Կենսաբանական սեռը առանձնացվում է անհատի վերարտադրողական համակարգի կառուցվածքով և ֆունկցիայով` արտաքին ու ներքին սեռական օրգաններով և դրանց կողմից արտադրվող միավորների տեսակներով: Ձվաբջիջը իգական սեռի միավորն է, իսկ սպերմատոզոիդը` արական սեռինը, որոնք նախատեսված են վերարտադրության համար: Արտաքին և ներքին սեռական օրգանների հիման վրա տարանջատում ենք անհատի կենսաբանական սեռը` արական, իգական, երրորդ կամ միջին:

Սեռն անհատի կենսաբանական ստատուսն է որպես արական, իգական կամ այլ (ինտերսեքս) և որոշվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսին են սեռական քրոմոսոմները, գոնադները, արտաքին ու ներքին սեռական օրգանները:

Male_Reproductive_OrgansԱրական սեռի պատկանող է համարվում այն անհատը, որն ունի արական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին արական սեռական օրգաններ: Արտաքին սեռական օրգաններն են առնանդամը և ամորձապարկը` փոշտը, որն արտաքինից պաշտպանում է նրա մեջ գտնվող զույգ ամորձիները: Արական սեռի ներքին սեռական օրգաններն են` ամորձիները, սերմնաբշտերը, սերմնածորանները և շագանակագեղձը: Ամորձին երն արական սեռական գեղձերն են, որտեղ առաջանում են արական սեռական բջիջները` սպերմատոզոիդները, և սեռական հորմոնները: Սերմնածորանները զույգ խողովակներ են, որոնց միջով շարժվում են սպերմատոզոիդները, իսկ սերմնաբշտերը և շագանակագեղձը արտադրում են սերմնահեղուկ, որը, միախառնվելով սպերմատոզոիդների հետ, առաջացնում է սերմը (սպերման):

Female_Reproductive_OrgansԻգական սեռի պատկանող համարվում է այն անհատը, որն ունի իգական սեռը բնութագրող առաջնային հատկանիշներ` արտաքին և ներքին իգական սեռական օրգաններ: Արտաքին սեռական օրգաններն են` կրծքերը, մազածածկույթով պատված ամոթույքը, մեծ և փոքր սեռական շուրթերը, ծլիկը (կլիտոր), որից ներքև գտնվում է միզածորանը, այնուհետև` հեշտոցամուտքը, որն աղջիկների մոտ հիմնականում ծածկված է լինում կուսաթաղանթով (hymen): Կուսաթաղանթի վրա կան անցքեր, որոնցով դուրս է գալիս դաշտանային արյունը: Կուսաթաղանթն ամբողջությամբ չի պատում հեշտոցամուտքը և կարող է լինել տարբեր ձևերի, չափսերի և հաստության: Գոյություն ունի տարածված թյուր պատկերացում, որ բժիշկը գենեկոլոգիական զննման արդյունքում կարող է ասել` կինը կույս է, թե ոչ: Իրականում կուսթաղանթի ամբողջականությունը կամ տեսքը չի կարող վկայել կնոջ սեռական կյանքի առկայության կամ բացակայության մասին, քանի որ կուսաթաղանթը կարող է վնասվել կամ պատռվել մանկության տարիքում տարբեր ֆիզիկական վարժությունների կամ ինչ-որ առարկաների օգտագործման արդյունքում: Իսկ որոշ կանաց մոտ այն կարող է ի ծնե մասնակի լինել կամ ընդհանրապես բացակայել: ginecology-healthtuts-Fallopian-TubesԿանանց միայն 0.03%-ն է ծնվում տեսանելի կուսաթաղանթով: Իգական սեռի ներքին սեռական օրգաններն են` ձվարանները, արգանդափողերը` ֆալոպյան փողերը, արգանդը և հեշտոցը: Ձվարաններն իգական սեռական գեղձերն են, որոնցում առաջանում են իգական սեռական բջիջները` ձվաբջիջները, և սեռական հորմոնները: Արգանդը տանձաձև մկանային օրգան է, որում զարգանում է սաղմը: Արգանդափողերը մկանային խողովակներ են, որոնցով անցնում են ձվաբջիջները և որտեղ տեղի է ունենում ձվաբջջի բեղմնավորումը` սպերմատոզոիդի միացումը ձվաբջջին: Յուրաքանչյուր 28 օրը մեկ անգամ ձվարաններից մեկում հասունանում է մեկ ձվաբջիջ: Մինչև հասունանալը ձվաբջիջը գտնվում է հատուկ բշտիկում` ֆոլիկուլում: Հասունացման ընթացքում ֆոլիկուլը լցվում է հեղուկով և տեղաշարժվում ձվարանի մակերեսային շերտ, այնուհետև` պատռվում է, և ձվաբջիջն ընկնում է արգանդափող ու շարժվում դեպի արգանդ: Եթե ձվաբջիջը բեղմնավորվում է, ապա առաջացած սաղմը կպչում է արգանդի պատին: Եթե այն չի բեղմնավորվում, ապա այն արգանդի լորձաթաղանթի հետ պոկվում է և հեռանում հեշտոցի միջով: Այս գործընթացը ուղեկցվում է քիչ քանակությամբ արյունահոսությամբ և կոչվում է դաշտան:

Անհատի սեռը միջին է համարվում, երբ անհատի ներքին և արտաքին սեռական օրգանները ո´չ հստակ արական են, ո´չ էլ` հստակ իգական: Միջին սեռ ունեցող անհատի մոտ հանդիպում են արական և իգական ներքին ու արտաքին սեռական օրգանների համակցություններ:

intersex_largeՄիջսեռականությունը բնության մեջ անվանվում է հերմաֆրոդիտություն: Անվանումը առաջացել է հին հունական աստծո` Հերմափրոդիտոսի անունից, որը Հերմեսի և Ափրոդիտեի որդին է: Մարդկանց դեպքում ընդունված է ասել ոչ թե հերմաֆրոդիտ, այլ` միջսեռական (ինտերսեքս): Միջսեռականության կամ միջին սեռի տարբեր տեսակներ կան, և երբեմն միջսեռականներին կամ երրորդ սեռի անձանց արտաքնապես անհնար է լինում տարբերել արական կամ իգական սեռի անհատներից: Այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ միջսեռականությունը տեսանելի է լինում նաև արտաքնապես: Լինում են նաև դեպքեր, երբ անհատն իր ողջ կյանքն ապրում է` կարծելով, որ կենսաբանորեն արական կամ իգական սեռի է, և միայն մահվանից ու դիահերձումից հետո է պարզվում, որ նա իրականում միջսեռական էր (որովհետև, օրինակ, բացի արտաքին արական սեռական օրգաններից, ուներ նաև ձվարաններ, ինչի մասին ինքը չգիտեր): Անհատը կարող է իմանալ սեփական միջսեռականության մասին նաև վաղ հասակում: Հաճախ միջսեռական անձանց ստիպում են հարմարվել սեռերի երկբևեռ մոդելին (միայն արական և իգական)` նրանց ենթարկելով վիրահատությունների, և հետագայում դաստիարակելով կա´մ որպես աղջիկ, կա´մ էլ որպես տղա: Այդ վիրահատությունները հաճախ խիստ բացասական դեր են թողնում անհատի վրա, ոմանք նույնիսկ իսպառ կորցնում են սեռական հաճույք ստանալու հնարավորությունը և ունակությունը: Ծնողներն էլ, բժիշկների խորհրդով, երեխայից գաղտնի են պահում այդ տեղեկությունը: Իրավունքի տեսակետից սա ոչ միայն ոտնձգություն է անհատի մարմնի նկատմամբ, որը նախ և առաջ պատկանում է հենց այդ անհատին, այլև մարդու սեռական և վերարտադրողական իրավունքների ոտնահարում է: Այստեղ կա նաև էթիկական խնդիր. ճի՞շտ է անհատից թաքցնել նրա հետ կապված այդ աստիճան կարևոր տեղեկությունը: Արդյոք դա երեխայի՞, թե՞ ծնողների շահերից է բխում:

Շատ մշակույթներում ընդունված է սեռերի գոյության «երկբևեռ» վարկածը` կա միայն իգական և առական սեռ: Այս վարկածի գոյության պատճառը, ի թիվս այլ գործոնների, միջսեռական անձանց տեսանելիության պակասն է: Այնուամենայնիվ, մարդկային սեռերի և սեռականության «երկբևեռ» մոտեցումից բացի աշխարհի տարբեր մշակույթներում առկա են նաև առավել հանդուրժող, բազմազանություն ընդունող և ներառողական այլ` «բազմաբևեռ» մոտեցումներ, որտեղ դուալիզմը չէ (բարի-չար, ճիշտ-սխալ, լավ-վատ, տղամարդ-կին, սև-սպիտակ և այլն), որ ողջունվում է: Որոշ մշակույթներ ընդունում են, որ իգական և արական սեռերից բացի աշխարհում կան նաև այլ սեռ ունեցող անհատներ, ինչը երբեմն արտացոլվում է այդ մշակույթի առասպելաբանության, դիցաբանության և կրոնի մեջ: Որոշ երկրներում (օրինակ, Հնդկաստանում) պաշտոնական փաստաթղթերում «արական» և «իգական» սեռեր նշելուց բացի կա նաև «այլ» սեռ նշելու հնարավորությունը:

Բացի կենսաբանական սեռից մարդիկ ունեն նաև հետևյալ սեռերը.

  1. Քրոմոսոմային կամ գենետիկական սեռ, որը որոշվում է քրոմոսոմների կազմով: Մարդու, ինչպես նաև որոշ կենդանիների դեպքում, սեռը որոշվում է հատուկ տեսակի քրոմոսոմներով` սեռական քրմոսոմներով. X-իգական քրոմոսոմ, Y-արական քրոմոսոմ, XY քրոմոսոմային կազմ (արական սեռ), XX քրոմոսոմային կազմ (իգական սեռ): Միջսեռական մարդկանց մոտ հանդիպում են XXY և XO քրոմոսոմային կազմեր, սակայն ոչ բոլոր միջսեռականները (ինտերսեքս) ունեն վերոնշյալ քրոմոսոմային կազմերը:
  2. Հորմոնալ սեռ, որը որոշվում է մարմնի կողմից արտադրվող հորմոններով. էստրոգենները բնորոշ են իգական սեռին, անդրոգենները` արականին, որոնք էլ հետագայում սահմանում են անհատի երկրորդային սեռային հատկանիշները, օրինակ` ցածր և թավ ձայնը տղաների մոտ, կրծքի մեծացում և դաշտան աղջիկների մոտ, ինչպես նաև` ցայլքի շրջանում մազերի աճ երկու սեռերի մոտ էլ և այլ փոփոխություններ: Չնայած արական և իգական սեռերն էլ ունենում են և´ անդրոգեններ, և´ էստրոգեններ, սակայն դրանց քանակությունը տատանվում է, և քանակը որոշիչ է լինում: Էստրոգենի մեծ քանակության շնորհիվ է, որ աղջիկների դեմքին մազածածկույթ չի առաջանում, իսկ մաշկն ավելի հարթ է լինում: Եվ անդրոգենների մեծ քանակությունն է տղաների մոտ, որ նրանց դարձնում է ավելի առնական: Լինում է նաև, որ արական սեռի անհատների մոտ ավելի շատ է լինում էստրոգեն, և նրանք ավելի կանացի տեսք են ունենում, իսկ աղջիկների մոտ ավելի շատ են լինում անդրոգեններ և նրանք առավել առնական տեսք են ունենում:
  3. Պրենատալ սեռ, որը բժշկի կողմից կնոջ հղիության ժամանակ պտղին տրվող կամ ակնկալվող սեռն է:
  4. Ծննդյան սեռ, որը տրվում է նորածնին մանկաբարձուհու կամ մանկաբարձի կողմից:
  5. Մորֆոլոգիական սեռ, որը որոշվում է անհատի արտաքին սեռական օրգանների հիման վրա:
  6. Գոնադային սեռ, որը որոշվում է մարդու սեռական գեղձերի առկայությամբ. իգականի դեպքում ձվարաններն են, իսկ արականի դեպքում` սերմնարանները: Միջսեռական մարդկանց մոտ հնարավոր է երկու սեռական գեղձերի միաժամանակյա կամ միջանկյալ տարբերակների առկայությունը:
  7. Գամետային սեռ, որը որոշվում է սեռական վերարտադրության համար մարմնի կողմից արտադրվող միավորների` գամետների միջոցով. արական սեռական օրգանները արտադրում են սերմնաբջիջ կամ սպերմատոզոիդ, իգականները` ձվաբջիջ:
  8. Անձնագրային կամ քաղաքացիական սեռ, որը կնքված է անհատի անձնագրում:
  9. Հոգեբանական սեռ, որը հիմնված է անհատի սեռային ինքնության վրա:

Վերոնշյալ սեռերը սովորաբար համապատասխանում են միմյանց, սակայն կարող են նաև չհամապատասխանել կամ որոշ դեպքերում փոփոխվել: