Puberty copy

Սեռային ինքնությունը անհատի կողմից սեփական սեռի հոգեբանական զգացումն ու ընկալումն է` արական, իգական, միջին, չեզոք և այլն: Եթե կենսաբանական սեռն այն է, ինչը որոշվում է արտաքին և ներքին սեռական օրգանների և արտադրվող միավորների հիման վրա, ապա սեռային ինքնությունն այն է, ինչը մեր գլխում է.«ի՞նչ սեռի եմ ես» հարցի պատասխանն է անհատի կողմից:

Սովորաբար կենսաբանական սեռը և սեռային ինքնությունը համապատասխանում են մեկը մյուսին. իգական կենսաբանական սեռի անհատներն իրենց սովորաբար համարում են իգական սեռին պատկանող: Նույնն էլ արական սեռի անհատների դեպքում. երբ կենսաբանական սեռն արական է լինում, անհատն իրեն սովորաբար արական սեռի է համարում: Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք զգում են տարբերություն և անհամապատասխանություն իրենց կենսաբանական սեռի ու սեռային ինքնության միջև: Նման անհամապատասխանության զգացումը բնորոշ է տրանսսեքսուալ մարդկանց:

Սեռահասունացումը կյանքի ժամանակաշրջան է, երբ երեխայի մարմինն աստիճանաբար վերափոխվում է հասուն մարդու` կնոջ կամ տղամարդու մարմնի: Այն մեկ օրում տեղի չի ունենում, այլ տևում է տարիներ: Այդ տարիներին մարդու ուղեղն ազդակներ է ուղղարկում սեռական և մարմնի այլ օրգաններին: Դրանք սկսում են արտադրել հորմոններ, որոնք ձևափոխում ու ձևավորում են մարդու օրգանիզմը մինչև հասունացման ավարտը: Սեռահասունացումը սկսվում է երկրորդային սեռային հատկանիշների առաջացումով:

Արական սեռի անհատների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 11 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև ավելի շուտ` 9-10 տարեկանում կամ ավելի ուշ` 13-14 տարեկանում` կախված օրգանիզմի յուրահատկությունից: Սեռական հասունացման ընթացքում արական սեռի անհատների մոտ մեծանում են ամորձիները և առնանդամը, ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշները` մազերի առաջացում` կրծքավանդակի, թևատակերի, դեմքի, սեռական օրգանների և մարմնի այլ մասերի շրջանում, աճում և զարգանում են մարմնի ոսկրերը և մկանները, լայնանում են ուսերը և կրծքավանդակը, մաշկը կոպտանում է, ձայնը դառնում է խռպոտ և խորը: Արական սեռի անհատների սեռահասունացման ցուցանիշներից են` երազախաբությունները և էրեկցիաները: Այս տարիքում տղաները երբեմն առավոտյան կարող են արթնանալ թաց վարտիքով, որովհետև գիշերը` քնած ժամանակ որոշ քանակությամբ սերմնահեղուկ է արտադրվել: Այս երևույթն անվանում են երազախաբություն (պոլուցիա), որը կարող է ուղեկցվել սեռական բնույթի երազներով: Երազախաբությունները բնական երևույթներ են և կազմում են սեռահասունացման ընթացքի մի մասը: Էրեկցիան առնանդամի մեծացումն ու պնդացումն է, որը կարող է առաջանալ տարբեր գործոնների ազդեցությամբ` հպումներ, սեռական երևակայություն, երազներ և այլն: Դա բնական գործընթաց է և օրգանիզմի սեռահասունացման ցուցանիշ է:

Իգական սեռի անհատների սեռահասունացումը սովորաբար սկսվում է 10 տարեկանում, սակայն կարող է սկսվել նաև ավելի շուտ` 8-9 տարեկանում, կամ ավելի ուշ` 12-13 տարեկանում` կախված օրագնիզմի յուրահատկությունից: Իգական սեռի մոտ այն ավելի վաղ է սկսվում, քան արականի մոտ: Այս ընթացքում իգական սեռի անհատների մոտ ի հայտ են գալիս երկրորդային սեռային հատկանիշները. մեծանում են կրծքագեղձերը, թևատակերին, սեռական օրգանների շրջանում և մարմնի այլ հատվածներում մազեր են աճում, մարմինը սկսում է աճել և դառնալ նրբակազմ, մաշկը դառնում է նուրբ և փափուկ, ձայնը նրբանում է և դառնում ավելի բարձր: Իգական սեռի անհատների սեռահասունացման հիմնական ցուցանիշը դաշտանի սկսվելն է: Սովորաբար 12-13 տարեկանում աղջիկների մոտ սկսվում է առաջին դաշտանը, երբ յուրաքանչյուր ամիս լինում է քիչ քանակությամμ արյունահոսություն հեշտոցամուտքից: Դաշտանի սկսվելը բնական երևույթ է և խոսում է այն մասին, որ մարդու օրգանիզմը սեռահասունանում է: Դաշտանի սովորական պարբերաշրջանը (երկու դաշտանների միջև ընկած ժամանակահատվածը) տևում է 28-32 օր, սակայն կարող է լինել նաև 22-35 օր: Առաջին դաշտանից մի քանի ամիս առաջ հեշտոցից կարող են գալ հեղուկ կամ մածուցիկ անգույն արտազատուկներ, որոնք կոչվում են ֆիզիոլոգիական արտազատուկներ: Առաջին դաշտանը սովորաբար շատ թեթև է ընթանում, այսինքն` հեշտոցից կարող են գալ արյան մի քանի կաթիլներ: Որոշ աղջիկների մոտ հենց սկսվելու ամսից դաշտանը լինում է պարբերական, իսկ որոշների մոտ` ընդհատումներով: Դա բնական երևույթ է, քանի որ օրգանիզմին ժամանակ է անհրաժեշտ հարմարվելու փոփոխություններին: Դաշտանի սկսվելու նախանշաններն են` որովայնի շրջանում թեթև կծկումները, փքվածությունը, գերզգայուն կրծքագեղձերը, գլխացավերը:

Սեռահասունացման շրջանում արական և իգական սեռերի անհատների մոտ ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ կապված կարող են լինել տրամադրության փոփոխություններ, անհանգստություններ ու դժգոհություններ` մարմնի կառուցվածքի հետ կապված, ինքնաարտահայտվելու հակվածություն և այլն:

Սեռահասունացման ընթացքում մարդու մոտ սկսում է արտահայտվել սեռական ցանկությունը և սեռական հակումը, որոնք շատ բնական զգացողություններ են:

Սեռական ցանկությունը զգացողություն է, որի ժամանակ անհատը ցանկանում է ունենալ սեռական ապրումներ և մղվում է սեռական ակտիվության: Սեռական ցանկության ակտիվացման ժամանակ անհատը զգում է ներքին սեռական գրգռվածություն, առաջանում են անորոշ զգացողություններ սեռական օրգաններում և հետաքրքրություն սեռական կյանքի նկատմամբ: Սեռական հակումը հրապուրանքն է մեկ այլ մարդու մարմնի նկատմամբ, երբ ցանկություն է առաջանում մոտենալ ու հպվել նրան: Սեռական ցանկությունը և հակումը միահյուսված են և անհատի մոտ առաջացնում են ներքին լարվածության զգացում, որից ազատվելու համար անհատը մղվում է սեռական ակտիվության:

Սեռական լարվածությունից ազատվելու ճանապարհներից մեկը ձեռնաշարժությունն է (օնանիզմ, մաստուրբացիա): Ձեռնաշարժության ժամանակ մարդը հաճույք ստանալու նպատակով գրգռում է իր սեռական օրգանները ձեռքով կամ այլ առարկաներով: Սա բնական երևույթ է և բնորոշ է բոլոր տարիքի մարդկանց` սկսած մանկության տարիքից մինչև հասունություն: Սեռական լարվածությունից ազատվելու մեկ այլ ճանապարհ է սեռական ակտը կամ սեռական հարաբերությունը: