2018 թվականի օգոստոսին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններին նոր ընթացք է տրվել:

Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ՝ Շուռնուխում հանգստացող մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ ատելությամբ զուգորդված բռնության պատճառով քրեական գործ էր հարուցվել միայն ծեծի հոդվածով, իսկ հետագայում քրեական գործը կարճվել էր կասկածելի հանգամանքներում։

Այսպիսի գործեր քննելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է դրսևորի առավելագույն նրբանկատություն և ջանասիրություն՝ հաշվի առնելով ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության ընդգծված բացասական վերաբերմունքը և ԼԳԲՏ անձանց խոցելի կարգավիճակը։ Մինչդեռ վարույթն իրականացնող մարմնի անտարբերությունը և սոցիալական նախապաշարմունքներով առաջնորդվելը հանգեցրել էին գործի ոչ պատշաճ քննությանը և տուժողների իրավունքների խախտմանը։ Քրեական գործը կարճելու որոշումը բողոքարկվել էր դատարան այն հիմնավորումներով, որ գործը քննելիս հաշվի չեն առնվել այնպիսի կարևոր հանգամանքներ, ինչպիսիք են հանցագործության շարժառիթը և տուժողներին պատճառված հոգեկան տառապանքը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով տուժող կողմի բողոքը, կարելի է ասել, աննախադեպ որոշում է կայացրել։ Դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու համար՝ արդյոք տուժողներին պատճառվել է ֆիզիկական վնասից բացի այլ վնաս։ Այսինքն՝ դատարանը փաստել է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնություն գործադրելիս անձանց կարող է պատճառվել նաև բարոյական վնաս։ Դատարանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ բռնությունը պայմանավորված է եղել տուժողների [իրական կամ ենթադրյալ] սեռական կողմորոշման և գենդերային ինքնության նկատմամբ բռնարարների ատելությամբ։ Առաջին անգամ այս գործի շրջանակներում խոսվել է խտրականության և դրանով զուգորդված հանցագործության կատարման մասին։ Դատարանը, արձանագրելով տուժողների իրավունքների խախտում, պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնելու այդ խախտումները։

Այս դեպքում գործի քննությունը վերսկսում է, ուստի տուժող կողմը հնարավորություն կունենա վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել նրա կողմից անուշադրության մատնված հանգամանքների վրա և լրացնել քննության բացթողումները։