transgenderlogoԳենդերային դերն այն «հասարակական սեռն» է, գործողություններն ու վարքագիծը, որոնցով դու հանդես ես գալիս հասարակության մեջ: Գենդերային դերը դրսևորվում է այն գործողություններով ու վարքով, որոնցով հասարակության մեջ հանդես է գալիս անհատը` ելնելով իր գենդերային ինքնությունից: Այն սեփական գենդերի արտահայտումն է տվյալ մշակույթում:

Գենդերային դերը մշակույթի կողմից սահմանված դիրքորոշումների, վարքագծի օրինաչափությունների և անձնային հատկանիշների ամբողջությունն է, որոնցով անհատն ապրում է որպես կարծրատիպորեն սահմանված առնական կամ կանացի սոցիալական դերերով:

Ի գիտություն. Հայ հասարակության մեջ գենդերային դերերի հստակ բաժանում և սահմաններ կան, վարքագծի կանոններ` համապատասխանող «տղամարդ» և «կին» հասարակական կատեգորիաներին կամ գենդերներին:

Տղամարդուց ակնկալում են որոշակի գործողություններ, պահվածք, վարվելաձև: Նույնիսկ խոսքեր կան, որոնց գործածումը տղամարդկանց կողմից առավել թույլատրելի է, ինչպես նաև արտահայտություններ, որոնք ավելի շատ բնորոշ են կնոջը: Այսինքն, միայն արական սեռական օրգաններ ունենալը դեռևս չի նշանակում տղամարդ կատեգորիային համապատասխանել. «տղամարդ չեն ծնվում, տղամարդ դառնում են»,- ասում է հայտնի խոսքը: Տարբեր մշակույթներում ընդունված է «իսկական տղամարդու» մասին հետևյալ պատկերացումը` «իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և որդի ունենա»: Բացի սրանից, ակնկալվում է, որ «իսկական տղամարդը պետք է լինի առնական, ուժեղ և նախաձեռնող», «իսկական տղամարդը երբեք չպետք է լացի» և այլն: Ակնկալվում է, որ տղամարդը պետք է լինի ակտիվ, ձեռնարկող, գործունյա:

Նույնը և կանանց դեպքում. կան որոշակի ակնկալիքներ կնոջ պահվածքի, խոսքի, տեսքի առումով` «խելոք», «տուն տանելու» կամ «օջախի աղջիկ», «բարոյական», «եփող-թափող» և այլն: Հայաստանում ենթադրվում է, որ կինը պետք է լինի հեզ, հնազանդ, պասիվ և ենթարկվող: Եվ եթե աղջիկը կամ կինը չի համապատասխանում տվյալ պահաջներին, նրան տարբեր պիտակներ են տրվում, առավել պահպանողականները «կին» և «տղամարդ» գենդերներին չհամապատասխանող անհատներին համարում են «այլասերված», «վատ», «անբարոյական», «վտանգավոր»:

Հիմնականում գենդերային ինքնության հիման վրա է կառուցվում գենդերային դերը: Այսպես, արական սեռի անհատի գենդերային ինքնությունը սովորաբար «տղամարդ» է լինում: Նրան նաև կարող է դուր գալ այն ամենը, ինչը տվյալ տարածաշրջանում և մշակույթի մեջ ասոցացվում է տղամարդ կատեգորիայի հետ, և նա կարող է հանդես գալ որպես տղամարդ (այսինքն, լինել տղամարդ և´ գենդերային ինքնությամբ, և´ գենդերային դերով): Նույնն էլ կնոջ դեպքում:

Ի գիտություն. Անհատի գենդերային ինքնությունը ու գենդերային դերը չեն պայմանավորում նրա սեռական կողմնորոշումը և հակառակը, քանի որ դրանք սեռականության տարբեր բաղադրիչներ են: Այսպես, կնոջ գենդերային ինքնություն ու գենդերային դեր կարող է ունենալ իգական սեռի ինչպես տարասեռական, այնպես էլ այլ սեռական կողմնորոշում ունեցող անհատը: Եվ, նմանապես, տղամարդու գենդերային ինքնություն ու գենդերային դեր կարող է ունենալ արական սեռի ինչպես տարասեռական, այնպես էլ այլ սեռական կողմնորոշում ունեցող անհատը:

Այնուամենայնիվ, գենդերային ինքնությունն ու գենդերային դերը կարող են մեկը մյուսից տարբեր լինել: Օրինակ, կնոջը կարող են դուր գալ տղամարդուն վերագրվող հագուստներ ու վարքագիծ, նա ինքն իրեն կարող է ավելի նույնականացնել տղամարդու հետ: Սակայն, հետևելով համընդհանուր վարքագծի մոդելներին, նա կարող է հասարակության մեջ հանդես գալ ոչ թե իրեն դուր եկող հագուկապով ու պահվածքով, այլ այնպիսի վարքագծով ու արտաքինով, որն իրենից ակնկալում են: Տվյալ դեպքում կստացվի, որ գենդերային ինքնությունը (այն, ինչ նա մտածում, պատկերացնում, երազում, ցանկանում և երևակայում է) տարբեր է գենդերային դերից (այն, ինչ նա անում է, այն հագուկապն ու վարքագիծը, որով հանդես է գալիս): Նույնն էլ կարող է տղամարդու դեպքում լինել. նրան կարող են դուր գալ հագուստ և զգեստներ, ինչպես նաև վարվելաձև, որ տվյալ մշակույթը կանանց է վերագրում, սակայն անհատը կարող է գերադասել իր ցանկությունները թաքցնել` հետևելով հասարակայնորեն ընդունված առնականության կարծրատիպերին ու մոդելներին: Այս դեպքում ևս կստացվի, որ տվյալ տղամարդու գենդերային ինքնությունը չի համապատասխանում նրա գենդերային դերին: Իրականում, մարդիկ են, որ հագուստի որոշ տեսակներն ընկալում են որպես տղամարդու, մյուսները` որպես կանացի: Սակայն այն, ինչ մի տարածաշրջանում կամ մշակույթում կարող է համարվել կնոջը բնորոշ, մեկ այլ տարածաշրջանում կամ մշակույթում կարող է բնորոշ լինել կամ տղամարդուն կամ էլ` և´ կնոջը, և´ տղամարդուն: Հետևաբար, հագուստը «կանացի»-ի և «առնական»-ի բաժանելը ևս սոցիալ-մշակութային երևույթ է. իրականում չկան գենդերի համընդհանուր կանոններ, որոնք բաժանում են «կանացի»-ն և «առնական»-ը:

Այն անհատները, որոնք իրենց գենդերային ինքնությամբ ու գենդերային դերով համապատասխանում են սոցիալական ակնկալիքներին ու տվյալ մշակույթում իշխող գենդերային կարծրատիպերին, կոչվում են սիսգենդեր: Օրինակ, եթե (1) կենսաբանորեն արական սեռի անհատն իր (2) սեռային ինքնությամμ արական սեռի է, (3) իր գենդերային ինքնությամμ իրեն համարում է տղամարդ և (4) իր գենդերային դերով էլ հանդես է գալիս որպես տղամարդ, ապա նա սիսգենդեր է:

Սիսգենդերն այն անհատն է, որի գենդերային ինքնությունը և գենդերային արտահայտումը համապատասխանում է ծննդյան ժամանակ հաստատված սեռին բնորոշին և իր գենդերի հետ կապված սոցիալական սպասելիքներին:

Իսկ նրանք, ովքեր անհամապատասխանություն ունեն իրենց կենսաբանական սեռի, սեռային և գենդերային ինքնության և գենդերային դերի ու հասարակական ակնկալիքների հետ և հանդես չեն գալիս այն գենդերային դերով, որն իրենցից ակնկալվում է, կոչվում են տրանսգենդեր: Այսինքն` տրանսգենդերն այն անհատն է, որի գենդերային ինքնությունը տարբերվում է տվյալ հասարակության մեջ ընդունված «կին» կամ «տղամարդ» գենդերային դերերից, և որն ապրում ու հասարակայնորեն հանդես է գալիս ծննդյան ժամանակ նրան տրված գենդերից տարբերվող գենդերով:

Տրանսգենդերն այն անհատն է, որը ժամանակավորապես կամ մշտապես նույնականացնում է իրեն ծննդյան ժամանակ հաստատված գենդերից տարբերվող գենդերի հետ: Վերաբերում է այն անձանց, որոնք մշտապես ապրում են իրենց նախընտրած գենդերին համապատասխան, իսկ բժշկական միջամտության ենթարկվելը պարտադիր պայման չէ:

Բացի կին և տղամարդ գենդերային ինքնություններից, աշխարհի բազմաթիվ հասարակություններում կան նաև այլ գենդերային ինքնություններ` հիջրաները (Հնդկաստան), բիսուները, չալալայներն ու չալաբայները (Ինդոնեզիա), ֆա’աֆաֆինները (Սամոա), մահուները (Պոլինեզիա), «երկու հոգի ունեցողները» (Ամերիկայի բնիկների մոտ) և այլն: Այսինքն, բոլոր վերոնշյալ և այլ մշակույթներում հասարակությունն ընդունում է, որ կան ոչ միայն կին ու տղամարդ գենդերներ, այլև այլ գենդերային ինքնություն ունեցող անհատներ` տրանսգենդերներ: Գենդերային կանոնները երբեմն թելադրում են ոչ միայն համընդհանուր մշակույթներն, այլև ենթամշակույթները:

Տրանսգենդեր անձանց պետք է տարբերել տրանսսեքսուալ անհատներից: Տրանսսեքսուալ անձանց ոչ միայն գենդերային ինքնությունն է, որ չի համապատասխանում ծննդյան ժամանակ նրանց սեռին վերագրված գենդերին, այլև նրանք նշանակալի անհարմարություն ունեն սեփական կենսաբանական սեռի հետ: Օրինակ, եթե անհատը կենսաբանական սեռով արական սեռի է, սակայն գտնում է, որ ինքը «սխալ» սեռի մարմնում է ծնվել և ցանկանում է իգական սեռի լինել, ապա նա ունի անհարմարություն սեփական սեռի հետ: Նմանապես, իգական սեռի այն անհատը, որը զգում է, որ արական սեռ պետք է ունենա, նույնպես ունի անհարմարություն իր սեռի հետ: Նման անհատներն ունեն երկընտրանք` համակերպվել սեփական մարմնի հետ կամ փոփոխել այն: Դա անհատի ընտրությունն է, և ցանկության դեպքում հնարավոր է նաև փոփոխել մարմինը վիրահատությունների միջոցով:

Տրանսսեքսուալն այն անհատն է, որը լիովին նույնականանում է հաստատված սեռին հակառակ գենդերային դերին և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով: Այն հաճախ ուղեկցվում է սեփական առաջնային և երկրորդային սեռային հատկանիշների ուժեղ մերժմամբ և նախընտրած գենդերին բնորոշ մարմնին համապատասխանեցման ցանկությամբ: Տրանսսեքսուալ անհատը ցանկանում է կամ իրականցնում է սոցիալական փոփոխություն արականից իգական կամ իգականից արական, որը բազմաթիվ, բայց ոչ բոլոր դեպքերում, ներառում է նաև սոմատիկ փոփոխություն հակառակ սեռի հորմոնային բուժմամբ և սեռական օրգանների վիրահատությամբ («սեռի փոփոխության վիրահատություն»):

Ի գիտություն. Պետք է տարանջատել տրանսգենդեր և տրանսսեսքսուալ անձանց տրանսվեստիտ մարդկանցից: Եթե տրանսգենդերի դեպքում խոսքը գենդերային ինքնության և գենդերային դերի ու դրա արտահայտման մասին է, իսկ տրանսսեքսուալի դեպքում ավելանում է նաև սեփական կենսաբանական սեռի հետ անհարմարությունը, ապա տրանսվեստիտի դեպքում խոսքը վերաբերում է միայն հագուստին կամ կերպարանքին. այս μառի հիմքը իտալերեն “vestire” (հագնվել, հագնել) բառն է:

Միջնադարում, երբ կանանց արգելված էր հասարակության լիիրավ անդամ լինել, թատրոնում նրանց փոխարինում էին արական սեռի դերասաններ: Նույնն էլ մահմեդական մշակույթում. տարբեր հասարակական վայրերում կանանց փոխարեն (որոնց մուտքն այդ հաստատություններ արգելված էր) տղամարդիկ էին զվարճացնում այցելուներին: Տրանսվեստիտությունը կապ չունի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ. տրանսվեստիտը կարող է լինել ինչպես նույնասեռական, այնպես էլ տարասեռական, երկսեռական կամ անսեռական, իսկ իր գենդերային ինքնությամբ` ինչպես սիսգենդեր, այնպես էլ տրանսգենդեր: