Գործի փաստերը.

  • Սույն գործը վերաբերում է «Իրավունք» թերթի կողմից դեռևս 17.05.2014թ. «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածի և դրան հաջորդող նույնաբովանդակ հոդվածների հրապարակմանը, որով թերթը «սև ցուցակում» ներառած անձանց մեղադրում է «համասեռամոլության քարոզչության» մեջ, հորդորում է ցուցաբերել զրո հանդուրժողականություն և սահմանափակել նրանց հնարավորությունները` իրենց գործունեության և այլ շրջանակներում:
  • Թերթի կողմից հրապարակման հիմքը «Եվրատեսիլ 2014»-ի` Հայաստանի կողմից ներկայացված մասնակիցներ Ինգա և Անուշ Արշակյանների հարցազրույցն էր, ինչի ընթացքում վերջիններս, արտահայտելով իրենց վերաբերմունքը փոքրամասնությունների, մասնավորապես նշյալ երգի մրցույթին Ավստրիան ներկայացնող տրանսգենդեր Կոնչիտա Վյուրսթի նկատմամբ, նշել էին «… ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները»:
  • 05.2014թ. կայացած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, դիմումատուները նշել են, որ Անուշ Արշակյանի արտահայտությունները հակասահմանադրական են, հակաիրավական և անմարդկային, պարունակում են վիրավորանք ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլ նաև հոգեկան խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ, ինչն էլ հիմք էր հանդիսացել, թերթի կողմից նման հոդվածի հրապարակմանը:
  • Դիմումատուների կողմից թերթի խմբագրական խորհդի նախագահ` «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին է ներկայացվել դիմում` վերոնշյալ տեղեկատվությունը հերքելու պահանջով` հիմնավորելով, որ թերթի վերոնշյալ հրապարակումները պարունակում են վիրավորանք, անհանդուրժողականություն, խտրականություն և ատելության խոսք, ինչին ի պատասխան թերթում տպագրվել է հոդված` «Նրանք դեռ համարձակվում են հերքում պահանջել» վերնագրով:
  • Թերթում շարունակաբար տպագրել են նաև նույնաբովանդակ այլ հոդվածներ՝ <<սև ցուցակում>> ընդգրկված անձանց վերաբերյալ առանձին-առանձին:
  • 06.2014թ. «սև ցուցակում» ընդգրկված 60 անձանցից 16-ը ներկայացրել են դատական հայց Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի և թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի դեմ` վերջիններից պահանջելով հրապարակային ներողություն և 5 միլիոն ՀՀ դրամի չափով փոխհատուցում` իրենց արժանապատվությանն ու բարի համբավին պատճառված վնասի դիմաց:
  • Գործի ողջ քննության ընթացքում թերթի կողմից շարունակվել է վիրավորանք և ատելության խոսք սերմանող հոդվածների հրապարակումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր հերթին մասնակցություն է ունեցել դատական նիստերին, իսկ գործի քննության ընթացքում վերջինս, ինչպես նաև «Իրավունք» թերթը և դրա խմբագրական կազմը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից արժանացել են Մովսես Խորենացու մեդալի և այլ պարգևատրումների:
  • Առաջին ատյանի դատարանը իր` 30.10.2014թ. վճռով ամբողջությամբ մերժել է հայցը:
  • 11.2014թ. վերոնշյալ վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Գործի` վերաքննության ընթացքում նույնպես դիմումատուների նկատմամբ թերթի կողմից հետապնդումները շարունակվել են` կապված ոչ միայն իրենց աշխատանքային այլ նաև անձնական գործունեության հետ:
  • Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, ինչի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք:
  • 04.2015թ. վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել դիմումատուների կողմից ներկայացված բողոքը:
  • Ներկայացվել է դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Գործի ռազմավարական նշանակությունը.

Առանձին գործերով ՀՀ ներպետական ատյաններ և այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցադիմումներ, բողոքներ, գանգատներ ներկայացնելով «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն  նպատակ ունի այդ դեպքերով անցկացված դատավարությունների արդյունքում առաջ քաշել իրավական թերի կարգավորումները և իրավական բացերը, իրավակիրառ պրակտիկայում առկա այլ խնդիրները և փորձել դրանց լուծումներ գտնել` միջազգային ատյանների դիրքորոշումների միջոցով, ինչպես նաև նպաստել հանրային իրազեկվածության բարձրացմանը:

Ռազմավարական դատավարությունների նպատակը ոչ միայն կոնկրետ անձի շահերի պաշտպանության նպատակով դատարան բողոքների ներկայացումն է, այլ նաև դրանց միջոցով սոցիալական արդարության և ապահով միջավայրի ստեղծումը հասարակության այն խմբերի համար, ովքեր ունեն կամ կարող են ունենալ նմանատիպ խնդիր:

Դատական նախադեպերի ձևավորման արդյունքում հնարավոր կլինի հասնել փոփոխությունների ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, քաղաքական ոլորտներում:

Մինասյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործով ռազմավարական նշանակություն ունի այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում խտրականության և որպես դրա առավել խիստ դրսևորում՝ ատելության խոսքի հետ կապված հիմնահարցերը, ինչը դատարանը քննության առարկա չի դարձրել: Բացի այդ, հատկանշական և կարևոր է նաև փաստը, որ դիմումատուների մեծ մասը հանդիսանում են ՀՀ-ում իրավապաշտպան գործունեություն ծավալող, ներառյալ ԼԳԲՏ ակտիվիստներ, ինչը ներպետական դատարանների կողմից նույնպես հաշվի չի առնվել՝ որպես հանրային հատուկ նշանակություն ունեցող գործունեություն իրականացնող, առավել խոցելի, հետևաբար և առավել բարձր պաշտպանությամբ օժտված անձինք:

Այսինքն, արդյունավետ իրավական կարգավորումների բացակայության հետևանքով իրավախախտները կարողացել են շրջանցել իրավախախտման էությունը և համապատասխան քաղաքացիաիրավական, ինչպես նաև քրեական պատասխանատվությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի իրավական հիմքերը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած գանգատում դիմումատուները վիճարկում են  պետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ճանաչված անմարդկային և/կամ արժանապատվոթյունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի (հոդված 3), արդար դատաքննության իրավունքի (հոդված 6), մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի (հոդված 8), խտրականությունից զերծ մնալու իրավունքի և այդ կապակցությամբ դատարանի մատչելիության իրավունքի (հոդված 13 և 14), իրավունքների չարաշահման արգելքի իրավունքի (հոդված 17)  խախտումները, մասնավորապես դիմումատուների նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանանալը, միջամտությունը նրանց մասնավոր կյանքին` պայմանավորված անձանց ենթադրյալ սեռական կողմնորոշմամբ կան գենդերային ինքնությամբ և/կամ ԼԳԲՏ անձանց հետ ասոցացմամբ, ինչպես նաև նման դեպքերում արդյունավետ իրավական պաշտպանության մեխանիզմների բացակայությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը կլրացվի: