Մարտի 19-ին Երևանում՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, տեղի ունեցավ «Սոցիալական աշխատանքը փոխակերպվող հասարակությունում․ զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի և «Սոցիալական աշխատող․ աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից։ Կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպություններից, դպրոցներից, բուհերից ներկայացուցիչներ, ուսանողներ և դասախոսներ։

Կոնֆերանսին մասնակցում էր նաև «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող Ռուզաննա Ասլիկյանը։ Նա ներկայացրեց «Սոցիալական աշխատանքը ԼԳԲՏ համայնքի հետ» զեկույցը, որը նպատակ ուներ ներկայացնելու օգնող մասնագետների կողմից ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատելու, հասարակության մեջ խտրական վերաբերմունքի ձևավորման բացառման, ատելությանը և անհանդուրժողականությանը վերջ դնելու կարևորությունը, հատկապես սոցիալական աշխատողների շրջանում։ Ռ․Ասլիկյանը ներկայացրեց նյութի ամփոփ եզրակացությունը։

Զեկույցում, մասնավորապես, դիտարկվում են Հայաստանում առկա տարբեր մոտեցումները ԼԳԲՏ անձանց նկատմամբ սոցիալական հարաբերությունների տարբեր շերտերում, պարզվում է, թե ինչքան խնդրահարույց իրավիճակում են գտնվում ԼԳԲՏ անձինք։ Սոցիալական աշխատանքի աջակցությունն այսպիսի հասարակության կառուցման հարցում կարևորագույնն է։ Այն կապում է սոցիալական ինստիտուտները մարդկանց հետ, նպաստում տարբեր մակարդակներում հարաբերությունների կարգավորմանը, բարեփոխումների խթանմանն ու իրականացմանը և ուժեղացնում ԼԳԲՏ անձին իր այդ երկարատև պայքարում։ Հայաստանում ավելի շատ սոցիալական աշխատողների ներգրավվածության կարիք կա, որոնք կմասնագիտանան հենց խտրականության դեմ պայքարում, հանդուրժողականության ձևավորման և ներդաշնակության խթանման ուղղությամբ։ ԼԳԲՏ անձի առօրյա խնդիրների և ձեռքբերումների մասին հայ հասարակությունը կարիք ունի ավելի շատ իրազեկվելու, և այստեղ շատ մեծ է սոցիալական աշխատողների դերը։ Նման պայմաններում բնականաբար ակտիվ սոցիալական աշխատողներն էլ կենթարկվեն խտրականության, սակայն մասնագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ առանց պայքարի մեծամասշտաբ փոփոխություններն անհնար են։ Ուստի անհրաժեշտ է գործել։

Կազմակերպության սոցիալական աշխատող Ռուզաննա Ասլիկյանի զեկույցը ճանաչվել է լավագույն արդի թեմայով զեկույց։