Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել է զեկույց, որում ներկայացված են հայկական լրատվամիջոցների հրապարակած նյութերի մոնիթորինգի արդյունքները՝ ատելության խոսքի սփռման տեսանկյունից։

Կազմակերպությունը մշտադիտարկել է հայկական իրականության ամենապահանջված լրատվամիջոցների մեծամասնությունը և պարզել, որ 2018թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում ատելության խոսքի արձանագրված դեպքերը հիմնականում պայմանավորված են եղել թիրախավորված անձանց կրոնական հայացքներով և սեռական կողմնորոշմամբ։ Ընդ որում՝ նշված ժամանակատվածը համընկել է քաղաքական որոշակի իրադարձությունների՝ Երևանի ավագանու, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների  հետ, իսկ դիտարկվող խոցելի խմբերը դարձել են նաև քաղաքական շահարկումների առարկա։

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսք են տարածել մի շարք հոգևորականներ, պաշտոնատար անձինք, նրանք նաև հանդես են եկել ատելության խոսք տարածող այլ անձանց պաշտպանությամբ։ Անձանց սեռական կողմնորոշման հիմքով դիտարկված ատելության խոսքի դրսևորումներում հաճախ օգտագործվում է «համասեռամոլ» և «արվամոլ» բառերը, որպիսի բառերը խտրական են և վիրավորական։ Ատելության խոսք տարածող անձանց հրապարակումները, ելույթները զետեղվել են մշտադիտարկված լրատվամիջոցների կայքերում, ինչը որևէ կերպ չի կարելի համար խոսքի ազատության իրավունքի իրացում, այլ ընդհակառակը, պետք է դատապարտվի և սահմանափակվի։