Լռության օրվա գաղափարը սկիզբ է առել 1996թ․, երբ ԱՄՆ-ում Վիրջինիա համալսարանի ուսանողուհի Մարիա Պալզետին նախաձեռնեց միջոցառում՝ ԼԳԲՏ ուսանողների նկատմամբ բռնությունը և նվաստացումը ավելի տեսանելի դարձնելու համար։ Լռության օրը նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլին։ Այդ օրը ուսանողները լռության խոստում են տալիս՝ ներկայացնելու համար ԼԳԲՏ անձանց լռեցումը ուսումնական հաստատություններում։

Հայաստանում Լռության օրը նշվում է 2010 թվականից։ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն նույնպես միջոցառումներ է իրականացնում Լռության օրվա կապակցությամբ:

2011 թվականին կազմակերպությունը հրապարակել է իր՝ «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականի առաջին համարը և պատրաստել օրվան նվիրված բացիկ:

2012 թվականին կազմակերպության կողմից իրականացվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսնակները ներկայացրել են նսեմացումների արդյունավետ կանխարգելման մեխանիզմների և քայլերի մշակման անհրաժեշտությունը` մասնավորապես կրթական հաստատություններում կոմպետենտ մասնագետների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև մարդու իրավունքների կրթության և պաշտպանության ապահովումը։ Կազմակերպության աշխատակիցները պատրաստել էին պաստառներ, որոնց խորագիրն էր «Ես մաքրում եմ լռության իմ դիմակը»։

2013թ. կազմակերպությունն իրականացրել է մամուլի ասուլիս-քննարկում ՀՀ կրթական հաստատություններում նվաստացումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի և բռնությունների մասին, որի ժամանակ ներկայացվել են այն դեպքերը, անձնական պատմությունները, որոնք կազմակերպության աշխատակիցները հավաքագրել էին իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում: Այդ օրը նաև հանրությանը ներկայացվել են տեսահոլովակներ (1, 2), որոնք կոչ էին անում երիտասարդներին կոտրել լռությունը և բարձրաձայնել կրթական հաստատություններում առկա նվաստացման և խտրականության դրսևորումների մասին։

2014թ․ տասնյակ ԼԳԲՏ երիտասարդներ միացել են լռության օրվա առցանց արշավին՝ իրենց լռությունը կոտրելու կոչերն ուղղելով լայն հասարակությանը: Նրանք տարածում են իրենց կոչերը, թե ինչու են կոտրում լռությունը՝ կիսվելով իրենց նկարներով:

Առցանց արշավ է արվել և հոդված հրապարակվել այս թեմայով նաև հետագայում։

Այս տարի Լռության օրը նշվում է ապրիլի 12-ին։ Դրա շրջանակներում կազմակերպությունը իրականացրել է թեմատիկ ֆոտոշարք և ԼԳԲՏ անձանց պատմությունների հավաքագրում, որոնք կհրապարակվեն Լռության օրվա ֆեյսբուքյան էջում՝ facebook.com/dosarmenia։