homophobi-hyԻ՞նչ է հոմոֆոբիան

Հոմոֆոբիան (հունարեն` հոմիոս – նույն, ֆոբիա – վախ) երկյուղն է, վախը, ատելությունն ու զզվանքը նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող մարդկանց և նույնասեռականության նկատմամբ: Հոմոֆոբիայի հիմքում բացասական կարծրատիպերն ու նախապաշարմունքներն են: Հոմոֆոբիայի տարբեր տեսակներ կան:

Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատը ֆիզիկական զզվանք և/կամ երկյուղ է տածում նույնասեռականների կամ իր կողմից որպես նույնասեռական ընկալվող անձանց նկատմամբ, որն ինքը կառավարել չի կարողանում: Երբեմն դա կարող է ուղեկցվել կամ հասնել հալածախտի (պարանոյայի): Կլինիկական հոմոֆոբիայի նշանակալի բաղկացուցիչն իռացիոնալ վախն է: Կլինիկական հոմոֆոբիան ունի մտավոր, հուզական և ֆիզիկական հստակ ախտանիշներ: Ահա դրանցից մի քանիսը` անկառավարելի անհանգստություն կամ հուզմունք, նույնասեռականությունից խուսափելու համար ամեն ինչ անել պատրաստ լինելու զգացողություն, երբեմն` գիտակցում, որ վախերդ անհիմն են կամ ծայրահեղացված, սակայն դրանց անկառավարելիության զգացողություն:

Ինտերնալ (ներքին) հոմոֆոբիան նույնասեռական անհատի վախն է սեփական նույնասեռականության նկատմամբ: Ինտերնալ հոմոֆոբիայի դեպքում անհատը խստորեն ճնշում է սեփական սեռական ցանկությունները, ինչը պայմանավորված է իր կրքերի, ցանկությունների, ֆանտազիաների և կրոնա-կան կամ սոցիալական հավատալիքների միջև առկա կոնֆլիկտով, որի պատճառով անհատը կարող է ունենալ ներքին պայքար: Ներքին այդ պայքարը կարող է հանգեցնել կլինիկական դեպրեսիայի:

Ինստիտուցիոնալ հոմոֆոբիան որոշակի հաստատությունների կամ (հաճախ պետական կամ կրոնական) ինստիտուտների կողմից հոմոֆոբիայի կիրառումն է: Սա ներառում է նույնասեռականության քրեականացում և տուգանում, տվյալ ինստիտուտի պաշտոնյաների կամ խոսնակների կողմից ատելության կոչերի գործածում և նույնասեռական անձանց նկատմամբ հետապնդումների, բռնության և խտրականության այլ դրսևորումներ:

Հոմոֆոբիան նաև դիտարկում են քսենոֆոբիայի կամ օտարավախության լույսի ներքո, որպես դրա մի ճյուղ` նշելով, որ հոմոֆոբիան վախ է «օտարից, ուրիշից», անհատից, ով «տարբեր» է այդ վախը կամ անհանգստությունը տածողից:

Հոմոֆոբիան դիտարկվում է նաև սեքսիզմի ենթատեքստում. նույնասեռական տղամարդիկ երբեմն դիտարկվում են որպես «պատվազրկված», որովհետև «կորցրել են իրենց առնականությունը», «նմանակում են կանանց», իսկ կնոջ դիրքն ավելի ցածր է. անպատվաբեր է «հրաժարվել» առնականությունից և կնոջը «նմանակել»: Իսկ որոշ նույնասեռական կանայք էլ դիտարկվում են որպես տղամարդու դերը «զավթողներ», տղամարդուն «կեղծողներ»:

Ինչո՞ւ և ինչպե՞ս է հոմոֆոբիան տարածվում

«Ատելության առաքյալները» ուշագրավ հաղորդման շրջանակներում լրագրող Մարիանա վան Զելլերը բացահայտում է հոմոֆոբիայի տարածման միջոցներից կամ գործիքներից մեկը` կրոնի մեկնաբանությունը: Միևնույն կրոնի տարբեր մեկնաբանությունները կարող է օգտագործվել ինչպես սեր, հանդուրժողականություն, համերաշխություն, խաղաղություն ու միասնականություն, այնպես էլ ատելություն, սարսափ, վարանումներ, խառնաշփոթ, ալեկոծություններ ու անջատողականություն տարածելու համար:

Վախն ու երկյուղը հաճախ օգտագործում են այն հասարակություններում, որտեղ կա գիտելիքի և տեղեկատվության պակաս, ինչը գործում է շատ ազդեցիկ ձևով, հատկապես երբ տվյալ հասարակությունը գտնվում է տնտեսական, քաղաքական, բնական (բնական աղետների առկայություն) անկայուն վիճակում: Պատմականորեն վախն ու երկյուղն ամբոխի նկատմամբ հսկողություն սահմանելու, ինչպեսև ոչ ցանկալի հակա-ռակորդին կամ մրցակցին այս կամ այն ձևով վնասելու (անվանազրկելուց մինչև մահապատժի ենթարկելն ու նրա ունեցվածքին տիրանալը) հարմար մեթոդ է եղել:

Հիմնականում հոմոֆոբիա տարածելու գործում կիրառվում են դեհյումանիզացիայի, սեգրեգացիայի (զատման) և տեռորի (երկյուղ) մեթոդները:

Դեհյումանիզացիան անհատին կամ սոցիալական ինչ-որ խմբին անմարդկային կամ բացասական որակներով ներկայացնելու գործընթացը կամ երևույթն է, որի դեպքում մարդկանց կամ նրանց խմբերին հաճախ պիտակավորում են բացասական որակներով (օրինակ` քաղաքական գործիչները «խաբեբաներ են», նույնասեռականները «հակասոցիալական տարրեր են», եվրոպացիները «փչացած են» և այլն):

Սեգրեգացիան ինչ-որ անհատի, սոցիալական խմբի կամ երևույթի առանձնացումն է մյուսներից (օրինակ հրեաներին նացիստական Գերմանիայում թույլ չէին տալիս կողք կողքի ապրել գերմանացիների հետ: Նույն նացիստական Գերմանիայում նույն ձևով էին վարվում նաև նույնասեռականների նկատմամբ` նրանց ուղարկելով համակենտրոնացման ճամբարներ): Սեգրեգացիան կարող է գործադրվել նաև մտավոր մակարդակով` գիտության, կրոնի, երբեմն արվեստի կամ այլ միջոցներով:

Տեռորը երկյուղի տարածումն է անհատին կամ անհատների խմբին վախացնելու համար (Օրինակ` «զգուշացե՛ք նույնասեռականներից, նրանք ցանկանում են բռնաբարել ձեր զավակներին»): Հաճախ, որպեսզի դեհյումանիզացիան ու տեռորը լինեն առավել հաջողված, կիրառում են նաև հասկացության նենգափոխման մեթոդը. ինչ-որ առարկա կամ երևույթ ներկայացվում է իրականությանը չհամապատասխանող ձևով, կամ էլ հասկացությունը սխալ ձևով է մեկնաբանվում, որի նպատակը շահագրգռված կողմին խաբելն է (օրինակ` նույնասեռականությունն ու մանկապղծությունը որպես մեկ ընդհանուր երևույթ կամ նույնասեռականներին որպես մանկապիղծներ են ներկայացնում):

Ինստիտուցիոնալ հոմոֆոբիայի դեպքում հոմոսեքսուալության կամ հոմոսեքսուալների նկատմամբ ատելությունը կամ անհանդուրժողական վերաբերմունքը կարող է տարածվել այս կամ այն հաստատության, կառույցի միջոցով` հիմնավորելով դա «ազգի» կամ «երեխաների» պաշտպանությամբ, «հայրենասիրական նկրտումներով», «ավանդական արժեքների պահպանմամբ», երբեմն նույնիսկ «հանուն նույնասեռականների բարօրության» կամ «Հանուն Լավի կամ Բարու»:

Լինում են դեպքեր, երբ հանրության մեջ լայնատարած հոմոֆոբիան միայն անգրագիտության, լռության և երբեմն ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց թե՛ անհատական, թե՛ մշակութային մակարդակներում անտեսանելիության բացասական հետևանք է:

Ինչպե՞ս հաղթահարել հոմոֆոբիան

Եթե հոմոֆոբիան դիտարկում ենք քսենոֆոբիայի և սեքսիզմի համատեքստում, ապա հոմոֆոբիայի հաղթահարման գործում խիստ կարևոր է արմատախիլ անել առաջին երկուսը: Մյուս կողմից էլ, այլ սոցիալական ֆոբիաները հաղթահարելն ինքն իրենով կարող է մեծ առաջընթաց ապահովել, սակայն անպայման չէ, որ նպաստի հենց հոմոֆոբիայի վերացմանը, եթե չիրագործվեն հոմոֆոբիայի վերացմանը նպաստող միջոցառումներ:

Կլինիկական հոմոֆոբիան, ինչպես որ այլ կլինիկական ֆոբիաներն և վախերը, հասցեագրվում են մասնագետների կողմից: Օրինակ, այդպիսի մասնագետներից մեկն է Նիդերլանդներում տեղակայված Մորֆեուսի Ինստիտուտի ղեկավար Յան Հիրինգը: Կիրառում է տարբեր թերապիաներ, իրականացնում է խմբային և անհատական աշխատանք կլինիկական հոմոֆոբիան հաղթահարելու համար: Իռացիոնալ վախը (ատելությունն էլ է բխում վախից) հաղթահարելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ, հիմնականում թերապիաներ, այդ թվում` նյարդալեզվաբանական ծրագրավորման (NLP Neuro Linguistics Programming) և ժամանակացույցի թերապիաները (Time Line Therapy):

Ինտերնալ կամ ինտերնալացված հոմոֆո-բիան (որ նաև երբեմն կոչում են էգոդիստոնիկ հոմոֆոբիա) ևս մասնագետների օգնությամբ է բուժվում: Հոգեբանների Ամերիկյան Ասոցիացիան փաստագրում է, որ հաստատողական թերապիաները (affirmative psychotherapy) օգտակար են:

Լիլա Գրեյսի հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ լայնախոհությամբ դաստիարակված և նույնասեռականների հետ քիչ թե շատ շփում ունեցած անձիք հիմնականում ավելի հանդուրժող են լինում: Հետազոտության ամենակարևոր արդյունքներից էր, որ այն հաստատեց ընկերության և անձ-անձ փոխհարաբերության անհավատալի զորությունն ու արդյունավետությունը` բացասական վերաբերմունքն ու խտրականությունը հաղթահարելու գործում:

Այսպիսով, սոցիալական, կրոնական և մշակութային հոմոֆոբիայի հաղթահարման գործում շատ կարևոր է ապահովել`

  • ԼԳԲՏ անձանց տեսանելիությունը և ներկայացուցչականությունը հանրության մեջ,
  • նույնասեռականության վերաբերյալ գիտական տեղեկատվության շրջանառությունը,
  • ինչպես նաև այլ նախապաշարմունքներից ու ֆոբիաներից ձերբազատվելու գործընթացը:

Ինստիտուցիոնալ հոմոֆոբիայից պաշտպանվելու լավագույն միջոցը մեծամասամբ հակախտրական օրենսդրություն ունենալն ու այն գործածելն է:

Օգտագործվել են CTRN (Change That’s Right Now)
APA (American Psychological Association) աղբյուրները