orientation

Սեռական կողմնորոշումը սեռականության բաղադրիչներից մեկն է և բնորոշ է յուրաքանչյուր անհատին:

Սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունն, ինտիմ և սեռական հարաբերություններն են այլ անհատի նկատմամբ:

Առանձնացվում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները` տարասեռական, նույնասեռական, երկսեռական, ինչպես նաև` անսեռական (որոշ աղբյուրներ անսեռականությունը համարում են սեռական կողմնորոշման տեսակ):

Տարասեռական (հետերոսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` այլ գենդերի անձանց նկատմամբ:

Նույնասեռական (հոմոսեքսուալ` լեսբի կամ գեյ) է յուրաքանչյուր անհատ, որը խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջություն ունի, ինտիմ և սեռական հարաբերություններ` նույն գենդերի անձանց նկատմամբ: Նույնասեռական տղամարդկանց անվանում են գեյ, իսկ նույնասեռական կանանց` լեսբի:

Ի գիտություն. Նույնասեռականությունը ո´չ հիվանդություն է, ո´չ հոգեկան խանգարում, ինչը փաստում են հոգեկան առողջության առաջատար կազմակերպությունները:

1973թ. Ամերիկյան հոգեμույժական ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը հանել է «նույնասեռականությունը» Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկից (DSM-II), որով ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում առաջնորդվում են հոգեկան և վարքային խանգարումներն ախտորոշելիս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս 1990թ. մայիսի 17-ին հեռացրել է «նույնասեռականություն» ախտորոշումը Հիվանդությունների միջազգային դասակարգման (ICD-10) հոգեկան խանգարումների շարքից, որով առաջնորդվում են նաև մեր երկրի հոգեկան առողջության մասնագետները:

Երկսեռական (բիսեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավելի սեռերի նկատմամբ:

Անսեռական (ասեքսուալ) է յուրաքանչյուր անհատ, որը չունի սեռական գրավչության ցանկություն: Ասեքսուալ մարդիկ ունենում են նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ են ձևավորել ինտիմ հարաբերություններ: Ոմանք ասեքսուալությունը համարում են սեռական կողմնորոշման տեսակ:

Ի գիտություն. Եթե անհատն անսեռական է, դեռևս չի նշանակում, որ նա սեռական հարաբերություններ չի կարող ունենալ: Անսեռական անհատը ևս կարող է զուգընկեր ունենալ, ի վիճակի է երեխաներ ունենալ: Հարկ է անսեռականությունը տարանջատել ամլությունից և սեռական անկարությունից: Անսեռականությունը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջության (բոլորը միասին) բացակայությունն է, սակայն ոչ անկարությունը (իմպոտենցիա):

Կարևոր է նաև անսեռականությունը տարբերել ժուժկալությունից, որը սեռական կյանք վարելուց դիտավորյալ հրաժարվելն է: Մարդկանց մեծամասամբ ժուժկալության դրդում են որոշ կրոնական գաղափարներ կամ ուղղություններ, և հիմնականում ժուժկալության հիքմը հոգևոր-կրոնական է: Ցանկացած սեռական կողմնորոշում ունեցող անհատ կարող է ժուժկալ կենսակերպ վարել: Բնական ու կանոնավոր սեռական կյանք վարելը կամ դրանից իսպառ հրաժարվելն անհատի ընտրությունն է: Այնուամենայնիվ, հարկ է նշել` սեռական ցանկության դիտավորյալ չբավարարումը կամ կանոնավոր սեռական կյանք չվարելը երբեմն կարող է հանգեցնել մի շարք առողջական բարդությունների ու խնդիրների:

Եթե կինը սիրում է այլ գենդերի անհատի կամ անհատների (զգացմունքային գրավչություն), անհանգստանում է նրա համար կամ հետաքրքրված է նրանով (հուզական գրավչություն), սեռական ցանկություն և հակում է ունենում նրա նկատմամբ (սեռական գրավչություն), ցանկանում է և/կամ սեռական կյանք վարում նրա հետ (սեռական հարաբերություն), ցանկանում է և/կամ ավելի շատ ժամանակ է անցկացնում նրա հետ (ինտիմ հարաբերություն), ապա այդ անհատը տարասեռական է: Նույնն էլ հակառակ դեպքում: Նույն ձևով, եթե կինը կամ տղամարդը նույն բոլոր գրավչությունների ամբողջությունը, ցանկությունները և/կամ հարաբերությունները ունի նույն գենդերի (տղամարդը` տղամարդու, կինը` կնոջ) անձի նկատմամբ, ապա նա նույնասեռական է իր սեռական կողմնորոշմամբ:

Տարածված կարծրատիպ է, երբ նույնասեռական ասելով` մարդիկ մտածում են միայն սեռական գրավչության և հարաբերության մասին` մոռանալով զգացմունքային, հուզական գրավչությունների և ինտիմ հարաμերությունների մասին: Այսինքն, երբ ասում ենք նույնասեռական, պետք է հիշենք, որ խոսքը միայն սեռական կյանքի մասին չէ, և որ նույնասեռականները նույնպես ունեն զգացմունքներ, տածում են հույզեր և այլն: Սեռականության տեսանկյունից նույնասեռականների ու տարասեռականների հիմնական տարբերությունը նրանց սեռական կողմնորոշումն է, իսկ մյուս առումներով նրանք ունեն շատ ընդհանրություններ: Ե´վ արական, և´ իգական սեռի անհատների նկատմամբ բոլոր վերոնշյալ հակումներ ունեցող անձիք էլ, անկախ իրենց կենսաբանական սեռից, երկսեռական են համարվում:

Սեռական կողմնորոշումը հաճախ սխալմամբ նույնացվում է նաև սեռական վարքագծի հետ: Սովորաբար անհատի սեռական վարքագիծը համապատասխանում է նրա սեռական կողմնորոշմանը, սակայն որոշ դեպքերում այն կարող է և չհամապատասխանել: Օրինակ` նույնասեռական տղամարդը կարող է իր սեռական վարքագծով լինել ոչ թե տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդու հետ, այլ` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կնոջ հետ: Ինչպես նաև տարասեռական տղամարդը կարող է լինել տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում տղամարդկանց հետ, այլ ոչ թե` տղամարդ, որը սեռական հարաբերություն է ունենում կանանց հետ: Նույնն էլ` կանանց դեպքում: Պատճառները և շարժառիթները երկու դեպքում էլ կարող են տարբեր լինել: Այսպես, նույնասեռականը կարող է ինքն իրեն որպես տարասեռական ներկայացնել հանրությանը, այդ թվում` ցուցաբերել տարասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ այլ գենդերի անհատի կամ անհատների հետ) հոմոֆոբիայից, խտրականությունից, անհանդուրժողականությունից խուսափելու համար և այլ պատճառներով: Տարասեռականը կարող է ցուցաբերել նույնասեռականներին բնորոշ սեռական վարքագիծ (սեռական կենսակերպ նույն գենդերի անհատի կամ անհատների հետ), օրինակ, գտնվելով քրեակատարողական հիմնարկներում, մենաստաններում, բանակում և այլ տիպի փակ հաստատություններում: Որոշ տղամարդիկ երբեմն ստիպված են լինում (ոմանց պարտադրում են) ցուցաբերել ՏՍՏ սեռական վարքագիծ` կնոջ բացակայության պայմաններում սեռական կարիքներն ու բնական սեռական ցանկությունները բավարարելու համար: Քանի որ սեռական կողմնորոշումը ներառում է գրավչությունների ամբողջություն, և սեռական վարքագծի երկարաժամկետ կամ կարճաժամկետ փոփոխությունը չի փոփոխում սեռական, զգացմունքային և այլ գրավչությունները ինչպես տարասեռականների, այնպես էլ նույնասեռականների և այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց մոտ, ապա եթե ինչ-որ մեկին ստիպում են փոփոխել իր սեռական վարքագիծը, իր համար ոչ գրավիչ սեռի հետ սեռական հարաբերությունները կամ ամուսնությունը չեն փոփոխում տվյալ անձի սեռական կողմնորոշումը: Օրինակ` եթե նույնասեռականին պարտադրեն ամուսնանալ կնոջ հետ, դա դեռևս նրան տարասեռական չի դարձնում, և ոչ էլ տարասեռականին է հնարավոր նույնասեռական դարձնել:

Ի գիտություն. Սեռական կողմնորոշումը չի կառավարվում կամ ընտրվում անհատի կողմից: Սեռական վարքագիծը, ի տարբերություն սեռական կողմնորոշման, երբեմն կարող է լինել համեմատաբար փոփոխական (և´ կանանց, և´ տղամարդկանց, և´ նույնասեռականների, և´ տարասեռականների դեպքում) և համեմատաբար կառավարելի: Սա դեռևս չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է փոփոխի իր սեռական վարքագիծը: Ավելին, սեռական կյանքում անբավարարվածությունը և սեռական կողմնորոշման հետ սեռական վարքագծի անհամապատասխանությունը կարող է բացասական շատ հետևանքների ու առողջական խնդիրների հանգեցնել ինչպես տվյալ անհատի, այնպես էլ իր զուգընկերոջ կամ զուգընկերների համար: