սեռականությունԳալիս է մի պահ, երբ մեր մարմինը սկսում է փոփոխվել, և մենք չենք կարողանում այդ փոփոխությունները կառավարել: Բոլորս անցնում ենք այդ փուլով: Ոմանց դա դուր է գալիս, մյուսներին` ոչ: Ոմանց մոտ փոփոխությունները սկսվում են ավելի վաղ` ի տարբերություն մյուսների: Փոփոխությունները լինում են և´ արտաքին, և´ ներքին, ինչը մեզ անհանգստացնում է, հետաքրքում, տխրեցնում կամ ուրախացնում: Մեր մարմնի հետ կատարվող փոփոխությունների հետևանքով փոխվում է մեր վարքագիծը, մեր վերաբերմունքը շրջակա աշխարհի և մարդկանց նկատմամբ, դառնում ենք ավելի զգայուն ու զգացմունքային: Տարբեր մարդկանց մարմնի զարգացումը տարբեր ձևով է ընթանում: Այնուամենայնիվ, այդ գործընթացներն ամբողջովին բնական են, հատուկ բոլոր դեռահասներին, և դրանք պետք չէ դիտարկել որպես վտանգավոր երևույթ:

Սեռական հասունացումը շատ կարևոր ժամանակաշրջան է յուրաքանչյուրի կյանքում: Հատկապես, երբ փոփոխությունները բնական ձևով են ընթանում, բնությունից նախասահմանված «ծրագրով» և անխուսափելի են: Լավագույնը, ինչ կարող ենք անել, մեր մարմինը և նրա հետ կատարվող փոփոխությունները փորձենք ընկալել ու հասկանալ, որ լինենք առողջ և գիտելիքով զինված:

Այս տեղեկատվական նյութը ստեղծվել է, որպեսզի քեզ տրամադրի տեղեկություններ քո սեփական մարմնի ու անհատականության կարևոր մի մասի` քո սեռականության մասին: Այստեղ ներառված է հիմնարար տեղեկատվություն սեռականության կարևոր բաղադրիչների մասին: Այստեղ տրամադրում ենք գիտելիք այն մասին, թե ինչպիսին ես դու, ինչպիսին են քեզ շրջապատող մարդիկ և ինչպիսին կարող է լինել անհատը` սեռականության տեսակետից: Այն քեզ հնարավորություն կտա նախ և առաջ բացահայտել ինքդ քեզ` որպես սեռային և սեռական, իսկ հետո` որպես սոցիալական էակ:

Սեռականությունը, այդ թվում` սեռական վարքագիծը, մարդու անհատականության կարևոր մասն է, և կարևոր է մեր մարմնի մասին հիմնարար գիտելիք ունենալը. «Ծանիր զքեզ» (ճանաչիր ինքդ քեզ), ճանաչիր սեփական մարմինդ: Ինչո՞ւ պետք է ամաչենք մեր մարմնից, բոլորիս կյանք պարգևող օրգաններից, չխոսենք դրանց մասին, չիմանանք դրական և բացասական, օգտակար և վնասակար երևույթների ու փաստերի մասին:

Եկե´ք խոսենք այն թեմաներից, որոնց մասին հաճախ լռում ենք, քանի որ լռությունը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների` գիտելիքի պակաս, գենդերային անհավասարություն, սխալ վերաբերմունք ու վարքագիծ սեփական մարմնի ու այլոց նկատմամբ, ինչպես նաև սեփական մարմնի նկատմամբ բնական անվերահսկելիության հետևանքով առաջացող ինքնավստահության պակաս: Գիտելիքը զորություն է:

«Սեռականություն» բառը շատերը նույնացնում են սեռական հարաբերություններ ունենալու, սեռական կյանք վարելու հետ: Իրականում սեռական հարաբերություն և սեռականություն հասկացությունները նույն իմաստը չեն արտահայտում:

Սեռականությունը յուրաքանչյուր անձի կենսաբանական, մտավոր, վարքագծային և սոցիալական բնութագրիչների ամբողջությունն է, որը սահմանում է մարդու ինքնությունը, վարքագիծը, կերպարն ու դերը որպես անհատ և որպես հասարակության անդամ:

Սեռականությունն ուսումնասիրության լայն դաշտ է, որը վերաբերում է անհատի սեռին, գենդերային ինքնությանը և դրա արտահայտմանը, սեռական կողմնորոշմանը և ինքնությանը, նախապաշարումներին և խտրականության հետևանքներին, սեռական շեղումներին: Այն նաև ներառում է վերոնշյալ μնութագրիչների վրա հիմնված նախապաշարմունքների և խտրականության հետևանքների ուսումնասիրությունը:

Մինչև շարունակելը, պետք է իրարից տարբերենք երկու հասկացություն` սեռային և սեռական.

  • Սեռային տերմինով բնորոշում ենք այն ամենն, ինչը վերաբերում է անհատի կենսաբանական սեռին և անատոմիային:
  • Սեռական տերմինով բնորոշում ենք այն ամենն, ինչը վերաբերում է զգացմունքներին, հույզերին, զգայականությանը, ինքնագիտ ակցությանն ու ինքնությանը, նաև սեռական բնույթի գործողություններին, սեռական հարաբերությանն ու սեռական ակտին:

Սեռականությամբ օժտված է յուրաքանչյուր անհատ: Ուստի մեր սեռականության մասին գիտելիքի պակասը բացասական հետևանքների հանգեցնող երևույթ է: Միջնադարից սկսած, սեռականության մասին գիտելիքը խիստ սահմանափակ էր: Իսկ բացի լռություն պահպանելու դարերով եկած ավանդույթներից, խորհրդային դարաշրջանից սկսած` ոլորտում գործում էին նաև պետական խիստ սահմանափակող քաղաքականություն և լռության քարոզչություն: Նույն մոտեցումը շարունակվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո, և ծնողներն ու ուսուցիչները գերադասում էին չանդրադառնալ տվյալ թեմաներին ո´չ տանը, ո´չ էլ դպրոցներում:

Մարդիկ սեռականություն ունեցող արարածներ են, սակայն կարևոր է հասկանալ, որ երբ ասում ենք` մարդը սեռական էակ է, ապա նկատի չունենք, որ մարդը միայն սեռական էակ է. մարդը նաև բանական, հոգևոր և այլ տեսակի էություններ ունեցող էակ է:

Սեռականությունը ներառում է մի շարք կարևոր հասկացություններ (ծանոթացեք այդ հասկացություններին` սեղմելով  ներքևում նշված հղումներին).

  1. Կենսաբանական սեռ

  2. Սեռային ինքնություն

  3. Սեռական վարքագիծ

  4. Սեռական կողմնորոշում

  5. Սեռական ինքնություն

  6. Գենդերային ինքնություն

  7. Գենդերային դեր

Յուրաքանչյուրս օժտված ենք սեռականությամբ և կրում ենք դրա բոլոր հիմնական բաղադրիչները: Մենք բոլորս ծնվում ենք որպես արական, իգական կամ միջին կենսաբանական սեռի անհատ, այնուհետև` կառուցում մեր սեռի ներքին ընկալումը` սեռային ինքնությունը: Ինչ-որ տարիքում անցնում ենք սեռահասունացման բարդ ճանապարհը և հիմնականում հարմարվում մեր մարմնի ու ինքնընկալման փոփոխություններին կամ, որոշ դեպքերում, մենք չենք կարողանում հարմարվել մեր կենսաբանական սեռին ու դրա առանձնահատկություններին (բնորոշ է տրանսսեքսուալ անձանց): Կյանքի ընթացքում դրսևորում ենք այս կամ այն տեսակի սեռական վարքագիծ ու ստեղծում ինտիմ հարաբերություններ: Բոլորիս բնորոշ է լինում որևէ տեսակի սեռական կողմնորոշումը (տարասեռական, նույնասեռական, երկսեռական կամ անսեռական), և կյանքի ինչ-որ պահի հասկանում ենք մեր սեռական կողմնորոշման ներքին ընկալումը` սեռական ինքնությունը: Մեր մշակույթում սահմանված սոցիալական դերերից, սպասելիքներից և կարծրատիպերից սկսում ենք ձևավորել ու համապատասխան դրսևորել որոշակի գենդերային դերեր և ձևավորում մեր պատկերացումը սեփական գենդերի մասին` գենդերային ինքնություն: Հիմնականում մեր գենդերային ինքնությունը համապատասխանում է մեր մշակույթում սահմանված գենդերային դերերին, սակայն երբեմն դրանց միջև լինում է անհամապատասխանություն (բնորոշ է տրանսգենդեր անձանց): Այնուամենայնիվ, յուրաքանչյուրս, կրելով սեռականության նույն բաղկացուցիչները, տարբեր կերպ ենք դրանք ընկալում, հասկանում ու գիտակցում: Հետևաբար, տարբեր կերպ ենք արտահայտում մեր սեռականության բաղադրիչները և տարբեր կերպ էլ ընկալում ու հասկանում ենք այլոց սեռականության դրսևորումները: Մենք բոլորս տարբեր ենք որպես սեռականություն կրող անհատներ, իսկ տարբերվելը վատ բան չէ. այն անհատականության և յուրատիպության ցուցանիշ է և բնական պարգև:

Սեռականության մասին գիտելիքներ և որոշակի տեղեկություններ մենք ձեռք ենք բերում ամբողջ կյանքի ընթացքում, որը կարևոր է մեր սեռական ու հոգեկան առողջության համար: Երբ մենք չենք ունենում բավարար տեղեկություններ մեր և ուրիշների սեռականության մասին, ապա սկսում ենք կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել և´ ինքերս մեր, և´ ուրիշների նկատմամբ, որը ցավոք հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների բոլորիս համար` անինքնավստահություն և սեփական անձի մերժում, անհանդուրժող և չընդունող վերաբերմունք մարդկանց նկատմամբ, ագրեսիվ ու բռնի վարքի դրսևորում, խտրականություն, ատելություն և այլն: Հետևաբար, մեր և ուրիշների սեռականության մասին գիտելիքների ու տեղեկատվության շարունակական համալրումը կարևոր է ոչ միայն մեր սեռական և հոգեկան առողջության ու ներդաշնակության, այլև մեր ու այլոց բարօրության և համերաշխության համար:

Հեղինակներ` Թամար Շիրինյան, Սևակ Կիրակոսյան և Լիլիթ Ավետիսյան
Խմբագրական անձնակազմ` Մարինե Մարգարյան, Լուսինե Սաղումյան, Նիկոլայ Հովհաննիսյան և Նվարդ Մարգարյան