
Հարգանքով`
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամներ և աջակիցներ.
Էլինա Ազարյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
Անահիտ Հարությունյան, «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ
Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
Լարա Ահարոնյան, «Կանանց ռեսուրսային կետրոն» ՀԿ
Գրահամ Սթրոնգ, «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ
Լարիսա Մինասյան, Բաց Հասարակության Հիմնադրամ – Հայաստան
Ջոն Անդրանիկ Գասպարյան, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ
Գայանե Թովմասյան, «Առաքելություն Արևելք» ՄԲԿ
Աշոտ Դավիդյանց, «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» ՀԿ
Դավիթ Մանուկյան, «Երիտասարդական Մշակութային» ՀԿ
Սերգեյ Գաբրիելյան, «Նոր սերունդ» ՀԿ
Արման Սահակյան «Երաշխիք» Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
Գոհար Շահնազարյան, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Արտակ Մուշեղյան, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ՀԿ
Ռաֆայել Օհանյան, «Ուսուցում հանուն առողջության պահպանման» ՀԿ
Արթուր Սաքունց, «Հելսինկայն Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի Գրասենյակ» ՀԿ
Կարեն Բադալյան, «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ
Ենոք Շատվորյան «Հույս և օգնություն» ՀԿ
Աշոտ Ազնաուրյան, «Առողջապահություն, տեղեկատվություն, վիճակագրություն» ՀԿ
_________________________
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտաքին կապերի վարչության պետ` Հրաչյա Թաշչյանը, մայիսի 6-ին ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի անդամներին հայտնեց, որ վարչապետը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Հատուկ Նիստին, քանի որ ՁԻԱՀ-ը չի հանդիսանում Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը` այնուամենայնիվ լինելով մտահոգիչ ու կարևոր հարց:
Յանիս Սարկիսովի դատավարությունը
Մամլո հաղորդագրություն
Մարտի 16-ին ժամը 14.00-ին Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին` մասնակցելու դատատարության ընթացքին` ցույց տալու սեփական շահագրգռվածությունը գործի արդար դատավարության ընթացքին և դատավճռի կայացմանը:
Ցուցաբերենք մեր մտահոգությունը նմանատիպ դեպքերի առնչությամբ, նպաստենք կանանց նկատմամբ բռնության դեպքերի նվազեցմանը ու կանխարգելմանը:
Հեշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի զոհը դարձավ: Այժմ նրա անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո:
Երբ` մարտի 16-ին, 2011, ժամը 14:00-ին
Որտեղ` ք. Մասիսի ընդհանուր իրավասության դատարան
Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի քարտուղարություն
hեռ. 010 561396
Է-փոստ csvw.armenia@gmail.com
կայք justiceforzaruhi.blogspot.com




