genderԳենդեր տերմինը առաջին անգամ սեռականության ոլորտում գործածել է հոգեբան Ռոբերտ Ստոլերն իր «Սեռ և գենդեր» անունով աշխատությունում (Ստոլլեր 1968): «Գենդեր» բառի գործածման իմաստը «տղամարդկայնության»և «կանացիության» սոցիոմշակութային իմաստները կենսաբանականից առանձնացնելն էր:

Գենդերը մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումն է և փորձը, նաև հասարակական կառուցվածքը, որտեղ սահմանվում են որոշակի վարքագծեր տղամարդկանց և կանանց դերերի համար` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Գենդերը կապված է հասարակության ակնկալիքների հետ և լոկ կենսաբանական հարց չէ:

Գենդերն, այլ խոսքերով, «հասարակական կամ սոցիալական սեռն է», որն ավելին է, քան կենսաբանական սեռը: Շատ մշակույթներում հասարակության սպասումները հետևյալն են` իգական սեռի անհատները պետք է իրենց գենդերով աղջիկ, հետագայում էլ կին լինեն, իսկ արական սեռի անհատները` տղա, հետո էլ` տղամարդ: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչով ծնվում ենք, ապա գենդերն այն է, ինչը ձեռք ենք բերում տվյալ մշակույթում` ելնելով սեփական կենսաբանական սեռից, սեռային ինքնությունից, նաև տվյալ մշակույթի վերաբերմունքից, կարծրատիպերից ու պահանջներից: Այսպիսով, գենդերը պարունակում է ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և մշակութային բաղկացուցիչներ:

Ի գիտություն.Գենդերը սահմանվում է մշակույթով: Որոշ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա պետք է լինի զուսպ, ոչ շատախոս, լուրջ, ոչ թեթևաբարո, իսկ այլ մշակույթներում տղամարդուց ակնկալվում է, որ նա, ընդհակառակը, պետք է լինի կրքոտ, վառ արտահայտի իր զգացմունքներն ու հույզերը, խոսելիս շատ ժեստեր գործածի և այլն: Նույնը և կանանց նկատմամբ: Եթե որոշ մշակույթներում առաքինություն է համարվում կնոջ` մինչև ամուսնությունը կույս լինելը, և խիստ պահպանողականները չեն ամուսնանում կուսազրկվածների հետ, ապա այլ մշակույթներում կնոջ և տղամարդու իրավունքները հավասար են, կանանց վերարտադրողական և սեռական իրավունքները ևս պաշտպանվում են, կինն ու տղամարդը կարող են մինչամուսնական հարաբերություններ ունենալ (այդ թվում` սեռական համատեղ կյանք) և միայն դրանից հետո որոշել` ամուսնանում են, թե ոչ: Ուստի, կնոջ և տղամարդու գենդերները համընհանուր չեն, դրանք դիտարկվում են յուրաքանչյուր մշակույթի համատեքստում:

Գենդերային ինքնությունը այն է, ինչը դու ունես քո գլխում հասարակության մեջ քո դերի մասին` կին, տղամարդ կամ այլ գենդեր:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ տրված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր: