Ներածություն

ԼԳԲՏ մարդկանց իրավունքների խախտմանը կարելի է ականատես լինել հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: ԼԳԲՏ մարդիկ փաստում են, որ իրենց նկատմամբ խտրականություն կա կրթական հաստատություններում և դեպքեր կան, երբ ուսուցիչը սկսել է նրանց ձեռք առնել կանացի (արական սեռին պատկանելու դեպքում) կամ տղամարդկային լինելու համար (իգական սեռին պատկանելու դեպքում), իրենց սեռական կողմնորոշման պատճառով դուրս են թողել համալսարանից: Գիտական հոդվածներն այս հարցի շուրջ ողջունելի չեն, քանի որ դասախոսների դիրքորոշումն այն է, որ դա այլասերվածություն է, և անձը, ով ցանկանում է աշխատել այս թեմայի շուրջ, այլասերված է: Նույնասեռական ուսանողին թույլ չէին տվել աշխատել նույնասեռականության թեմայի շուրջ, քանի որ դասախոսը գտնում էր, որ հաշվի առնելով ուսանողի սեռական կողմնորոշումը, նա չի կարող լինել օբյեկտիվ:

Աշխատանքի անցնելը ԼԳԲՏ մարդկանց համար մնում է կյանքի ամենախնդրահարույց ասպեկտներից մեկը, քանի որ գործատուները հրաժարվում են աշխատանքի վերցնել մեկին, ով չի թաքցնում իր սեռական կողմնորոշումը, կանացի է (գեյ) կամ տղամարդկային (լեսբուհի): Տրանսգենդեր անձինք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց գենդերային ինքնությունը, և չկա համապատասխան օրենք, որը թույլ կտա տրանսսեքսուալ մարդկանց փոխել իրենց սեռը: Շատ հաճախ ԼԳԲՏ մարդիկ հրաժարվում են անհրաժեշտության դեպքում դիմել առողջապահական հաստատությունների, քանի որ համոզված չեն, որ այնտեղ կպահվի գաղտնիության սկզբունքը: Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կապվելու դեպքում նրանք ուղղորդվում են այն բժիշկների մոտ, ովքեր վստահելի են և կազմակերպությունը նրանց հետ համագործակցության փորձ ունի, հակառակ դեպքում ռիսկը մեծ է, որ անձը կենթարկվի խտրականության և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Բանակում գոյություն ունեցող չգրված օրենքների պատճառով, որոնք ԼԳԲՏ խմբի մարդկանց նկատմամբ սերմանում են խտրական մոտեցում, այդ համակարգը  դարձնում են ամենախնդրահարույց կառույցներից մեկը: Հիմնականում լրատվամիջոցների մոտեցումը ԼԳԲՏ մարդանց նկատմամբ կոմնակալ է և հիմնված կարծրատիպերի, նախապաշարմունքների վրա և չունի գիտական կամ ժամանակակից մոտեցում: Կառավարության կառույցների կողմից չկա քաղաքական կամք` պաշտպանելու ԼԳԲՏ իրավունքները, և շատ հաճախ այդ կառույցները իրենք են հանդես գալիս իրավախախտների դերում:

Քաղաքացիական հասարակության դիրքորոշումը ԼԳԲՏ անձանց նկատմամբ նույնպես միասնական չէ: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարող են աշխատել ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում և գործողություններ ձեռնարկեն փոփոխության հասնելու համար, կառավարության, հասարակության և քաղաքացիական հասարակության մի մասի կողմից չկա որևէ աջակցություն:

Թեև վերոնշյալ ասպեկտներում չկան արմատական փոփոխություններ, այս զեկույցում մենք ուշադրությունը կսևեռենք հասարակական կյանքի մի քանի ոլորտների վրա, և կներկայացնենք  Հայաստանի Հանրապետությունում 2011թ-ին գրանցված ԼԳԲՏ անձանց առավել հաճախ պատահող հիմնահարցերն ու խնդիրները:

Հանրային վերաբերմունք

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա) ՀԿ-ն անցկացրել է «ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում. 2011» հետազոտությունը: Ըստ հետազոտության արդյունքների` հարցվածների ընդամենը 6.3%-ն է ԼԳԲՏ անձանց համարում խոցելի խումբ Հայաստանում: Հարցվածների 18.6%-ը համարում է «ոչ ավանդական» սեռական կողմնորոշումը հիվանդություն, և հարցվածների 72,1%-ի մոտ կարող է դիտարկվել բացասական վերաբերմունք այս սոցիալական խմբի նկատմամբ, և այդ հարցվածների մեծամասնության համար ԼԳԲՏ անձ լինելու ընդունելի լինելը նույնպես կախված է ազգային ինքնությունից: Հետևաբար, հարցվածների 52,7%-ը կարծում է որ ԼԳԲՏ անձ լինելը հարիր չէ հայ ազգին, 66,9%-ը կարծում է, որ ԼԳԲՏ անձինք պետք է  դատապարտվեն հասարակության կողմից: Հարցվողները, որոնք ունեն անհանդուրժող վերաբերմունք և դիրքորոշում ԼԳԲՏ անձանց նկատմամբ, զերծ են մնում նրանց հետ շփումից: Նրանցից 55.3%-ը, եթե իմանար, որ իր ծանոթը, ընկերը կամ բարեկամը  ԼԳԲՏ անձ է, կդադարեցներ նրա հետ շփումը: ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրենց վերաբերմունքն արտահայտած հարցվողների 87,6%-ը նշել են, որ չեն օգտվի այն սպասքից, որից նախկինում օգտվել է ԼԳԲՏ անձ: Հետազոտության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ ընդհանուր առմամբ հարցվածների 49,6%-ը հանդուրժող չեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Հարցվողների 74,5%-ի համոզմամբ պետությունն իրականում ոչինչ չի անում ԼԳԲՏ անձանց նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ, ուստի 71.5%-ը կարծում է, որ պետությունն այդ բացը պետք է լրացնի նրանց դեմ պայքարելու միջոցով: Ուշագրավ է այն, որ այս համատեքստում հարցվողները ոստիկանությանը առավել շատ դիտարկում են ոչ թե որպես իրավապահ, այլ մարդու իրավունքների դեմ պայքարող մարմին:

Հարցվողների մեծամասնությունը չունի բավարար գիտելիք սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին և ԼԳԲՏ անձանց վերաբերյալ նրանց ունեցած գիտելիքները կարծրատիպային են և դուրս գիտական բացատրությունների շրջանակից: Հարցվողները ԼԳԲՏ անձանց մասին առավել շատ տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից. ժամանցային ծրագրերից և հաղորդումներից` 31% և 22.6%` տեղեկատվական հաղորդումներից:

ԼԳԲՏ մարկանց ձեռք են առնում, նրանք հաճախ ենթարկվում են ոտնձգությունների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես այն դեպքերում, երբ նրանց արտաքին տեսքը համապատասխանում է ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հասարակության մեջ առկա կարծրատիպերին և նախապաշարմունքներին: Հասարակության արձագանքը նրանց նկատմամբ կարող է տատանվել կոպիտ անուններ կոչելուց մինչև ֆիզիկական բռնության կիրառմամբ, որը կարող է դրսևորվել մեկանգամյա գործողությամբ կամ կրի մշտական բնույթ հարևանների կամ բարեկամների, նույն սոցիալական միջավայրի մարդկանց կողմից: Այս դեպքերում բռնության կամ չարաշահումների զոհերը հրաժարվում են դիմել իրավապահ մարմիններին` փաստելով, որ այդ ամենը կշարունակվի այնտեղ: Այսպիսի դեպքերի վկայությունը կարող են գտնվել այն դեպքերում, երբ շահառուները դիմում են ՀԿ-ին իրավաբանական ծառայություններ ստանալու և իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Եկեղեցի

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի եկեղեցին անրադարձավ մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցին և´ ԶԼՄ-ների, և´ մոլությունների թեմայով քննարկման կազմակերպմամբ` այդ թվում ներառելով նույնասեռականությունը որպես մոլուցքի տեսակ: Եկեղեցու ներկայացուցիչների կողմից կազմակերպված քննարկման ընթացքում թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի նկատմամբ մոլության հետ մեկտեղ գլխավորապես քննարկվեց «արվամոլությունը»: Դրա հիմնական նպատակը քննարկման մասնակիցներին բացատրելն էր, որ   նույնասեռականությունը մոլության տեսակ է, և մարդիկ իրենք են ընտրում «ունենալ մոլուցք տղամարդկանց նկատմամբ»:  Նույնասեռականությունը ներկայացվում էր որպես անհատի մեղսավոր ընտրություն, ով հակված է նույն սեռի այլ անձի նկատմամբ մոլուցք ունենալ:

Քննարկումից բացի քահանաները տարբեր հարցերի շուրջ տրված հարցազրույցների և կազմակերպված մամլո ասուլիսների ժամանակ հայտարարություններ են կատարել: ԶԼՄ-ների միջոցով եկեղեցու ներկայացուցիչները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես սպառնալիք մեր երկրի համար` նշելով, որ դա «Եվրոպական արժեքների ու ավանդույթների» ուղղակի հետևանք է: Եկեղեցու մոտեցումը նույնասեռականների նկատմամբ այն է, որ նրանք Հայաստան են ներխուժել «Արևմտյան ուժերի» միջոցով, որպեսզի ոչնչացնեն հայկական ավանդույթներն ու արժեքները: Թեև լրատվամիջոցների գործունեության հիմնական շեշտը նույնասեռականությունը և դրա հետ կապված հարցերը չեն, եկեղեցու ներկայացուցիչներն օգտագործում են թեման բարձրացնելու այդ հնարավորությունը և ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես հասարակության մեջ առկա մի շարք սոցիալական խնդիրների աղբյուր:  Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ եկեղեցին հակված է ներկայացնելու ԼԳԲՏ մարդկանց որպես մի խումբ, որն արհեստականորեն ստեղծվել է Հայաստանում, և որի հիմնական նպատակն է այլասերել գոյություն ունեցող արժեքները, թուլացնել հասարակության միասնականությունը և տանել հայերին դեպի անբարոյականություն: Եկեղեցու դիրքորոշումն այս հարցում այն է, որ դա մեղք է, բոլոր ԼԳԲՏ մարդիկ մեղսագործ են և ապրում են հակաքրիստոնեական կյանքով:  Հիմնական զուգահեռներն անցկացվում են «Սոդոմի և Գոմորի» հետ, և նույնասեռականությունը  ներկայացվում է որպես Սոդոմական մեղք:

Կրոնական փոքրամասնությունները ևս սպառնալիք են համարվում հայ ժողովրդի և Հայ առաքելական եկեղեցու համար և նրանց հիմնական նպատակն է խաթարել Առաքելական եկեղեցու դերը: Այս համատեքստում եկեղեցու ներկայացուցիչները օգտագործում են հնարավորությունը զուգահեռներ անցկացնելու ԼԳԲՏ մարդկանց հետ և ներկայացնում են նրանց որպես վտանգ Հայաստանի ազգային անվտանգության համար, որոնք, կրոնական փոքրամասնությունների հետ միասին Հայաստան եկան այն ոչնչացնելու համար: Եկեղեցին հեղինակություն է հանդիսանում մեր հասարակության մեծամասնության համար: Այսպիսով, եկեղեցու կողմից նման հայտարարությունները խթանում են թշնամանքը ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ և հասարակության համար ամուր հիմք են պատրաստում այս սոցիալական խմբի դեմ պայքարելու համար` փաստելով եկեղեցու հեղինակությունը և այդ հաստատության կողմից արված փաստարկները:

Զանգվածային լրատվամիջոցներ (ԶԼՄ)

ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեծ հետաքրքություն ունեն ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Ցավոք, շատ դեպքերում ԼԳԲՏ հիմնահարցերի վերաբերյալ կողմնակալ լուսաբանումները` հիմնված լրագրողների նախապաշարմունքների և կարծրատիպերի վրա, չունեն գիտական հիմք և ձևակերպված են սկանդալային ոճով: ԼԳԲՏ մարդկանց հիմնահարցերը շոշափվում են բոլոր տեսակի ԶԼՄ-ների կողմից: Շատ հաճախ այս թեման իր լուսաբանումն է գտնում էլեկտրոնային լրատվամիջոցներում:

Ընդհանուր առմամբ, զանգվածային լրատվամիջոցներում ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցերը լուսաբանվում են վիրավորական կերպով, ինչը հաստատում է գոյություն ունեցող կարծրատիպերն ու նախապաշարմունքները ԼԳԲՏ համայնքի նկատմամբ: Տրամադրված տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա, չունի ապացույցներ և շատ հաճախ կարող է լինել ասեկոսների և ապատեղեկացվածության արդյունք: Բացի այդ, ԼԳԲՏ մարդկանց, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության մասին ոչ հուսալի և սուբյեկտիվ տեղեկատվության տարածումը հոդվածների, հեռարձակումների, հեռուստատեսային ծրագրերի միջոցով ստորացնում են ԼԳԲՏ մարդկանց և նպատակ ունեն ագրեսիա տարածել նրանց նկատմամբ: Մեծամասամբ ԼԳԲՏ անձանց հիմնահարցերը ներկայացված են որպես մի երևույթ, որը դեմ է հայկական ավանդույթներին, արժեքներին, և չի կարող ունենալ իր տեղը հասարակության մեջ: Ավելին, շատ հաճախ այն դիտարկվում է ազգային անվտանգության շրջանակներում:

Այն դեպքում, երբ լուսաբանվում են մանկապղծության և սեռական բռնությունների հետ կապված հարցեր, լրագրողները փորձում են կապել դրանք նույնասեռականության և ԼԳԲՏ մարդկանց հետ և մեղադրել նրանց նման տեսակի գործողությունների մեջ: ԶԼՄ-ները ներկայացնում են ԼԳԲՏ մարդկանց որպես մանկապիղծներ և մեղադրում են նրանց սեռական բռնության մեջ:

Մի շարք դեպքերում հարցազրույց վերցնելիս լրագրողները չեն պահպանել ԼԳԲՏ մարդկանց գաղտնիությունը, և անտեսել են այդ անձի ձայնը փոխելու և դեմքը ցույց չտալու մասին նախնական պայմանավորվածությունը: Այս դեպքերից ոչ մեկում լրագրողները չեն պատժվել, քանի որ այդ մարդիկ վախենում էին հրապարակայնությունից:

Համեմատած այլ տեսակի ԶԼՄ-ների հետ, հեռուստատեսությունը ամենահոմոֆոբն է: ԼԳԲՏ մարդկանց հետ կապված բոլոր հեռարձակումները տարածում են ատելության կոչեր և խթանում են նրանց նկատմամբ ատելության ոճիրների իրագործումը:

Ոստիկանություն

Ոստիկանության կողմից նույնասեռական և տրասվիստիտ անձանց իրավունքների խախտումները հիմնականում տեղի են ունենում այգում, որտեղ հավաքվում են նույնասեռական և տրանսվիստիտ մարդիկ: Ոստիկանությունը պարեկային ծառայություն է կատարում այգու տարածքում: Անցորդների կողմից նույնասեռական կամ տրանսվեստիտ անձանց բռնության ենթարկելու դեպքում ոստիկանությունը չի ձեռնարկում որևէ գործողություն այն դադարեցնելու և բռնություն կիրառողին պատասխանատվության համար: Նույնասեռական և տրասվեստիտ անձինք, որոնք սովորաբար գնում են այդ այգի, նշել են, որ ոստիկանությունում ֆիքսել են իրենց հեռախոսահամարները, և երբ իրենք զանգահարում են բռնության կամ ծեծի դեպքում, ոստիկանությունը չի պատասխանում:

Կան փաստագրված դեպքեր, երբ ոստիկանները անհանգստացնում են այգում գտնվող նույնասեռականներին և տրանսվեստիտներին: Ոստիկանությունը նրանց պրովոկացիայի է ենթարկում և ապա բռնության:

Դեպք.

Քաղաքացու հագուստով մի ոստիկան ոստիկանական մեքենայով մոտեցել է այգու մոտ կանգնած մի տրանսվեստիտ անձնավորության, սկսել հայհոյել` օգտագործելով վիրավորական և նվաստացուցիչ խոսքեր, և հարցնել, թե ինչ էր անում նա այնտեղ: Ոստիկանը դուրս է եկել մեքենայից և ծեծել նրան: Ապա նա վերադարձել է իր մեքենան և հեռացել: Զոհը գնացել է ոստիկանական բաժանմունք` բողոք ներկայացնելու, սակայն ոստիկանությունում հրաժարվել են ընդունել իր բողոքը: Թեև տուժողին տրամադրվել է իրավաբանական ծառայություն ՀԿ-ի կողմից, նա հրաժարվեց շարունակել գործը, քանի որ վախենում էր ոստիկանության գործողություններից, որոնք կարող էին նախաձեռնվել հետագայում:

Ոստիկանությունը այգում հետևում է նույնասեռական և տրասվեստիտներին, և երբ տեսնում են նրանց տղամարդու հետ, սպառնում են այդ անձին, որ եթե իրենց գումար չտա, ապա կզանգեն նրա բարեկամներին, կայցելեն հարևաններին և բոլորին կասեն, որ նա այգում է եղել նույնասեռականի կամ տրանսվեստիտի հետ: Չնայած տուժողները գիտակցում են, որ ոստիկանները ոտնահարում են իրենց իրավունքները` նրանք վախենում են բողոքարկեն, քանի որ չունեն անվտանգության երաշխիքներ: Բացի այդ, եղել է նաև դեպք, երբ տրանսվեստիտը բողոք է ներկայացրել ընդդեմ ոստիկանի, և ոստիկանը նրան գումար է առաջարկել իր բողոքը ետ վերցնելու համար: Չնայած, որ տուժողը չի վերցրել գումարը, նա հետ է վերցրել իր բողոքը կրկին անվտանգության երաշխիքներ չունենալու պատճառով:

Բացի վերոնշյալ դեպքերից, կան նաև դեպքեր, երբ առանց որևէ իրավաբանական հիմնավորման նույնասեռական կամ տրանսվեստիտ անձանց տարել են ոստիկանական բաժանմունք: Այնտեղ նրանց պահում են մի քանի ժամ, և բաց են թողնում այն ժամանակ, երբ տուժողները նրանց կաշառք են տալիս: Սովորաբար ոստիկանության այս գործողությունները ուղեկցվում են բանավոր և ֆիզիկական բռնությամբ: Տեղեկություններ չկան, թե արդյոք ոստիկանության այդ գործողությունները հավանություն են ստացել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, թե նրանք դա անում են սեփական նախաձեռնությամբ: Իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ՀԿ-ն գրանցում է մարդու իրավունքների ոտնահարման այսպիսի դեպքերը և փորձում է կանխել դրանք ջատագովության միջոցով, քանի որ իրավունքների պաշտպանությունը հնարավոր չէ իրականացնել դատական կարգով` այս պահին տուժողների կողմից պաշտոնական դիմումների բացակայության պատճառով:

2011թ.-ի դեկտեմբերին ոստիկանությունը 10 տրանսվեստիտների բերման է ենթարկել մաշկային և վեներական հիվանդությունների դիսպանսեր` սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նկատմամբ հարկադիր ստուգման: Ստուգումից հետո նրանցից 3-ը ազատ են արձակվել, իսկ մյուսները բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրանք պահվել են մինչև առավոտ: Ոստիկանները տուժողներին ներկայացրել են, որ կատարում են վերադաս մարմիններից ստացված հրամանն, այն է` ստիպեն նույնասեռական և տրանսվեստիտ անձանց լքել այգին և չհավաքվել այտեղ, և որ սա նպատակին հասնելու առաջին քայլն էր: Չնայած, որ տուժողները չհամաձայնեցին բողոք ներկայացնել` ՀԿ-ն դիմում է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Գլխավոր դատախազություն: Երկու հաստատությունների պատասխանն այն էր, որ նրանք դեպքը ուղղորդել են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն: Տվյալ դեպքը դեռ ընթացքի մեջ է:

Այս դեպքը հիմք ծառայեց ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությանը, որ Երևան քաղաքի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշոլ է <> այգին և վերադարձնել այն <> քաղաքացիներին: Չնայած, որ քաղաքապետի կողմից նման պաշտոնական հայտարարություն չի արվել` քաղաքապետարանի կողմից այլ տեղեկատվություն չի տրամադրվել, որը կհաստատեր կամ կմերժեր այն, և կներկայացներ քաղաքապետի իրական դիրքորոշումն այս հարցի շուրջ: Քաղաքապետարանը հրաժարվում է լրագրողներին տալ ցանկացած մեկնաբանություն: Բացի այդ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանը հարցազրույց է տվել, որի ժամանակ լրագրողների այն հարցին, թե ինչ է նա անելու այգում հավաքվող նույնասեռական և տրանսվեստիտ անձանց հետ, նա պատասխանել է, որ դեռ չի անրադարձել, բայց կանրադառնա այդ հարցին և ասել է լրագրողներին, որ ինքն աջակցում է այս մարդկանց դեմ նրանց պայքարին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Չնայած, որ ԼԳԲՏ իրավունքների խախտումները գերիշխում են, կան նաև դրական առաջխաղացման քայլեր:  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն հայտարարել է, որ ինքն հանդես է գալիս Մարդու իրավունքների պաշտպան+քաղաքացիական հասարակություն կարգախոսով: Որպեսզի ամրապնդի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությունը, նա հուշագրեր է ստորագրել 10 ոլորտների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կառույցների հետ: Դրանցից 2-ը քաղաքացիական հասարակության կազմակերպություններ են, որոնք զբաղվում են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցերով: Չնայած այն փաստին, որ որոշ ոչ-կառավարական կազմակերպություններ բոյկոտեցին մարդու իրավունքների պաշտպանի այս գործողությունը և այս 2 ՀԿ-ների հետ կնքած հուշագրի պատճառով հրաժարվեցին հուշագիր կնքել նրա հետ, նա ետ չկանգնեց իր նախաձեռնությունից:

Միջոցառում

Սովորաբար Հայաստանում ԼԳԲՏ հարցերին նվիրված միջոցառումները փակ են, իրականացվում են առավել ապահով վայրերում` միայն ԼԳԲՏ անձանց ու նրանց ընկերների համար: Միակ հանրային միջոցառումը երկրում նվիրված է Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միջազգային օրվան: 2010 թվականից ի վեր ՓԻՆՔ-ը գործընկերների և իրավապաշտպան ակտիվիստների հետ կազմակերպում է Ծիածան ֆլեշմոբ հանրային վայրում և դեռևս որևէ լուրջ պատահար տեղի չի ունեցել: Միջոցառումը նախապես չի հրապարակվել հանրության և իշխանության համար, միայն միջոցառումից հետո կազմակերպիչներն ուղարկել են մամլո հաղորդագրություններ և հարցազրույցներ տվել լրատվամիջողներին:

Հաջողված դեպք

Հայկական երաժշտական VO.X խումբը, որն իր “Ես իմ անուշ Հայաստանի” տեսահոլովակում նույնասեռ հարաբերությունները ներկայացրել է որպես այլասերում, երկարատև բանակցությունների հետո վերխմբագրեց այն` հեռացնելուվ նույնասեռականությունը որպես այլասերում ներկայացնող հատվածը: Փոխըմբռնման ենք հասել մի խումբ իրավապաշտպան ակտիվիստների հետ միասին և համարում, որ այս հարցը լուծվել է երկխոսության շնորհիվ:

Եզրակացություն

ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հիմնական դժվարությունը մնում է այն փաստը, որ տուժողները վախենում են բողոք ներկայացնելուց և իրենց գործերի հրապարակայնացման հնարավորությունից: Այսպիսով, ջատագովությունը մնում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հիմնական ռազմավարությունը: ԶԼՄ – ների և հասարակության համար սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության մասին իրազեկության բարձրացման անհրաժեշտություն կա: Անհրաժեշտ են ինստիտուցիոնալ փոփոխություններ` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության իրագործմանը ուղղված: Այս առումով, կան նախաձեռնություններ և ջանքեր են գործադրվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնք ունեն տեղական եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Իրականացվում են բազմաոլորտ աշխատանքներ` ուղղված ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության հիմնահարցերին  կառավարության ուշադրությանը սևեռելուն: