photo by un.orgՄիավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների իշխանությունները իրավապաշտպանների խնդիրների հետ կապված ՄԱԿ-ի հարցումներին բավարար պատասխաններ չեն տալիս: Դրանք հաճախ ընդհանուր են, խուսափողական և հասկանալու համար հեշտ չեն, ասված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միշել Ֆորստի` իրավապաշտպանների դրությանը վերաբերող հաշվետվությունում:

Նա նշում է, որ երկրները աչք են փակում իրավապաշտպանների նկատմամբ տեղի ունեցող բռնությունների վրա ու այդ դեպքերը չեն հետաքննվում կամ դրանց ուսումնասիրությունը ձգձգվում է:

Ֆորստի տեղեկություններով, իրավապաշտպաններին ահաբեկում են նրանց կամ նրանց ընտանիքներին սպառնալով, զրպարտիչ արշավներով, մահվան սպառնալիքներով, ֆիզիկական հարձակումներով, առևանգումներով, դատական հետպնդումներով, սպանություններով, ոստիկանական հետապնդումներով:

ՄԱԿ-ի անդամ երկրներին զեկուցողի առաջարկներից է`

  • ապահովել իրավապաշտպանների գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջավայր և վերացնել ազգային օրենքներով սահմանված` իրավապաշտպանների գործունեությանն ուղղված խոչընդոտները:
  • պայքարել իրավապաշտպանների նկատմամբ խախտումների և սպառնալիքների դեմ և հետևողական լինել, որպեսզի հանցագործները պատժվեն օրենքի համաձայն, իսկ տուժողները փոխհատուցում ստանան:
  • հատուկ զեկուցողի հարցումներին բավարար պատասխաններ ուղարկել` տրամադրելով պահանջվող տեղեկությունները:
  • հատուկ ուշադրություն դարձնել ամենախոցելի խմբերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին, դրանք են`բնապահպանները, ԼԳԲՏԻ մարդկանց և կանանց իրավունքները պաշտպանողները, բիզնեսի ոլորտում աշխատող իրավապաշտպանները, նրանք, որոնք զբաղվում են ներքին հակամարտության կամ բնական աղետի իրավական խնդիրներով, իրավապաշտպանները, որոնք ապրում են մեկուսացված վայրերում և իրավապաշտպանները, որոնք աշխատում են ուժի կիրառմամբ անհետացածների ընտանիքների հետ և այլն:
  • ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտներ կամ բարեփոխումներ իրականացնել եղածներում:
  • ապահովել իրավապաշտպանների առանց խոչընդոտների մասնակցությունը ՄԱԿ-ի և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների գործունեությանը: